Կարծիք

16.09.2016 15:48


Հանրապետականն ի՞նչ կապ ունի անցյալի տնտեսական հաջողությունների հետ

Հանրապետականն ի՞նչ կապ ունի անցյալի տնտեսական հաջողությունների հետ

Հանրապետականն ի՞նչ կապ ունի անցյալի տնտեսական հաջողությունների հետ: ՀՀԿ-ականների նոր ֆիշկան է. փորձում են շրջանառության մեջ դնել այն միֆը, թե իրենք պատասխանատու են և՛ այսօրվա անհաջողությունների, և՛ անցյալի հաջողությունների համար: Բայց ի՞նչ կապ ունեն անցյալում ունեցած տնտեսական հաջողություններն այսօրվա Հանրապետականի հետ:

Այն, ինչ եղել է անցյալում, դա եղել է այն ժամանակվա իշխանական թիմի շնորհիվ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Պետք է հասկանանք, որ իրավիճակը փոխվել է, փոխվել է նաև ՀՀԿ-ն: Այսօր այն վերածվել է «Սերժ Սարգսյան» դաշինքի: Իրականում ՀՀԿ-ն այսօր որևէ բանի համար պատասխանատվություն չի կրում, բացի Սերժ Սարգսյանի հրահանգները կատարելուց և նրա որոշումները հաստատելուց ու գովերգելուց:

Իսկ այ Սերժ Սարգսյանն անձամբ է պատասխանատու տնտեսական անկման, դիվանագիտական պարտությունների ու երկրի աղետալի վիճակի համար: Այդ տնտեսական աճը որ եղել է, կարո՞ղ է կախարդական փայտիկով է եղել: Իհարկե, ոչ. այն ժամանակ Քոչարյանն այլ սկզբունքներով ու գերակայություններով էր առաջնորդվում, այլ քաղաքականություն էր վարում, և արդյունքն էլ բոլորս տեսնում էինք: Եվ այդ ամենը սկսեց փլուզվել 2007 թվականին, երբ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ-ն, հետո էլ Կառավարությունը ու սկսեց քանդել տնտեսությունը՝ վերացնելով պարզեցված հարկը ու պատերազմ հայտարարելով փոքր ու միջին բիզնեսին:

Իսկ ՀՀԿ-ն ի՞նչ: Ապրում են «ով էշ՝ ես փալան» սկզբունքով: Այսօր Սերժ Սարգսյանն է իշխանության գլխին, նրա ցանկություններն են բավարարում, վաղը ուրիշ մեկը կլինի, ուրիշին կհաճոյանան: Մի մասն էլ ճարահատված է ստիպված եղել անդամակցել կամ մնալ կուսակցությունում, որ իր ունեցվածքը պաշտպանի Սերժ Սարգսյանից: Այսօրվա ՀՀԿ-ում երկու տեսակի մարդիկ են մնացել՝ հարճեր ու գերիներ: Որպես քաղաքական միավոր՝ այդ կուսակցությունը վաղուց արդեն գոյություն չունի:

Այնպես որ, ոչ այնքան սիրելի հանրապետականնե՛ր, ձեզ էլ ենք լավ ճանաչում, ձեր արած-չարածն էլ, և ուրիշի հաջողությունները ձեզ մի՛ վերագրեք, մեկ է՝ իզուր է:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը