Մեկնաբանություն

31.08.2016 00:05


Գյումրեցին այդպիսին երբե՛ք չի եղել

Գյումրեցին այդպիսին երբե՛ք չի եղել

Գյումրի էի գնացել և բավական մռայլ տպավորություններով վերադարձա: Դեմք ու դիմագիծ ունեցող այդ քաղաքը, ցավալիորեն, կորցրել է հմայքը, երբեմնի աշխույժ կենսակերպից հետք չի մնացել: Ասես, հայտնվել էի գյումրեցիների բնորոշմամբ՝ 90-ականների «վերվարած քաղաքում»:

Եթե մինչև 2008-ը Գյումրիում դրական տեղաշարժերը զգալի ու նկատելի էին, ապա հիմա այնտեղ ամեն ինչ, թվում է, կանգ է առել... Նույնիսկ ամայություն է:

Փողոցներում և խանութներում հատուկենտ մարդկանց տեսա: Եթե ամառ օրով հանրապետության երկրորդ քաղաքում այդքան քիչ մարդ ես տեսնում (այն էլ հուսահատ, նյարդային դեմքեր), ապա հարց է առաջանում՝ այս ո՞ւր կորան գյումրեցիները: Միտքս կարդալով՝ կողքիս կանգնած մարդն ասաց. «Էս վերջի տարիներին արտագաղթը շատցել է, տնով-տեղով, յորղան-դոշակ առած՝ լցվին գը ավտոբուսներն ու կերթան... Դուրս հելնողներին թիվ ու հաշիվ չկա, քուր ջան...»։

Քաղաքի կենտրոնական հատվածում՝ էլի ոչինչ, բայց այդ հատվածից դուրս ճանապարհների վիճակն ահավոր է: Ծայրամասային փողոցները ասֆալտապատված չեն, քարուքանդ վիճակում են ու քեզ թվում է, թե հայտնվել ես 19-րդ դարի մի խուլ գյուղում: Ի՞նչ ճանապարհ, ի՞նչ մայթ, ողջը՝ հող ու փոշի է, փուշ ու տատասկ: Եվ այդ հողածածկ ճանապարհները քեզ տանում են դեպի «դոմիկները», որտեղ պայմաններն, ուղղակի, անմարդկային են:

Պատվախնդիր, ամենալավ իմաստով «մեծաբերան» գյումրեցիների սոցիալական վիճակը նկատելի էր անզեն աչքով՝ հագուկապից մինչև կենցաղ: Ցավալիորեն, այդ ամենում խամրած գույները գերակշռող էին: Մինչդեռ, գյումրեցին այդպիսին երբե՛ք չի եղել:

Յոթ Վերք եկեղեցու ներսում կրկին դատարկություն էր, վառվող մոմերի թիվն էլ այնքան քիչ էր, որ կարելի էր երկու ձեռքի մատների վրա հաշվել (հավանաբար, եկեղեցու սպասավորներն էին վառել՝ չգործող եկեղեցու տպավորություն չթողնելու համար):

Գյումրիում երբե՛ք չէի կարող պատկերացնել, որ մոմավառության սեղանի մոտ կանգնած մարդուն, որը մոմեր է վառել և մի պահ խորհում է, անմիջապես նրա դիմաց կհայտնվի մի կին ու կսկսի ավազը հարդարելով օրհնանք ու բարեմաղթանք հղել: Հասկացա, որ ինձ հղած օրհնանքների դիմաց դրամ է ակնկալում: Տվեցի և դուրս եկա եկեղեցուց: Բայց դեռ մուտքից դուրս չեկած մեկ այլ կին սկսեց իմ շուրջը պտտվելով ինձ օրհնել ու օրհնել: Երկա՜ր: Իսկ ես շտապում էի ու դրամը տալով՝ փորձեցի առաջ քայլել. «Սպասի՛ հըլը, քուր ջան, սուրբ հայրը կսե վանքից օր դուրս կուգան, մի հատ էլ դու ըդե օրնե մարդոց, էս ո՞ւր կերթաս, հըլը չեմ պրծե...»։

Ի՞նչ անեն մարդիկ, իրենք էլ իրենց համար այսպիսի «աշխատատեղ» են ստեղծել, որ կարողանան ապրել: Իսկ գործող քաղաքապետ Բալասանյանը այս օրերին անհեթեթ շրջայցեր է կատարում Գյումրիի թաղամասերում՝ թիկունքում ունենալով Գեղամյանի ու Խոսրովի պես նախընտրական «հզոր դաշինք»՝ չհաշված ՀՀԿ-ն: Այն, ինչ չի արել պաշտոնավարման շրջանում, հիմա դուրս է ցատկել փողոց ու նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից դեռ 10 օր առաջ արդեն սկսել է արշավը՝ փորձելով «լապշա կախել» ամեն ինչից զզված ու հոգնած, բայցև՝ իշխանափոխության հասնելու ձգտման մեջ անսասան գյումրեցիների ականջներից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը