Կարծիք

18.08.2016 13:30


Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հարցը թողել է Ալիևի քմահաճույքին

Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հարցը թողել է Ալիևի քմահաճույքին

Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հարցը թողել է Ալիևի քմահաճույքին: Կարդում եմ Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցը և սարսափում. գեներալը ներկայացնում է այսօրվա իշխանությունների մոտ պետական մտածողության իսպառ բացակայությունը: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանն այնքան է թուլացրել Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, որ այսօր այլևս ոչինչ չի կարողանում հակադարձել Ալիևին, և հույսը դրել է նրա բարի կամքի վրա: Չնայած, ի՛նչ հույս. այնպիսի տպավորություն է, որ նրան բացարձակ չի հետաքրքրում, թե Ղարաբաղի հետ ինչ կլինի: Ղարաբաղյան ազատամարտն այս մարդու համար պարզապես միջոց էր՝ հարստանալու, բարձր դիրք վերցնելու համար, ինչին նա արդեն հասել է. Ղարաբաղն էլ իր համար «անպիտան, չմշակվող տարածք է», որ գլխացավանքից բացի՝ ոչինչ չի բերում:

«2008–ից հետո հայկական կողմը Ղարաբաղի հարցում 3 կետով շատ լուրջ զիջումների է գնացել՝ 1. Լաչինի շրջանը դարձել է Լաչինի միջանցք կամ կածան և հիմա դրա շուրջ են կռիվ տալիս, 2. համաձայնել են ադրբեջանցի տեղահանվածների վերադարձին Շուշի և Լաչին, 3. ԼՂՀ կարգավիճակը վերջնական հանրաքվեով կամ պլեբսիցիտով որոշելու հարցը թողնված է անորոշ ապագային ու դրա փոխարեն ուզում են միջանկյալ կարգավիճակի հարց լուծել», - սա մեջբերում է գեներալի հարցազրույցից, որն ապացուցում է ասվածի ճշմարտացիությունը:

Այսօր իշխանությունները, փորձելով գցել իրենց վրայից ստեղծված խայտառակ իրավիճակի պատասխանատվությունը, հայտարարում են, թե գործում են հայտնի «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում, որոնք ընդունվել էին 2008-ից առաջ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս մարդկանց անհեռատեսությունն ու քաղաքական անգրագիտությունը: Մադրիդյան սկզբունքներն ընդունվել էին որպես բանակցային գործընթացի առարկա, որոնց յուրաքանչյուր կետի հետ պետք էր վիճել, վերաձևակերպել և հասնել ցանկալի արդյունքի: Դրանք նույնքան ձեռնտու չէին Ադրբեջանին, որքան նաև Հայաստանին: Սակայն Ալիևը կարողացավ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, մաքսիմալ արդյունք քաղել այդ փաստաթղթից՝ ժամանակ ձգելով հասցրեց և դեռ շարունակում է զինվել, Սերժ Սարգսյանից էլ կորզեց հնարավոր բոլոր զիջումները, հիմա էլ անհնարինն է պահանջում: Եվ, ի զարմանս բոլորիս, Սերժ Սարգսյանը դա էլ է պատրաստ տալ Ալիևին:

Անմեղ զոհերի գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանը այս 8 տարիների ընթացքում բացարձակապես ոչինչ չկարողացավ անել, որ Հայաստանն ուժեղանա, կարողանա վստահորեն իր պահանջները ներկայացնի հակառակորդին և միջազգային հանրությանը: Դեռ ավելին՝ այդ պահանջներն էլ չկարողացավ հստակ ձևակերպել՝ Հայաստանը վերածելով միջազգային հարաբերությունների օբյեկտի՝ սակարկության առարկայի: Նա երկիրը հասցրեց ծայրահեղ աղքատության և հեղինակազրկեց մեր պետությունը:

Սա օրհասական՝ կյանքի ու մահվան խնդիր է, որի մասին բոլորս գիտենք, բայց դեռևս ոչ բոլորս ենք գիտակցում: Այնինչ ժամանակը սպառվում է, եթե արդեն չի սպառվել: Սերժ Սարգսյանի իշխանությունն իրական սպառնալիք է հայկական երկու պետությունների, հայ ժողովրդի համար, և մենք պետք է արթնանանք... Հակառակ դեպքում մեզ կարթնացնեն ադրբեջանական տանկերն ու հրետանին: Սա պետք է կանխել: Սերժ Սարգսյանը ոչ միայն չի կարողանում դա անել, այլ նաև խանգարում է այն մարդկանց, ովքեր կարող են: Սրան պետք է օր առաջ վերջ դրվի...վաղն արդեն ուշ է լինելու:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը