Կարծիք

09.09.2016 13:40


Նրա համար Հայաստանը նշանակություն չունի. փո՛ղն է նրա կյանքի իմաստը

Նրա համար Հայաստանը նշանակություն չունի. փո՛ղն է նրա կյանքի իմաստը

Հետաքրքիր բան է աշխարհը։ Հետաքրքիր է իր երկակի ստանդարտներով, երկերեսանիությամբ և անսկզբունքայնությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանության մասին ամեն օր բղավող Եվրոպայի «ներկայացուցիչ»` Euronews հեռուստաալիքի եթերում պարբերաբար գովազդվում է ֆաշիստական գաղափարախոսությամբ շարժվող մի երկիր, որտեղ հերոսի կոչում են շնորհում և բարձր պաշտոնում նշանակում քնած մարդուն սպանած հանցագործի, որտեղ վերնախավը թաղված է կոռուպցիայի և օֆշորային սկանդալների մեջ, որի զինվորները հարձակվում են անզեն, անօգնական վիճակում գտնվող տարեցների վրա և, դաժան սպանությունից հետո ականջներն են կտրում, ինչպես նաև գլխատում հակառակորդ երկրի զինվորներին, խոշտանգում և տանջամահ անում իրենց կողմում հանկարծակի հայտնված տարեց մարդուն՝ արյան մեջ տարբեր մահացու քիմիկատներ ներարկելով, որտեղ հետապնդում են ազատ խոսքի արժեքը գնահատող և այդ արժեքի համար պայքարող լրագրողներին, և որտեղ կատարվում են այլ՝ աներևակայելի դաժանություններ և հանցագործություններ։

Բայց, չնայած այս ամենին, Ադրբեջանին, միևնույնն է, հաջողվում է զարգացնել իր երկիրը, նոր գործարաններ կառուցել, միջազգային բազմամիլիարդանոց և բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքել (հիշենք գոնե վերջերս ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կողմից հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանում օդանավերի հավաքման գործարան, ինչպես նաև ուղղաթիռների արդիականացման կենտրոն կբացվի), արտոնություններ ստանալ և, ընդհանրապես, իր պայմանները թելադրել աշխարհին։

Սակայն սա ոչ թե Ռուսաստանը, Եվրոպան կամ այլ երկրները քննադատող ստատուս է։ Այս ստատուսը Հայաստանի իշխանության անգործության մասին է։ Այն մասին, որ մենք ոչինչ չենք անում, որպեսզի մեր երկիրը գովազդվի աշխարհի տարբեր ԶԼՄ-ում, որպեսզի մեր երկրի տնտեսության մեջ ներդրումներ արվեն, որպեսզի մեր մեր երկիրը կարողանա ամրապնդել իր դիրքերը միջազգային ազպարեզում, և մեզ հետ հաշվի նստեն։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր երկրի նախագահի պաշտոնում հայտնված անձը «և՛, և՛» էր խաղում՝ միջազգային ասպարեզում անվստահելի գործընկերոջ համբավ ստանալով, նրա եղբոր՝ փայ մտնելու մասին ժողովուրդն անեկդոտներ է պատմում, որովհետև նա ամբողջ երկիրը կարմիր գծերով է պատել և մտածում է միայն փող աշխատելու մասին (թեև, իհարկե, «աշխատել» բառն այստեղ անընդունելի է, քանի որ, իմ պատկերացմամբ, «աշխատել» բառը դրական՝ «արարել» իմաստն ունի, ինչը գործող իշխանությունների պարագայում հնարավոր չէ օգտագործել), որովհետև նրա համար պատերազմի ժամանակ կորսված հողերը ռազմական նշանակություն չունեն, որովհետև․․․․․․․։ Նրա համար Հայաստանը նշանակություն չունի։ Փո՛ղն է նրա կյանքի իմաստն ու միակ նշանակություն ունեցող բանը։ Դրա համար էլ ապրում ենք այնպես, ինչպես ապրում ենք։

Հ․Գ․։ Արտասահմանյան ուղիղ ներդրումների զուտ ներհոսքը Հայաստան 2015 թ.–ին կազմել է 180,5 մլն դոլար` 2014 թ.-ին գրանցված 404,3 մլն դոլարի համեմատ: Ադրբեջանում նույն ցուցանիշը 2015 թ.–ին կազմել է 7,5 մլրդ դոլար` 2014 թ.-ին գրանցված 8 մլրդ դոլարի համեմատ։ Ավելի քան երկակի անկում Հայաստանում, և ընդամենը 6–տոկոսանոց անկում Ադրբեջանում։ Կարծում եմ, որ մեկնաբանություններն ու խոսքերն ավելորդ են։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը