Կարծիք

14.09.2016 11:09


Գազ՝ ձայնի դիմաց. «բարեփոխված ՀՀԿ-ի նոր ակցիան»

Գազ՝ ձայնի դիմաց. «բարեփոխված ՀՀԿ-ի նոր ակցիան»

Գազ՝ ձայնի դիմաց. «բարեփոխված ՀՀԿ-ի նոր ակցիան»: Ի՞նչ վատ կարգախոս է, որ: Աբսուրդի թատրոնի ու կրկեսի վերածված քաղաքական գործընթացը նույնիսկ զվարճալի կարող էր թվալ, եթե դա տեղի չունենար մեր երկրում: Բոլորս արդեն սովոր ենք, որ ընտրություններից առաջ հանրապետականները փորձում են մեր ձայնի իրավունքը գնել մեզանից՝ փող են բաժանում, սնունդ են տալիս կամ ինչ-որ առօրյա խնդիրներ են լուծում՝ դրա դիմաց ձայն պահանջելով ընտրություններին: Եվ ամեն անգամ այս ֆարսը նոր, երբեմն զավեշտալի դրսևորումներ է ստանում:
Հիմա էլ Վանաձորում՝ ավագանու ընտրությունների շեմին, ՀՀԿ-ականները գազալցակայանում զեղչ են անում վարորդների համար, որ ձայն կորզեն նրանցից: Գիտեք, սա ուղղակի ծիծաղելի է և իրականում անօգուտ:

Ճշմարտությունն այն է, որ ընտրակաշառքն ունի միայն հոգեբանական ազդեցություն: Այն հիմնված է մեր ժողովրդի ավանդույթների, արժեհամակարգի ու բարոյականության վրա: ՀՀԿ-ն, որ մեզ շուրջօրյա ռեժիմով կեղեքում ու թալանում է, ավերում մեր երկիրը, մեկ էլ հանկարծ՝ ընտրությունների շեմին, բարիանում ու «լավություն է անում»՝ դրա դիմաց «լավություն» ակնկալելով:

Պետք է ուղղակի հասկանալ, որ նրանք մեզ համար որևէ լավ բան հենց այնպես չեն անում և ծախսած գումարների տասնապատիկը հետ են բերելու: Ես չեմ ասելու՝ մի՛ վերցրեք ընտրակաշառք, մի՛ ընդունեք այն, ինչ այս մարդիկ ձեզ տալիս են: Ժողովրդի մի ստվար հատված այնպես է ապրում, որ օրվա հացի խնդիր ունի: Բայց դա վերցնելով՝ գիտակցեք, որ դա դուք պարտավորված չեք նրանց առաջ, ով ձեզ հասցրել է այս վիճակին, նրանք որևէ բարոյական իրավունք չունեն ձեզանից ոչ միայն ինչ-որ բան ակնկալելու, այլ նաև ուղղակի սպասելու: Ասում են՝ «լավություն արա, գցի ջուրը». դե, թող Հանրապետականի «լավությունն» էլ, եթե այն իսկապես լավություն է, ընկնի ջուրը: Ինչ տալիս են՝ վերցրեք, ընտրության օրն էլ մի՛ զլացեք՝ գնացեք ընտրատեղամաս և արեք այն, ինչ նրանք են ամեն օր անում ձեզ հետ, ժողովրդի լեզվով ասած՝ քցեք իրենց: Ում ուզում եք՝ ընտրեք: Ի՞նչ պետք է անեն, դիմեն դատարա՞ն, գումարնե՞րը հետ պահանջեն: Իրենք են, չէ՞, ասում, որ դա օգնություն է, որի դիմաց հասարակ բանավոր «շնորհակալությունն» էլ բավական է: Արժանապատվության հաշվին շնորհակալություն չեն հայտնում, և ոչ ոք իրավունք չունի ձեզանից դա պահանջելու:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը