Կարծիք

20.09.2016 11:04


Երբ քաղաքականն ու «տղայականը» խառնվում են իրար

Երբ քաղաքականն ու «տղայականը» խառնվում են իրար

Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին «բարեփոխված» Հանրապետականի հին ու վայրագ դեմքը: Ընտրություններն անցան այնպես, ինչպես և անցած բոլոր ընտրությունները՝ ծեծ ու ջարդով, մարդկանց ահաբեկել ու կաշառելով: Այս իմաստով այլ բան ակնկալել միամտություն կլիներ:

Սակայն վրդովեցնողն ու հիասթափեցնողն այլ բան էր: Տեսանյութերն եմ նայում ընտրատարածքներից, ու թեկնածուներից մեկը լրագրողներին պատմում է հանրապետականի կատարած ապօրինությունների մասին ու վերջում ասում է, թե բա՝ «ես դատի տվող տղա չեմ»:

Բա ի՞նչ տղա ես: Ինչի՞ համար ես ուզում գյուղապետ դառնաս: Քաղաքականությունն այն ոլորտը չէ, որ կարելի է «լավ տղա» խաղալ: ՏԻՄ ղեկավարը, պետական պաշտոնյան պետք է օրենքի ներկայացուցիչ լինի, ոչ թե «լավտղության»:

Սա համատարած երևույթ է, որը ժառանգել ենք Սովետական Միությունից ու 90-ականներից: Սաղ «լավ տղա» են և այդ փողոցային բարքերը բերում են նաև քաղաքականություն, դրա համար էլ ընտրություններին իրար փոր են թափում, կրակում իրար վրա, ով էլ չի կարում, գալիս է կամերաների առաջ լացում է, թե հանրապետականները օրենք են խախտում, ընտրակաշառք բաժանում, մարդկանց ահաբեկում: Բայց չէ՞ որ հենց դուք եք ընդունել այդ խաղի կանոնները և ոչինչ չեք անում դա փոխելու համար: Հակառակը՝ ոմանց նաև ձեռնտու է այս իրավիճակը, և նրանք դժգոհում են միայն նրանից, որ իրենք չեն այդ ապօրինություններն անում:

Այսպիսի ապաքաղաքական պայքարն իմաստազրկվում է: Իրավապահ մարմիններն ու դատարանը պետական կառույցներ են: Այլ հարց է, որ դրանք չեն ծառայում իրենց նպատակներին, չեն պաշտպանում քաղաքացիների իրավունքները: Բայց եթե քաղաքացիները չեն էլ դիմում այդ պահանջով, նախընտրում են իրենց շահերը պաշտպանել փողոցային կանոններով, էլ ի՞նչ ենք բողոքում դատական համակարգից ու իրավապահ մարմիններից: Իրականում շատերը չեն դիմում այդ մարմիններին ոչ թե այն պատճառով, որ դրանք անարդյունավետ են, այլ նրա համար, որ իրենց արժեհամակարգում դա «լավ բան չի»: Այն, որ իրենց թալանում են, ստորացնում ու ոտնահարում իրենց իրավունքները տեղավորվում է իրենց արժեհամակարգի մեջ, բայց օրենքի շրջանակներում պատասխան պահանջելն անբարոյականություն է:

Եվ այսպիսի խեղաթյուրված արժեհամակարգով ժողովրդավարություն ենք փորձում կառուցել, մարդու իրավունքներից ու մնացած վեհ արժեքներից ենք խոսում: Դատական համակարգը հենց նրա համար է, որ մարդիկ իրար փոր չթափեն ու վեճերը քաղաքակիրթ ճանապարհով լուծեն: Հիմա մենք պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում՝ պետությո՞ւն, թե՞ «քուչա»:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը