Կարծիք

29.08.2016 14:51


Որքա՞ն խորն է գյումրեցու արժանապատվությունը

Որքա՞ն խորն է գյումրեցու արժանապատվությունը

Գյումրին, գյումրեցին վերջին տարիներին մի քանի անգամ ապացուցել է, որ գյումրեցու լեգենդար «թասիբը» դեռ կենդանի է, դեռ չի ոչնչացել, եւ որ գյումրեցու արժանապատվությունը դեռ կանգուն է:

Սահմանադրական հանրաքվեի, նախագահական եւ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ գյումրեցին հակառակ իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին եւ հնարքներին, պատվով դուրս եկավ այդ փորձություններից: Եւ պատահական չէ, որ հենց Գյումրիում իշխանությունները հրաժարվեցին ՀՀԿ անունով մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նախընտրելով ոչինչ չասող եւ միաժամանակ շատ խոսուն «Բալասանյան դաշինք» անվանումը:

Գյումրեցին արդեն իսկ իշխանություններին հասկացրել է, որ նրանք իրենց քաղաքում հաղթելու ոչ մի հնարավորություն չունեն: Եւ հենց արժանապատիվ գյումրեցին ստիպեց, որ առաջին անգամ իր պատմության մեջ իշխանությունները խուսափեն ընտրություններին ներկայանալ իրենց անունով:

Հիմա գյումրեցին պետք է ամրագրի իր հաղթանակը: Գյումրեցին պետք է առաջին հերթին ինքն իրեն ապացուցի, որ իզուր չէ, որ իրենց քաղաքը անվանում են «թասիբով մարդկանց քաղաք»:

Նախագահական ընտրություններից, սահմանադրական հանրաքվեից հետո իր սուրը փառքով պատյանում դրած գյումրեցին ավագանու կամ քաղաքապետի ընտրությունների ժամանակ պետք է կարողանա ամրագրել իր հաղթանակը:

Դրա համար ընդամենը պետք է համախմբվել հանուն Գյումրիի, եւ իշխանություններին շատ պարզ հասկացնել, որ Գյումրին չի կարող դրածո կամ խամաճիկ քաղաքապետ ունենալ: Գյումրեցիներն իրենց քվեով պետք է որոշեն, թե ով է գլխավորելու քաղաքը:

Իսկ ինչ է պետք անել հաղթանակն ամրագրելու համար: Ընդամենը պետք է.

ա) անպայման մասնակցել ընտրություններին

բ) հրաժարվել ընտրակաշառքից եւ միաժամանակ բռնել ընտրակաշառք բաժանողների ձեռքը

գ) ոչ մի դեպքում չքվեարկել իշխանությունների դաշինքներին եւ կուսակցություններին եւ առաջին հերթին «Բալասանյան դաշինքին», անկախ նրանից, թե նրանց ցուցակում ձեր հարեւաններից կամ ազգականներից կան, թե ոչ:

Իհարկե, որպես «Համախմբան» ներկայացուցիչ կցանկանայի որ քվեարկեք «Համախմբում» կուսակցության օգտին, եւ եթե քվեարկեք հաստատ դրանից Գյումրին միայն կշահի, բայց որպես մինիմում քայլ ամենակարեւորն է, որ ոչ մի գյումրեցի, անկախ նրանից, թե որտեղ է աշխատում, չքվեարկի իշխանական դաշինքների եւ կուսակցությունների օգտին:

Մենք պետք է հասկանանք, որ մեր արժանապատվությունը, մեր եւ մեր երեխաների ապագան ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան հարեւանի կամ ազգականի այս կամ այն ցուցակում լինելը:

Այն գյումրեցին, որը հաղթեց սահմանադրական հանրաքվեի ժամանակ, նախագահական ընտրությունների ժամանակ, այն գյումրեցին, որը ստիպեց Ավետիսյանների ընտանիքին ոչնչացրած տականքին դատել Հայաստանում, ի վիճակի է ինքնուրույն ընտրել իր քաղաքապետին եւ օրինակ ծառայել բոլոր հայաստանցիներին:

Թուրքիայի սահմանին կանգնած Գյումրին պետք է լինի հզոր եւ արժանապատիվ մարդկանց քաղաք:

Գեղամ Նազարյան
Քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը