Կարծիք

14.08.2016 08:00


Սերժ Սարգսյանը որոշել է գերազանցել Ալիևի բոլոր բացասական «նվաճումները»

Սերժ Սարգսյանը որոշել է գերազանցել Ալիևի բոլոր բացասական «նվաճումները»

Երևի գիտակցելով, որ մեր երկրի համար այլևս որևէ լավ բան անել չի կարող, Սերժ Սարգսյանը որոշել է գերազանցել Ալիևի բոլոր բացասական «նվաճումները»։ Եվ քանի որ հայաթափության ծրագիրը բնականոն հունով իրականացվում է, Հայաստանում ապրելու անտանելի պայմանները գնալով միայն ավելանում են, նա որոշել է «զբաղվել» քաղբանտարկյալներով։

Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերը, ոստիկանության կողմից կիրառված բռնությունները, ցույց են տալիս, որ խոսք չի կարող լինել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Մարդու իրավունքների պաշտպանության իմմիտացիան պահպանվում է, քանի դեռ այն վտանգ չի ներկայացնում Սերժ Սարգսյանի իշխանության համար։ Երբ նա վտանգ է զգում, մոռանում է օրենք, Սահմանադրություն, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերը և ոստիկանական բանակը՝ Երանոսյան եղբայրների հրամանատարությամբ հանում ժողովրդի դեմ։

Հիմա էլ ունենք մի իրավիճակ, երբ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիները հայտնվել են ճաղերի հետևում՝ հայտնվել են ոչ թե օրենքով, այլ Սերժ Սարգսյանի քմահաճույքով։ Չգիտես ինչի, երբ ոստիկանները ծեծի են ենթարկում քաղաքացիներին ու լրագրողներին, Սերժ Սարգսյանը հորդորում է մոռանալ դրա մասին, բայց երբ քաղաքացիները ինքնապաշտպանվում են ոստիկանների սանձարձակ գործողություններից, նրանք պատասխանատվության են ենթարկվում «օրենքի ամբողջ խստությամբ»։

Այս անարդարությունը երկար շարունակվել չի կարող․ սա կյանքն է ցույց տալիս, և Սերժ Սարգսյանն այստեղ այլևս քիչ անելիք ունի։ Իր այս գործողությունները նոր բռնությունների պատճառ են դառնալու։ Այսպես եթե շարունակվի, հասարակության մեջ հայտնվելու են նոր «Սասնա ծռեր», որոնք, շատ հնարավոր է, չունենան Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և մնացածի գիտակցությունը և զենքը մինչև վերջ վայր չդնեն՝ ինչը կբերի անկանխատեսելի ու ողբերգական հետևանքների։ Մարդու իրավունքների պաշտպանությունը առևտրի առարկա չէ՝ դա այլևս բացարձակ արժեք է, որի ոտնահարումը կյանքից զրկելուն հավասար բան է։ Լավ կլինի այս իշխանությունները հնարավորինս շուտ կարողանան դա գիտակցել։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը