Մեկնաբանություն

09.09.2016 07:26


Մի հրաժարականի պատմություն

Մի հրաժարականի պատմություն

Առավոտյան հրաժարական, երեկոյան՝ փող: Թերևս, այսպես կարելի է բնորոշել Սերժ Սարգսյանի հերթական նախաձեռնությունը:

Քանի օր է իշխանական քարոզչամեքենան զնգզնգացնում էր լուրը, թե հինգշաբթի երեկոյան տեղի ունեցող ՀՀԿ գործադիր և խորհրդի նիստում է վարչապետի և կառավարության հրաժարականների հարցը որոշվելու, սակայն Հովիկ Աբրահամյանն «առաջ ընկավ» և առավոտյան կառավարության նիստի ավարտին հայտարարեց իր հրաժարականի մասին: Դե, ձև է, էլի, որ, հայերեն ասած՝ յանիմ ինքն է որոշել հրաժարական տալ:

ՀՀ 13-րդ վարչապետի բախտը չբերեց ոչ այնքան 13-րդը լինելու՝ վատ թվի պատճառով (նաև՝ 2014-ի ապրիլի 13-ին նշանակվելու պատճառով), այլ՝ Բաղրամյան 26-ում 8 տարի նստած և սեփական խաղի կանոնները թելադրող մարդու քմահաճույքով պայմանավորված: Դեռևս 2014-ի փետրվարի 12-ին պետք է Հովիկ Աբրահամյանը գիտակցեր, որ հաջորդող շրջանի համար ինքն ընդամենը հարմար ֆիգուր է ՀՀԿ ղեկավարի համար և իր պաշտոնավարումը շատ կարճ է տևելու:

ՀՀԿ ղեկավարի համար Աբրահամյանը «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Սերոբն է: Եվ Աբրահամյանն էլ հաճույքով ստանձնել է այդ դերը՝ «Հե՛նց նեղն են ընկնում՝ Սերո՛բ, հասի՛»: ՀՀԿ ղեկավարն ասում է՝ «Սերոբ հասի՛ ու մեղմացրու հասարակության բևեռացումը»՝ Աբրահամյանն էլ հասնում է:

Երկու տարի չորս ամիս, պարզվում է, Աբրահամյանը վարչապետի պաշտոնում փորձել է լուծել իշխանություն-հասարակություն վստահության խնդիրը և ընդհանրապես՝ այդ պաշտոնը ստանձնել է հենց այդ նպատակով (կառավարության նիստում Աբրահամյանի ելույթի մնացած հատվածը Բաղրամյան 26-ից ուղարկված տեքստ է, թե որ ոլորտում ինչ ծրագրեր են իրականացրել ու ինչքան «աճ» են արձանագրել): Նման «առաքելությունը» աբսուրդ կարելի է համարել, քանի որ իշխանությունն իր նկատմամբ հանրային վստահությանը հասնում է միայն անդուլ աշխատանքի, երկրում կուտակված բազում խնդիրները լուծելու ճանապարհով: Իսկ դա ամենաքիչն է հետաքրքրում Սերժ Սարգսյանին:

Հարկ է նշել, որ Աբրահամյանը անկեղծորեն խոստովանում է, որ իրեն չհաջողվեց մեղմել կամ վերացնել հանրային բևեռացումը: Ինչի համար էլ հրաժարական է ներկայացնում: Այնուհանդերձ, «Սերո՛բ հասի» կենսական նշանակության գործառույթը մնում է: Աբրահամյանին ՀՀԿ ղեկավարը մշտապես կարևորել ու գնահատել է որպես նախընտրական շտաբի պետ: Սերժ Սարգսյանի համար Աբրահամյանի «պլանկան» այդքանն է: Ենթադրում եմ, որ արդեն նախկին վարչապետը գոնե դա գիտակցում է: Սակայն այս ամենից ոչ մի օգուտ երկրին ու ժողովրդին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը