Քաղաքական

30.08.2016 10:47


Արցախի Օմբուդսմենի հայտարարությունը Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու քրգործի կապակցությամբ

Արցախի Օմբուդսմենի հայտարարությունը  Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու քրգործի կապակցությամբ

2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտում ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստը հասկանալիորեն ստացել է հանրային լայն արձագանք, իսկ փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը դարձել է հանրային ուշադրության առարկա։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բռնության գործադրման օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է բռնարարքը, ինչպես նաև ընդգծել է քննության արդյունքների մասին հանրությանը պատշաճորեն իրազեկելու անհրաժեշտությունը: Նույն հայտարարությամբ օմբուդսմենը նաև հանձնառություն է ստանձնել հետևելու փաստի վերաբերյալ քննության ընթացքին:
Գործով նախաքննության ընթացքում օմբուդսմենի աշխատակազմն առանձին վարութային հարցերի շուրջ դիմումներ է ստացել տուժողի ներկայացուցչից և մեղադրյալների պաշտպանից, որոնք որոշմամբ ընդունվել են քննարկման:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննության հատկապես սկզբնական փուլում հանրությանն իրազեկելու գործառույթը հիմնականում իրականացվել է պատշաճ մակարդակով, մասնավորապես` պարբերաբար հաղորդագրություններ են տրվել` հայտնելով արարքի սկզբնական որակումը (առևանգում), բացահայտելով կատարվող դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակը, այնուհետև` տեղեկացնելով ենթադրաբար հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավարական հարկադրանքի միջոցներ (ձերբակալում, կալանավորում) կիրառելու մասին:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է նաև, որ ներկայում հանրային ուշադրության առարկա է դարձել, մասնավորապես, մեղադրյալների արարքները առևանգումից (ծանր հանցագործություն) խուլիգանության (միջին ծանրության հանցագործություն) վերաորակելու փաստը: Իսկ նշված որոշման դեմ տուժողի ներկայացուցչի բողոքը դատախազական հսկողություն իրականացնող մարմնի կողմից մերժվել է: Հանրային ուշադրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ առկա է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը մեղադրյալների նկատմամբ կիրառելու հնարավորություն:
Վերոգրյալը հաշվի առնելով` մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը պարզաբանի վերաորակման փաստական և իրավական հիմնավորումը: Ընդ որում, ցանկալի է, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար:
Իրավական գործընթացի հանգուցալուծումից հետո մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը