Կարծիք

05.09.2016 15:41


Մենք իրավունք չունենք նման իշխանություն ունենալ

Մենք իրավունք չունենք նման իշխանություն ունենալ

Երեկ Բանգլադեշի շուկայում մի տատիկ է մոտեցել՝ խնդրելով տոպրակ գնել իրենից։

«50 դրամ է, բալի՛կ ջան, մեծ լավություն կանես, որ գնես», - ասաց նա։

Երբ թեքվեցի դեպի նա, առջևումս կանգնած էր վարդագույն բլուզով և շիֆոնե, մինչև ծնկները ձգվող կիսաշրջազգեստով, մեծ շրջանակներով ակնոցով, մազերը սիրուն հավաքած, ինտելիգենտ արտաքինով մի տարեց կին, որի ձեռքերում մի փունջ տարատեսակ տոպրակներ կային։ Առանց վայրկյաններ մտածելու՝ միանգամից մի քանի տոպրակ գնեցի։

«Ինչ արած, բալի՛կ ջան, ամաչում եմ խնդրել, բայց դե, 40 հազ դրամ թոշակով չեմ կարողանում գլուխս պահել, ողորմություն խնդրելն էլ այդպես էլ չսովորեցի ու չեմ էլ ուզում։ Ավելի լավ է՝ ամբողջ օրն այստեղ ոտքերի վրա անցկացնեմ, բայց իմանամ, որ այդ գումարը վաստակել եմ», - ասաց նա։

Եվ դա այն պարագայում, երբ երկրի նախագահի աթոռը զավթած անձը պետբյուջեից 15 մլն 378 հազ դրամ է ծախսում հարսանիք գնալու համար, 2 մլն 693 դրամ՝ Բրազիլիայում «տժժալու» համար և այլն։ Եվ նմանատիպ «զվարճանքների» թիվը, որոնք արվել են պետբյուջեի հաշվին, կարելի է անվերջ թվարկել։ Բայց մեր երկիրը պարզապես իրավունք չունի ունենալ նման ղեկավար։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ՝

-սահմանամերձ Այգեպար գյուղի (և ոչ միայն այդ գյուղի) 2016թ․ բյուջեն կազմում է 14 մլն 653 հազ 900 դրամ (փաստորեն, սահմանամերձ գյուղը նույնիսկ Սերժ Սարգսյանի մեկ օրվա զվարճանքի գինն էլ չունի),

-երբ տարեցները, փոխանակ տանը նստեն ու քիչ թե շատ իրենց վաստակած հանգիստը վայելեն, ստիպված են շուկաներում վաճառքով զբաղվել կամ ողորմություն պահանջել,

- երբ ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքի՝ Գյումրու փողոցներն ասֆալտ չեն տեսնում, իսկ մարդիկ տնակներում են բնակվում,

-երբ թշնամու՝ ժամանակակից զենքով զինված բանակի դեմ մեր զինվորները կռվում են նախորդ դարի զենքով -երբ արտագաղթի ծավալներն այնքան մեծ են, կարծես մարդիկ տարհանվում են երկրից,

-երբ բիզնես միջավայրն այնքան խայտառակ վիճակում է, որ ամեն քայլափոխի «վաճառվում է կամ տրվում վարձով» հայտարարություններ են փակցված,

-երբ երիտասարդները չեն կարողանում ընտանիք կազմել, քանի որ իրենց աշխատավարձերով չեն կարողանում իրենց գլուխը պահել,

-երբ, երբ, երբ․․․ամեն մեկդ կարող եք այստեղ ձեր տարբերակն ավելացնել, քանի որ գրեցի միայն այն, ինչն առաջինը եկավ միտքս․․․․․

Մենք իրավունք չունենք նման իշխանություն ունենալ․․․և պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին ու իշխանափոխության գործընթաց սկսենք։ Գյումրին ու Վանաձորը, կարծում եմ, այս առումով հիանալի հնարավորություն են։

Դե ուրեմն, եկե՛ք գործենք և բողոքի ձայնը տեսանելի դարձնենք։


Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը