Կարծիք

31.08.2016 10:50


ՏԻՄ ընտրությունները յուրօրինակ փորձ են՝ գալիք համապետական ընտրություններին ընդառաջ

ՏԻՄ ընտրությունները յուրօրինակ փորձ են՝ գալիք համապետական ընտրություններին ընդառաջ

Առջևում ՏԻՄ ընտրություններն են, և դրանք մեր հասարակության համար մեծ հնարավորություն են վաղվա փոփոխությունների հիմքերը հաստատելու համար: Սա յուրօրինակ փորձ է՝ գալիք համապետական ընտրություններին ընդառաջ, և այս գործընթացը թույլ է տալիս հասարակությանը ճանաչել քաղաքական դաշտի հիմնական խաղացողներին, հասկանալ՝ ինչով են նրանք առաջնորդվում, և ինչ են ուզում անել:

Բոլորին, թերևս, ճանաչում ենք, և քաղաքական դաշտում կուզենայի առանձնացնել «Համախմբում» կուսակցությանը: Անվանը համահունչ՝ կուսակցության թիմը փորձում է համախմբել հասարակության լայն շերտերին՝ հաղթահարել հասարակության մեջ առկա տարաձայնությունները և միավորվել միասնական, չասեմ՝ գաղափարի, այդ բառն արդեն հասցրել են վարկաբեկել այլ ուժեր, բայց նպատակների շուրջ: Իսկ բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ ազատ և ուժեղ պետություն, որտեղ մենք մեզ կզգանք արժանապատիվ քաղաքացիներ, կլինենք մեր երկրի տերը:

Այս համատեքստում ոգևորիչ էր կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի խոսքը սահմանամերձ բնակավայրերի ռազմավարական նշանակության և դրանց զարգացման անհրաժեշտության մասին: Իսկապես, երբ խնդրին մոտենում ենք այս տեսանկյունից, գյումրեցիների և մնացած սահմանամերձ համայնքների բնակիչների հոգսերը դադարում են սոսկ համայնքային նշանակության խնդիր լինել: Սա ազգային անվտանգության խնդիր է, որի մասին առաջին հերթին պետք է մտածել, այլ ոչ թե Թուրքիայի հետ սահման բացելու և «էժան պոմիդոր» բերելու: Այդքանով համայնքների զարգացման խնդիրը չի կարող լինել նաև պոպուլիստական շահարկումների, էժանագին քաղաքական դիվիդենտներ ստանալու առարկա: Դեպի Գյումրի ծով չես բերի, և քաղաքը ոտքի կանգնեցնելու և զարգացնելու համար իրատեսական ծրագիր է հարկավոր, որը հիմնված կլինի այդ տարածաշրջանի ներքին պոտենցիալի վրա: Տարիների փորձը ցույց է տվել, որ այս իշխանությունները դրան պարզապես ունակ չեն. պոպուլիզմից, մեկ բաժակ ջրում փոթորիկ անելուց և դրանով քողարկված թալանից բացի՝ մենք Գյումրիում այլ բան չենք տեսել: Պետք է սրան վերջ տալ, և մենք այսօր ունենք դրա հնարավորությունը: Պարզապես կամք է անհրաժեշտ:

«Համախմբման» գործողությունները ցույց են տալիս, որ կուսակցությունը գիտակցում է այս խնդրի լրջությունը և ունի նաև այդպիսի իրատեսական ծրագիր: Խոսքերիս վառ ապացույցներից մեկն էլ ավագանու նախընտրական ցուցակն է. այն գլխավորում է Հովհաննես Ասոյանը՝ մարդ, ով ոչ միայն ունի պետական կառույցներում աշխատելու երկար տարիների փորձ, այլև գործարար է, ով ներսից է ծանոթ տարածաշրջանում առկա խնդիրներին և կկարողանա դրանք լուծել՝ թույլ տալով գյումրեցիներին կիրառել իրենց ողջ ստեղծարար ներուժը և կերտել սեփական բարեկեցությունը:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը