Լրահոս

24.08.2016 17:35


Իրավապաշտպաններ. «Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ամբողջությամբ բացահայտված չէ» (տեսանյութ)

Իրավապաշտպաններ. «Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ամբողջությամբ բացահայտված չէ» (տեսանյութ)

«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն ամբողջությամբ բացահայտված չէ». այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նման տեսակետ հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7–հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, որի համաձայն՝ Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

«Միայն մեկ Պերմյակովի պատժի ենթարկելով` չեմ համարում, որ սպանությունը բացահայտված է, և վտանգը, որ ռուսական ռազմաբազայից կարող են նման ոտնձգություններ լինել ՀՀ քաղաքացիների կյանքի, առողջության նկատմամբ, կա»,-ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանի գնահատամամբ՝ Ավետիսյանների սպանության փաստով քննությունը իրականացվել է կոպիտ խախտումներով, և ՀՀ քննչական մարմինը հնարավորություն չի ունեցել լիարժեք իրականացնել քննությունը: Նրա խոսքերով՝ դա խոչընդոտվել է Ռուսաստանի Դաշնության քննչական մարմնի կողմից՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործի հարուցմամբ:

«Անդրադառնանք ռուս-հայկական պայմանագրի դրույթներին, որ եթե ռուսական ռազմաբազայի ծառայողը հանցագործություն է կատարում ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս, ապա այդ փաստով պետք է քրեական գործ հարուցի ՀՀ քննչական մարմինը: Սա խոչընդոտող գործոն է, որովհետև քննչական այն գործողությունները, որոնք իրականացվել են ՌԴ քննչական մարմնի կողմից, նրանցում Ավետիսյանների իրավահաջորդները ներգրավված չեն եղել, բացի այդ քննչական փորձարարությունը, որը գրված էր, որ պետք է կատարվեր Ավետիսյանների տանը, չի կատարվել, կատարվել է մակետի վրա»,-ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանը նշեց ևս մեկ հանգամանք, ըստ որի` ՌԴ-ից քրեական գործը հանձնվում է ընդամենը մի գրությամբ, սակայն ՀՀ օրենսդրության համաձայն՝ չկա որևէ նորմ, համաձայն որի` երկու երկրների կողմից նույն փաստի վերաբերյալ քրեական գործերը միացվեն իրար. «Այդ տեսակետից կասկածելի է դառնում ամբողջ ապացուցողական մասը»:

Սաքունցը նշեց նաև, որ այդպես էլ հայտնի չի դարձել, թե Պերմյակովն ինչպես է հայտնվել Ավետիսյանների տանը, նաև հայտնի չի, թե ինչպես է նա Ավետիսյանների տնից հայտնվել Բայանդուրի սահմանակետի մոտ:

«Դատարանը ջանքեր չգործադրեց գործով կարեւոր վկաներին դատարան բերման ենթարկելու համար, եւ ռուսական ռազմաբազայի հրամանատարության պատասխանատվության հարցին ընդհանրապես չանդրադարձան: Ոստիկանությունն էլ առանձնապես ջանքեր չի գործադրել մասնավորապես Պերմյակովին հայտնաբերելուց հետո վերադարձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության հսկողության ներքո: Ավելին՝ դատարանը հանձնվեց ռուսական ռազմաբազայի հսկողությանը»,-հավելեց Սաքունցը:

Նա նաև հիմնավոր չի համարում Պերմյակովի` Ավետիսյանների տանը հայտնվելու շարժառիթը և պնդում է, որ սպանության շարժառիթը բացահայտված չէ. «Նախաքննության մարմնի կողմից ձևակերպվել է, որ 6000 դրամի համար մտել է տուն, Թուրքիայով Ռուսաստան գնալու համար: Հիմնավոր չէ, դրամը Թուրքիայում ի՞նչ էր անելու»:

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ ակնհայտ էր, որ Վալերի Պերմյակովը պետք է մեղավոր ճանաչվեր:

«Ես կարծում եմ, որ դատավարության հիմնական նպատակը պետք է լիներ, որ հետագայում նման հանցագործությունները բացառվեին: Մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնության զինվորների կողմից բազմաթիվ հանցագործություններ են կատարվել, այդ թվում՝ ծանր, սպանություններ նաեւ: Դա պատահական չէ, որովհետեւ հատկապես այս գործի քննության ընթացքում էլ պարզ դարձավ, թե ինչպես են ընտրվում զինվորները, որոնք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն: Հայաստանն աքսորավայր է ռուս զինվորների համար: Հայաստանի Հանրապետություն տեղափոխվում են այն զինվորականները, որոնք խնդիրներ են ունեցել Ռուսաստանի Դաշնությունում՝ դասալքություններ, տարբեր տիպի հանցագործություններ, որոնք ամենավատ զինվորականներն են եղել, այդ կապակցությամբ էլ իրենք տեղափոխվում են ՀՀ: Պերմյակովը, որն ուներ առողջական շատ լուրջ խնդիրներ, որն 8 անգամ դասալքություն էր կատարել, բազմիցս տարբեր հոգեբուժական բաժանմունքներում բուժում էր ստացել, եւ Ռուսաստանի Դաշնությունում նրան արգելվել էր զենք կրել: Չգիտես՝ ինչու, տեղափոխվել էր ՀՀ, եւ նրան տրամադրվել էր զենք: Նրան արգելվել էր զենք կրել այն իմաստով, որ բժիշկը գտել էր, որ նրա համար մարդկային կյանքը որեւէ արժեք չունի»,-ասաց Սահակյանը:

Ըստ նրա՝ գործով դատավորը շատ զգուշավոր էր Ռուսաստանի դեմ կայացնելիք իր որոշումներում, եւ անդրադարձ չի կատարել այն հանգամանքին, թե ինչու պատասխանատվության չենթարկվեցին այն ռուս պաշտոնյաները, որոնք Պերմյակովին զորակոչել էին բանակ եւ զենք էին տրամադրել նրան:

«Իհա՛րկե, Հայաստանի Հանրապետության դատարանը չէր կարող նրանց դատել, դա պետք է Ռուսաստանի Դաշնությունն աներ, որը չէր արել եւ կարճել է այս գործերը: Սակայն, Հայաստանի Հանրապետության դատարանը պետք է փաստեր այն ծնող պատճառները, որոնց թվում նաեւ դա էր, որի արդյունքում նման հանցագործությունը հնարավոր դարձավ»,-հավելեց Սահակյանը:

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արտավազդ Կիվիրյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ խնդիրը ոչ միայն Պերմյակովի նկատմամբ ինչ-որ տեսակ պատժատեսակ սահմանելն էր, այլ նաեւ բոլոր այն մարդկանց բացահայտելը, որոնց գործունեության կամ անգործության պատճառով տեղի ունեցավ նման հանցագործություն:

Նա նշեց, որ իրենք քաղաքացիական հայց են ներկայացրել դատարան, որը դատարանը վարույթ է ընդունել եւ որպես քաղաքացիական հայցվոր ճանաչել է տուժողների իրավահաջորդներին, իսկ պատասխանող՝ Ռուսաստանի Դաշնությանը:

«Դատարանը հետաձգեց դատական նիստը 1 ամիս ժամկետով, որպեսզի թարգմանի եւ ուղարկի Ռուսաստանի Դաշնություն, որ Ռուսաստանի Դաշնությունը դիրքորոշում արտահայտի: Սակայն, 1 ամիս հետո դատական նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այդ հայցադիմումը հրաժարվում է վարույթ ընդունել: Այստեղ միայն հարցն այն չէ, որ ինքը Ռուսաստանի Դաշնության դեմ չի ուզում քննել գործ, այո՛, այդ փաստը կա, բայց ինչո՞ւ: Որովհետեւ քաղաքացիական հայցի հենց փաստական հիմքում դրվել էին այդ հանգամանքները, որ տեղի են ունեցել դասալքության դեպքեր, ռուսական կողմի մեղավորության փաստական հանգամանքները հիմնավորող փաստեր են դրվել, եւ եթե քաղաքացիական հայցն ընդունվում է վարույթ, դատարանը ստիպված էր անդրադառնալ այդ հանգամանքներին. այդ փաստերին պարտավոր էր գնահատական տալ»,- ասաց Կիվիրյանը:

Նա ընդգծեց, որ իրենք դժգոհ են դատարանի գործելաոճից, որ դատարանը չունեցավ այն կամքը եւ չցանկացավ Ռուսաստանի Դաշնության դեմ քննարկել այդ հարցը: Այդ որոշումը բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման: Ներկայացվել է նաեւ վճռաբեկ բողոք:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը