Կարծիք

02.09.2016 14:58


Երկիրն աճուրդի չեն հանում

Երկիրն աճուրդի չեն հանում

Վերջին ամիսներին նորաձև են դարձել զրույցներն այն մասին, թե ինչ է անում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Հայաստանի տնտեսական, սոցիալական ու քաղաքական զարգացման համար: Շատերն ուղղակիորեն համեմատում են Ռուսաստանի գործողությունները Հայաստանի այլ գործընկերների՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության գործողությունների հետ: Հաճախ մենք այսպիսի հայտարարություններ ենք լսում. «...ահա ԱՄՆ-ը ամեն տարի այսքան գումար է հատկացնում այս կամ այն կարիքների համար, օգնում է դպրոցներին (առանձին), դրամաշնորհներ է հատկացնում քաղաքական համակարգի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների արդիականացման համար և այլն...»:

Արևմուտքի հովանու ներքո՝ գործում են բազում գրանտային ծրագրեր, որոնք բաց են տարբեր՝ Հայաստանի համար, իբր, կենսական անհրաժեշտություն ունեցող նախագծերի իրականացման համար: Բայց քանի՞ մարդ է երկրում անմիջական շահ ստացել կամ կստանա ապագայում՝ գլոբալ առումով, այդպիսի կետային և ընտրովի ֆինանսավորումից, և վերջնարդյունքում ի՞նչ անհրաժեշտ կլինի տալ այդպիսի գործընկերության փոխարեն: Այս պարզ հարցի շուրջ քչերն են մտածում: Փոխարենը՝ առանձին, ոչ այնքան հեռատես շարքային քաղաքացիներ, տեղի տալով տեղեկատվական սադրանքներին, որոնք ուղղորդվում են մեկ կենտրոնից, փորձում են համեմատել ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ՝ չմտածելով ավելի գլոբալ հարցերի մասին: Չնայած, պետք է նշել, որ Ռուսաստանն առաջատարների շարքում է նաև Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների ցուցանիշով: 2015 թվականին Ռուսաստանի ներդրումները հայկական տնտեսության իրական հատվածում կազմել են 5.9 մլրդ դրամ (74,7 մլն դոլար):

Բայց ինձ այլ բան է մտահոգում՝ ինչո՞ւ ընդհանրապես սուվերեն պետության մեջ, որը շուտով կնշի անկախության 25–ամյակը, համոզմունք է տարածված, թե դրսից ինչ-որ մեկը պարտադիր ինչ-որ բան պետք է անի իր համար: Ինչո՞ւ են մարդիկ մտածում, որ մեր փոխարեն որևէ մեկն ինչ-որ բան պետք է անի, իսկ մենք պետք է նստենք և համեմատենք նրանց արածները և «մտերիմ կամ ոչ այնքան ընկերություն անել»՝ կախված նվերի արժեքից կամ փաթեթավորման գեղեցկությունից: Բայց եթե նույնիսկ այդ կատեգորիաներով դատենք, ինչո՞ւ մեր հասարակության մեջ կառուցողական դիսկուրս չկա այն մասին, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի հետ նույն անվտանգության համակարգում (ՀԱՊԿ), ահռելի արտոնություններ է ստանում՝ սկսած սեփական սահմանների համատեղ պաշտպանությունից, վերջացրած Ռուսաստանից ցածր գնով զենք գնելով և շատ այլ բաներով: Ոչ Ռուսաստանը, ոչ էլ որևէ մեկը մեղավոր չի, որ Հայաստանի իշխանությունները չեն օգտվում այդ արտոնություններից:

Պետք է նշել նաև, որ մենք արդեն 2 տարի է, ինչ Ռուսաստանի հետ գտնվում ենք նույն տնտեսական համակարգում (ԵՏՄ), ինչը ոչ միայն մեզ համար 140–միլիոնանոց շուկա է բացում, բայց կարող է և պետք է պայմաններ ստեղծի մեր երկիր ներդրումներ ներգրավելու համար, սակայն, ինչպես զենքի գնման հարցում, ոչ Ռուսաստանը, ոչ էլ որևէ մեկը մեղավոր չէ, որ Հայաստանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունները, չեն օգտվում դրանից:

Նույնը վերաբերում է նաև Հայաստանի համար գազի սակագնին. այն շահավետ է և ավելի քան ընդունելի, սակայն հենց սահմանին այն կրկնապատկվում է, և վերջնական սպառողը գազը ստանում է բարձր սակագնով: Սակայն այստեղ էլ պետք է խնդրի պատճառը փնտրել երկրի ներսում և հասկանալ՝ ինչու է ամեն ինչ այդպես ստացվում: Ես էլ չեմ խոսում այն մասին, որ հայ աշխատանքային էմիգրանտների համար Ռուսաստանի աշխատաշուկան շատ ավելի բաց է, քան այլ երկրների աշխատանքային շուկաները, և այնտեղ վաստակած և մեր երկիր փոխանցված միջոցների շնորհիվ է նաև, որ մեր տնտեսությունը կարողանում է գոյատևել:

Սակայն այս ամենն ամենակարևոր հարցերը չեն. խնդիրն այն է, որ մեզանում բացակայում է ուժեղ և սուվերեն պետության ինքնագիտակցությունը: Եթե մենք երկրի ներսում կարողանանք գիտակցել մեր կարևորությունը, գիտակցել և գնահատել մեր հնարավորություններն ու իրական հեռանկարները, ոչ թե գոռալ՝ ինչպես աճուրդում, «ո՞վ ավելի շատ», մեզ կհաջողվի երկրի ներսում զգալի նվաճումների հասնել այն բանի շնորհիվ, ինչ մենք արդեն ունենք այս պահին: Առավել ևս, որ մենք ունենք փոխշահավետ համագործակցության փորձ ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմական ու անվտանգության ոլորտներում: 1998-ից մինչև 2008 թվականները մեր երկրների համագործակցությունն իսկապես եղել է ռազմավարական գործընկերների մակարդակի, ինչի մասին բազմիցս խոսել են երկու երկրների նախագահները: Եվ այն ժամանակ այդ հարաբերությունները ոչ միայն չէին խանգարում Արևմուտքի հետ կառուցողական գործընկերությանը, այլ նաև ստիպում էին արևմտյան երկրներին ավելի լուրջ վերաբերվել Հայաստանին:

Այլ կերպ ասած՝ և՛ հնարավորությունը, և՛ փոխշահավետ ռազմավարական գործընկերության փորձը մենք ունենք, այլ հարց է, որ պետք է վերականգնել վերջին տարիներին կորցրած համագործակցության այդ մակարդակը:

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը