Խմբագրական

10.02.2011 19:11


Ո՞ր տարբերակով կհեռանա Սերժ Սարգսյանը

Ո՞ր տարբերակով կհեռանա Սերժ Սարգսյանը

Հայաստանի քաղաքական և տնտեսական ներկա գործընթացները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, պատերազմ է հայտարարել բիզնեսին՝ սկսած փոքրից, վերջացրած խոշորով։

Մարտի 1-ի միջոցով նախագահ դարձածի նպատակն առաջին իսկ օրվանից երկրի ֆինանսատնտեսական բոլոր հոսքերն իր ձեռքում կենտրոնացնելն է եղել, ինչը հանրությանը դեմագոգիկ կերպով մատուցվում էր (է) որպես ստվերային տնտեսության ու անհանդուրժելի երևույթների դեմ պայքար։ Եվ քանի որ խոշոր բիզնեսը որոշակի ռեսուրսներ ունի և իր մաշկի վրա է անմիջապես զգում Հայաստանի թուրքմենբաշիացման կամ ալիևացման  քաղաքականության՝ Սարգսյանի ծրագրերի ազդեցությունը, ուստի Բաղրամյան 26-ի համար այդքան էլ հեշտ չի լինի իր նեոբոլշևիկյան ծրագրերը կյանքի կոչել, եթե, իհարկե, հնարավոր լինի դրանք իրականացնել ընդհանրապես։ Ահա այս ամենն է պատճառը, որ հակասություններ են առաջացել մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում, իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ գործող նախագահի, վերջինիս նեղ շրջապատի՝  մի կողմից  ու ԲՀԿ-ի միջև՝ մյուս կողմից։

Ինչ վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին, ապա այդ շերտը վաղուց իշխանական ճնշումների տակ է և հարմար առիթ է ման գալիս վարչախմբին տապալելու համար։

Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը վերջնականապես ձախողվել է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական ասպարեզներում, ու սրա ելքը ՀՀ-ում համակարգային փոփոխություններն են, ինչը ենթադրում է նաև իշխանափոխություն։ Սարգսյանը, բնականաբար, դիմադրելու է այս ամենին, բայց նրա ագրեսիվ պահվածքը ցույց է տալիս, որ գործ ունենք թույլ բռնապետի հետ, ով, թաքնվելով սրա-նրա հետևում, փորձում է վերջնագրեր ու պահանջներ ներկայացնել իր «գործընկերներին» ու հանրությանը։

 Սարգսյանն այժմ չի էլ թաքցնում, որ գնում է «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ճանապարհով և այդ շրջանակներում փորձելու է վերարտադրվել։ ՀՀ քաղաքացիներիս պատասխանն այս ամենին պետք է լինի համազգային  կոնսոլիդացիան, համակարգային փոփոխությունների պահանջն ու իշխանափոխությունը։ Այլընտրանք չկա։ Մենք չենք կարող թույլ տալ այս խայտառակ քաղաքականության շարունակելիությունը։ Իսկ թե ո՞ր ճանապարհով հնարավոր կլինի հասնել վերը նշված խնդիրների իրագործմանը՝ պարզ կդառնա մոտ օրերս։ Ինչ-ինչ գործոններ հաշվի առնելով՝ մեզանում չի բացառվում եգիպտական սցենարի կրկնությունը։  

Տեսե՛ք. Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն ավելի քան երեսուն տարի հետևողականորեն ձևավորում էր այդ տխրահռչակ «մեկ օլիգարխի տնտեսությունը» և մտածում էր, թե կարողանալու է այն հավերժացնել ու դարձնել փոխանցովի, սակայն ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, եգիպտացի ժողովրդի համբերության բաժակը լցվեց, և հիմա Մուբարաքն ընդամենը փորձում է իր հետևից մաքրել տնտեսաքաղաքական հետքերը ու ժամանակ ձգելով գլուխը պրծացնել։ Կկարողանա, թե ոչ՝ մոտ օրերս պարզ կդառնա։ Ամեն դեպքում, նա ստիպված էր ժողովրդին խոստանալ, որ ամենաուշը սեպտեմբերին կհեռանա, բայց եգիպտացիները հաղթանակի համն առել են ու դժվար թե թույլ տան Մուբարաքին մինչև սեպտեմբեր  քարշ տալ իր աթոռը։

Մեր պարագայում դժվար է ասել՝ եգիպտական սցենարի կրկնության դեպքում Սերժ Սարգսյանը կկարողանա՞ պաշտոնավարել մինչև 2013թ և կհասցնի՞ արդյոք իրերը հավաքել, թե՞ Չաուշեսկուի տարբերակը կգործի։

Որոշակի հանգամանքներ հաշվի առնելով՝ եգիպտական սցենարի կրկնությունը Հայաստանում այնքան էլ ցանկալի չէ, քանի որ ունենք Ղարաբաղի խնդիր ու չի կարելի բախումներ թույլ տալ, բայց այդ ամենը կանխելու համար Սերժ Սարգսյանը պետք է երկրում մրցակցային ընտրապայքար անցկացնելու երաշխիքներ ստեղծելու և իշխանության անցնցում հանձնումն ապահովելու ուղղությամբ քայլեր կատարի։ Այլապես եգիպտական սցենարից խուսափել հնարավոր չի լինի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Ժամանա՛կը ցույց կտա, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Տարբեր պետությունների  բռնատիրական վարչակարգերի պարագլուխների վարքագծի  ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք իրավիճակին հաճախ համարժեք գնահատական չեն տալիս ու հետագայում ծանր կացության մեջ են հայտնվում։ Ճիշտ կգնահատի՞ արդյոք Սարգսյանը ստեղծված իրավիճակը, թե՞ կգնա իր տիպի մարդկանց ուղիով՝ արդեն երկրորդական հարց է։ Գլխավորն այն է, որ մեր հասարակությունը գնա ազգային-դեմոկրատական կամ որ նույնն է՝ բուրժուա-դեմոկրատական փոփոխությունների, իսկ թե այդ ընթացքում ինչ ճակատագրի կարժանանա Սերժ Սարգսյանը, անկեղծ ասած, ինձ այնքան էլ չի հետաքրքրում։ Սարգսյանի ճակատագիրն արդեն սոսկ պատմագրությանը հետաքրքրող հարց է։  Ո՛չ ավելին։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Ի դեպ, բիզնեսի դեմ պատերազմում ու Սերժ Սարգսյանի թուրքմենբաշիացմանն աջակցելու գործում ներգրավված են նաև ՀՀ առաջին նախագահի շրջապատը ներկայացնող մի շարք դեմքեր՝ «միաբաններ» ու նաև դաշնակցական որոշ գործիչներ։ Բաղրամյան 26–ի դուդուկի տակ են պարում նաև լևոնական կոչված մամուլի  որոշ միջոցներ և «ազատի» համարում ունեցող կայքեր, որոնք նոր են բացվել կամ էլ գործում են դեռևս Արթուր Բաղդասարյանի ԱԺ նախագահ եղած ժամանակներից, բայց դա այլ խոսակցության թեմա է և առավելապես առնչվում է քաղաքական ժողգործիքների տեսությանը։

Մեկ բան ուղղակի հարկ եմ համարում նշել. գալու է նաև ա՛յս հարցերը «ռազբորկա» անելու և հանրությանը ներկայացնելու ժամանակը։ Հետո չասեք, թե բա մենք չենք իմացել ու մեզ չեն զգուշացրել։

Այս խորագրի վերջին նյութերը