Քաղաքական

08.09.2016 15:05


Էլինար Վարդանյանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ. սեմինար–քննարկում (ֆոտոշարք)

Էլինար Վարդանյանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ. սեմինար–քննարկում (ֆոտոշարք)

Սեպտեմբերի 8-ին «Հեռանկար» կենտրոնում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների խախտման դեպքերը և լուծման արդյունավետ մեխանիզմները» խորագիրը կրող սեմինար-քննարկումը, որը կազմակերպել էր ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական խորհուրդը։ Քննարկման բանախոսը ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանն էր, իսկ հանդիպման մասնակիցներն ապագա իրավաբաններն էին, ովքեր մտահոգված էին երկրում առկա մարդու իրավունքների խախտման դեպքերով։

Մասնակիցներից մեկին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե որքանով արդյունավետ գործունեություն է ծավալում Մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտը։ Հարցին ի պատասխան՝ Էլինար Վարդանյանը նշել է, որ ինստիտուտը նոր է և, բնականաբար, կայացման կարիք ունի, այնուհանդերձ, բարձրաձայնում է բազմաթիվ խնդիրներ, որոնց վերացումից է կախված մարդու իրավունքների խախտումների կանխարգելումը։

–Սակայն երբ այդ խնդիրները տասնյակ տարիներով չեն վերացվում, սա նշանակում է, որ այդտեղ մեղավոր է ոչ թե բարձրաձայնողը, այլ այն պատասխանատուները, ովքեր պետք է լուծեին դրանք։ Երբ մարդու իրավունքների պաշտպանը ասում է, որ 10 հոգու համար նախատեսված բանտախցում գտնվում է 30 հոգի, դա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպա՞նը լավ չի աշխատում, թե՞ այն պատասխանատու մարմինը, որը պարտավորված է վերացնել խնդիրը, և որից էլ բխում են այդ 30 հոգու իրավունքների խախտումները,–պարզաբանել է Էլինար Վարդանյանը։

Խոսելով կրթության ոլորտի խնդիրներից՝ մասնակիցներից մեկը բարձրաձայնել է մարդու անվճար կրթություն ստանալու իրավունքի հարցը՝ մասնավորապես նշելով, որ ԵՊՀ–ի իրավաբանական և միջազգային ֆակուլտետներում ուսանողների համար հավասարազոր պայմաններ ստեղծված չեն, քանի որ չի ընձեռնվում անվճար ուսում ստանալու հնարավորությունը։

Բանախոսը նշել է, որ, միանշանակ, այդ փաստը խախտում է հավասար կրթություն ստանալու հնարավորությունը, քանի որ նույն աստիճանի գիտելիքներ ունեցող տարբեր ֆակուլտետների ուսանողները պետք է կարողանան օգտվել նույն հնարավորությունից։

–Պետությունն անվճար տեղեր հատկացնում է այն մասնագիտությունների դեպքում, որոնց պահանջարկը կա պետական տարբեր կառույցներում, հենց սա է այն հիմնավորումը, որ այս հարցի շուրջ բերում են տարբեր նախարարություններ ու Կառավարությունը։ Սակայն հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետությունը չունի այդ 2 ֆակուլտետների մասնագետների կարիքը։ Իրականում խնդիրն այն է, որ ոչ պատշաճ քաղաքականության արդյունքում մենք չունենք բավականաչափ աշխատաշուկա՝ այդ մասնագիտների պահանջարկը ապահովելու նպատակով։ Սա խոսում է պետության կողմից իրականացվող անփույթ քաղաքականության մասին, երբ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում փորձում են խնդիրները լուծել այլ ճանապարհներով,–նշել է Է.Վարդանյանը։

Անդրադառնալով ՀՀ դատական համակարգին՝ հանդիպման մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում դատական համակարգի անկախությունը գոնե անհրաժեշտ մակարդակին հասցնելու համար։ Ըստ ԱԺ պատգամավորի՝ ամեն տարի մշակված դատաիրավական լուրջ ծրագրերն այդպես էլ, ցավոք, մնում են միայն թղթի վրա։

Էլինար Վարդանյանի կարծիքով իշխանությունների իրական տարանջատումն ապահովելու համար պետք է գոյություն ունենա քաղաքական կամք։

Երբ իշխանությունը ձևավորվում է և որոշում է, որ իր իշխանությունը պահպանելու է բոլոր միջոցներով, ապա օգտագործում է բոլոր 3 իշխանությունները։ Այս ամենը կանխելու մեկ տարբերակ կա՝ արդար և ազատ ընտրություններ։ Երբ քաղաքացին ընտրում է իշխանությունը, իսկ վերջինս օգտագործում է գործադիր, օրենսդիր և դատական մարմինները՝ միայն իր շահերի համար, հաջորդ ընտրության ընթացքում, երբ քաղաքացին ունի ազատ ընտրության հնարավորություն, իր քվեն տալիս է մեկ այլ ուժի, որը կկարողանա լուծել քաղաքացու խնդիրները։ Սա՛ է ժողովրդավարության իրական շարժիչը,– նշել է Էլինար Վարդանյանը։

–Բոլոր համակարգերի փոփոխությունները կախված են նրանից, թե որքանով ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում կձևավորվի իրական իշխանությունը,–եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը