Լրահոս

22.09.2016 22:07


Հովհաննես Ասոյան․ «Մի պայման կա՝ իշխանափոխություն պետք է տեղի ունենա»

Հովհաննես Ասոյան․ «Մի պայման կա՝ իշխանափոխություն պետք է տեղի ունենա»

«Ասպարեզ» օրաթերթի զրուցակիցն է Գյումրիում «Համախմբում» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանը

-Պարոն Ասոյան, ինչպե՞ս եք պատկերացնում Գյումրու անօթեւան ընտանիքներին բնակարանով, գործազուրկներին էլ աշխատանքով ապահովելու հարցերի լուծումը, հստակ ինչպիսի՞ քայլեր եք կատարելու:

-Գյումրիում կառավարությունը բնակարանաշինության ծրագիր այլեւս չի առաջարկում: Եթե կառավարությունը չի առաջարկում ծրագիր, ուրեմն նրանք հրաժարվել են այն 400 բնակարանների կառուցումից, որը պլանավորեցին եւ կիսատ թողեցին՝ դարձրեցին ԲԳՎ ծրագիր: Կառավարությունից հույս չունենք, բայց նաեւ չենք հավատում, որ ասում են` բյուջեում գումար չունենք: Մենք տեսնում ենք համայն հայության միջոցների ներդրումը Գյումրիում բնակարանաշինության հարցը լուծելու համար: Մենք ունենք այն ուժերը, որոնք կարող են համայն հայության միջոցներն ուղղել Գյումրի, բայց երկրի իշխանությունների կողմից ստեղծված հարաբերությունները ներդրումային մթնոլորտի համար զրոյի են հավասար: Օտարերկրյա ներդրողները չեն վստահում մեր իշխանություններին: Համայն հայության ֆինանսական միջոցները ներդնելու համար մի պայման կա, որ իշխանափոխություն տեղի ունենա:

Գործազրկության խնդրի լուծումը եւս կապված է իշխանափոխության եւ ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հետ: Օրենքներ փոփոխելով, մենաշնորհներ վերացնելով` պետք է հավատ ներշնչենք: Այսօր Գյումրիում փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներ կան, որոնք հազիվ իրենց գոյությունը պահպանում են: Քաղաքապետարանը պիտի կանգնի սրանց կողքին:

-Համայնքի բյուջեի միջոցները նպատակային եւ արդյունավետ ծախսելու համար ի՞նչ է պահանջվում քաղաքապետից, ինչպիսի՞ խնդիրներ կառանձնացնեիք, որոնք կարող են լուծվել հենց համայնքի բյուջեով:

-Քաղաքային բյուջեն թափանցիկ ծախսելու համար առաջին հերթին պետք է թափանցիկություն: Գյումրեցին հարկեր է տալիս, բայց չի տեսնում, թե այդ գումարը ինչ նպատակներով է ծախսվում: Հայտարարություններ կան, որ փողոցներ են վերանորոգվել, նստարաններ ու լուսատուներ են տեղադրվել, կանաչ տարածքներ են ստեղծվել, բայց շատ փնտրելուց հետո ոչ մի տեղ չտեսանք, թե փողոցաշինության վրա որքան գումար է ծախսվել: Պետք է լինի մրցույթների թափանցիկություն: Ասում են՝ մրցույթ եղավ եւ շահեց այս կազմակերպությունը, բայց ինչ պայմաններով, որքան գումարով դա շահեց, անհասկանալի է մնում:

Աղբահանություն, կտուրների վերանորոգում, փողոցների, մայթերի ասֆալտապատում, կանաչապատում.սրանք լիազորություններ են, որոնք դրված են համայնքային բյուջեի վրա: Սրանք պետք է պարտադիր իրականացվի քաղաքապետի կողմից: Ես որ ավագանու անդամ էի եւ քաղաքի բյուջեն 350 միլիոն էր՝ 10 անգամ քիչ այսօրվանից, որոշում ընդունվեց Սայաթ-նովա փողոցի փլված շենքերից մեկի տեղը նորը կառուցել: Բյուջեի այդ սուղ պայմաններում հնարավոր եղավ դա անել: Քաղաքապետը եւ ավագանին են որոշում` ինչի վրա ծախսել գումարը:
Մանրամասները՝ «Ասպարեզ»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը