Մեկնաբանություն

03.09.2016 09:22


Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը. ռետրո

Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը. ռետրո

Հանկարծ աչքովս ընկավ 2013-ի նախագահական ընտրություններում թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը: Ինձ թվաց՝ անեկդոտ եմ կարդում: Ահա՛. «Անշուշտ, այլևս անընդունելի է բացթողումներն ու երկրի հիմնահարցերն անցյալից ժառանգած արատավոր երևույթներով և մեր պետության երիտասարդ տարիքով պայմանավորելը: Հայկական պետությունն արդեն թևակոխել է հասունության փուլ, իսկ առկա լուրջ խնդիրներն օր առաջ գրագետ և հստակ լուծումներ են պահանջում: Նախորդ 5 տարիների ընթացքում մենք բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների ենք դիմակայել, հաստատակամ առաջ ենք շարժվել, հավատացել ու փոխում ենք՝ ջանք չխնայելով կառուցելու ավելի բարվոք Հայաստան՝ բոլորի և յուրաքանչյուրի համար»:

Հարց առաջին՝ արդեն 8 տարի է՝ Սերժ Սարգսյանը նստած է Բաղրամյան 26-ում: Պետության հասունությանը զուգընթաց՝ նրա և նրա թիմի շրջանում հասունության նշաններ նկատե՞լ եք:

Հարց երկրորդ՝ առկա լուրջ խնդիրներից ո՞ր մեկի դեպքում է գտնվել գրագետ ու հստակ լուծում (գուցե արտագաղթի ծավալների աճն ու տնտեսական անկո՞ւմը պետք է համարենք գրագետ ու հստակ լուծված խնդիրներ):

Հարց երրորդ՝ այդ ի՞նչ մարտահրավերների են դիմակայել իշխող ուժն ու նրա ղեկավարը, երբ ապրիլյան չորսօրյա պատերազմի հետևանքով ունեցանք 100-ից ավելի զոհ և 800 հեկտար տարածքի կորուստ:

Հարց չորրորդ՝ հավատացել, բայց ի՞նչն են փոխել, բացի սեփական վերարտադրությունն ապահովող Սահմանադրությունից:

Հարց հինգերորդ՝ ջանքեր չեն խնայել, բայց ո՞ւմ համար են կառուցում բարվոք Հայաստան: Իրենք իրենց համար: Ժողովուրդը ո՛չ բարվոք Հայաստան է տեսել, ո՛չ ապահով Հայաստան է տեսել և ոչ էլ «Առա՛ջ, Հայաստան» է տեսել:

Եվ վերջապես, այդ ի՞նչ «անցյալից ժառանգած արատավոր երևույթների» մասին է խոսում Սարգսյանը, երբ որպես վատագույն կառավարիչ՝ այսօր համարվում է բացառիկ ռեկորդակիր:

Կարելի է պատկերացնել, թե կատարելապես ձախողված գործիչների անվիճելի առաջատարի դափնեպսակին արժանացած ՀՀԿ ղեկավարն ինչպիսի նախընտրական ծրագրով է հանդես գալու 2017-ին: Թեպետ, պարտությունների անվերջանալի շարքով աչքի ընկած ցանկացած գործիչ, եթե ի վիճակի է սթափ ու համարժեք գնահատել սեփական ֆիասկոն, ընդհանրապես կհրաժարվի հերթական նախընտրական ծրագիրը մշակելու մտքից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը