Լրահոս

18.09.2016 18:00


Գիտեմ` ինչ է լինում, երբ փորձում ես ներսից ընդդիմանալ իշխանական կոռումպացված մեքենային. Կարեն Անդրեասյան

Գիտեմ` ինչ է լինում, երբ փորձում ես ներսից ընդդիմանալ իշխանական կոռումպացված մեքենային. Կարեն Անդրեասյան

Past.am-ի զրուցակիցն է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, ՀՀ 3-րդ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

-ԱԺ-ն ընտրեց նոր Գլխավոր դատախազ: Այս ընտրությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

-Արթուր Դավթյանը` Գլխավոր դատախազ, Սերժիկ Ավետիսյանը` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, Լիլիթ Թադևոսյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր. այս բոլոր վերջին նշանակումները նման են նախընտրական ասֆալտապատման: Իշխանությունները փորձ են անում դատական և դատախազական համակարգում եղած վերջին անկաշառ ու գրագետ կադրերին առաջ մղելով մեղմել հանրության ցասումը և գոնե իրավաբան մասնագետների շրջանակում իրական բարեփոխումների հույս արթնացնել: Բայց, ինչպես նախընտրական ասֆալտապատումն է ժամանակավոր կարկատան, որն ամբողջական ու իրական բան չի փոխելու մարդկանց կյանքում, այնպես էլ մոմով ման եկած ու հազիվ գտնված այս մի քանի մարդկանց առաջխաղացումը չի վերակենդանացնելու վաղուց մեռած հայաստանյան արդարադատությունը:

-Դատախազն ասաց, որ խոցելի չէ: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է իրականությունը:

-Չնայած նշեցի, որ Արթուր Դավթյանն ունի մարդկային ու մասնագիտական բարձր որակներ, բայց նա նույնքան խոցելի է, ինչպես նրանից առաջ յուրաքանչյուրը և ինչպես բոլորը, ովքեր այսօրվա խայտառակ իշխանական համակարգի պարագայում զբաղեցնում են թեկուզ ամենացածր պետական պաշտոնը: Իմ դասերը՝ որպես պետական պաշտոնյա, ես ստացել եմ և գիտեմ, թե ինչ է լինում, երբ որևէ կերպ փորձում ես ներսից ընդդիմանալ իշխանական կոռումպացված մեքենային: Լավագույն դեպքում այն քեզ մեկուսացնում է և փորձում հնարավորինս զրոյացնել քո օգտակար գործողության գործակիցը, ինչպես դա եղավ ինձ հետ՝ անիմաստ դարձնելով իմ հետագա պաշտոնավարումը: Վատթարագույն դեպքում համակարգը կարող է գնալ ընդհուպ մինչև բռնության:

-Անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների թեմային՝ Դավթյանը նշեց, որ մեր երկրում չկան քաղբանտարկալներ: Սա խոցելիության վկայություն չէ՞:

-Գլխավոր դատախազն այն հազվագյուտ պաշտոնյաներից է, որը կարիք չունի գնահատական տալու՝ մարդը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Դրա փոխարեն նա պետք է այնպես անի, որ քաղբանտարկյալներ չլինեն, այսինքն՝ եթե դատախազությունը քաղաքական պատվերով որևէ մեկի պատիժը չխստացնի կամ նրան քաղաքական նկատառումներով չպահի անազատության մեջ, ապա որևէ մեկս «քաղբանտարկյալ» տերմինը հիշելու կարիք չի ունենա: Այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը կա՛մ քաղաքական ենթատեքստ ունի, կա՛մ նրանց նկատմամբ դատախազության կողմից պահանջվել և դատարանի կողմից դակվել է չափազանց խիստ ու անհամաչափ պատիժ: Ընդ որում, դա արվել է ոչ թե մասնագիտական սխալների կամ կաշառք վերցնելու պատճառով, այլ հենց քաղաքական դրդապատճառներով: Սա է իմ գնահատականը. ողջ դատախազության գործունեությանը վերջին տասնամյակում, իսկ ներկայիս Գլխավոր դատախազը եղել է այդ բոլոր գործընթացների լուռ վկան, եթե ոչ մասնակիցը:

-Վստահություն ներշնչո՞ւմ է Արթուր Դավթյանի հայտարարությունն առ այն, որ Մարտի 1-ի գործի ուսումնասիրությունն իր առաջնահերթություններից մեկն է լինելու: «Սասնա ծռերի» և մնացած հանրային հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ ի՞նչ սպասելիքներ ունեք նոր դատախազից:

-Ոչ մի քաղաքական գործով ես լուրջ առաջընթաց չեմ ակնկալում, քանի տեղի չի ունեցել ամբողջական իշխանափոխություն: Քանի դեռ չի ջարդվել ներկայիս միահեծան իշխանական համակարգը, չի լինելու քաղաքական գործերի արդարացի քննություն ու հանգուցալուծում: Մասնավոր բազմաթիվ գործերով, վստահաբար, կշարունակվի և նույնիսկ ավելի կբարելավվի դատախազության բարեխիղճ աշխատանքը, բայց ոչ երբեք այն դեպքերով, երբ ներգրավված է օլիգարխիկ իշխանաբուրգը:

Մանրամասները՝ Past.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը