Կարծիք

01.09.2016 16:22


Ի՜նչ ափսոս, որ Սերժ Սարգսյանի պատանեկան երազանքը չկատարվեց

Ի՜նչ ափսոս, որ Սերժ Սարգսյանի պատանեկան երազանքը չկատարվեց

Մի անգամ ռուսաստանցի հայ լրագրողուհու հետ վիճում էի Հայաստանում ազատ մամուլի, ամերիկացիներից ստացած գրանտների մասին: Դե գիտեք՝ Ռուսաստանում բոլորն ամեն տեղ ամերիկյան դավադրություն են տեսնում Ռուսաստանի դեմ: Այդ աղջիկն էլ մի այդպիսի՝ պատվերով հոդված էր գրում, ու ասում, թե ամերիկացիներն ու եվրոպացիները գումար են տալիս հայ լրագրողներին ոչ թե ազատ մամուլին սատարելու, այլ «ռուսամետ» իշխանությունների դեմ աշխատելու համար: Ես էլ ասացի, թե հնարավոր չի՝ Հայաստանում ազատ լրատվամիջոց լինի ու չքննադատի գործող իշխանություններին:

Իսկապես, Սերժ Սարգսյանն իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանի համար որևէ դրական բան չի արել ու չի անում, և ազատ, գիտակից մարդը պարզապես չի կարող Հայաստանում ընդդիմադիր չլինել կամ սատարել գործող իշխանություններին: Սակայն այլ բան էի ուզում ասել:

Ես հասկանում եմ՝ չեմ ընդունում, բայց հասկանում եմ՝ ինչի համար են որոշ մարդիկ Հայաստանում աշխատում Սերժ Սարգսյանի համար: Այլ տեղում իրենց չեն գտել, իրենց բարոյական նկարագիրն էլ իրենց թույլ է տալիս ծառայել Հայաստանը կործանող մարդուն: Բայց, անկեղծ, չեմ հասկանում Սերժ Սարգսյանին: Ինչի՞ համար է նա անում այն, ինչ անում է: Ինչի՞ համար է նա Հայաստանը գերի վերցրել և թալանում մեր ժողովրդին, ստիպում մեզ լքել մեր հայրենիքը: Պարզունակ ագահությունով դա չեմ կարողանում բացատրել: Արու զավակ էլ չունի, որ մտածես՝ հարուստ ժառանգություն է ուզում թողնել, իր թալանածն էլ մի քանի սերնդի կբավականացնի:

Գուցե իշխանության մոլի ձգտո՞ւմ: Բայց ի՞նչ իշխանություն: Նա այսօր իշխանություն էլ չունի, երկիրն էլ կառավարում է բացառապես ուժի կիրառման սպառնալիքի միջոցով: Նրա դեմ պայքարողների ձգտումը, եթե նրանք իսկապես պայքարում են, պարզ է և հասկանալի բոլորի, այդ թվում՝ հենց Սերժ Սարգսյանի համար:

Մենք բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի ենք ձգտում, ցանկանում ենք ունենալ հզոր հայրենիք: Բա նա՞ հանուն ինչի է այդպիսի մոլեռանդությամբ մեր դեմ պայքարում և այդքան ամուր կառչել «գահից»: Դրա պատասխանը չունեմ: Թերևս միայն ատելություն սեփական ժողովրդի նկատմամբ և ինչ-որ բան ապացուցելու ձգտում:

Երեկ Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ երիտասարդ ժամանակ երազում էր հայոց լեզվի ուսուցիչ դառնալ, և չէր էլ պատկերացնում, որ մի օր նախագահ կլինի: Մտածում եմ՝ ի՜նչ ափսոս, որ Սերժ Սարգսյանի պատանեկան երազանքը չկատարվեց, և մենք այսօր ստիպված ենք այդ անձնական անհաջողության ծանր բեռն ամբողջ ազգով կրել:

Մեկն էլ կար՝ ուզում էր նկարիչ դառնալ. չկարողացավ և համաշխարհային պատմության մեջ մտավ որպես երկրագնդի ամենամեծ հանցագործ՝ կոտորելով 100 մլն մարդու: Սերժ Սարգսյանի զոհն էլ մի փոքր ժողովուրդ է լինելու:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը