Մեկնաբանություն

24.09.2016 11:20


Պարգևատրվեց ռեստորանային գեներալը

Պարգևատրվեց ռեստորանային գեներալը

Անկախության 25-ամյակի առիթով պետական պարգևների արժանացած անձանց շարքում ռեստորանային գեներալի անունը տեսնելը բավական զվարճալի էր: Եթե չասենք՝ արտառոց դեպք է տվյալ անձի պարգևատրումը Սերժ Սարգսյանի կողմից: Դե, ամեն տեսակ մակաբույծների կամ խեղկատակների նկատմամբ ՀՀԿ ղեկավարի սերն ու համակրանքը նորություն չէ:

Սարգսյանի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Վաղարշակ Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Գաղտնիք չէ, որ նմանատիպ հրամաններով Սերժ Սարգսյանը վաղուց է արժեզրկել պետական բարձրագույն պարգևները, բայց այս դեպքն, ինչպես ասում են, վերջն է:

Հարց է առաջանում՝ դեռևս 2002-ին աստիճանազրկված սուտի գեներալն այդ ի՞նչ ծառայություններ է մատուցել հայրենիքին, որին Սարգսյանը շքանշան է տալիս: Այն էլ՝ Անկախության 25-ամյակի առիթով: Անկախ Հայաստանի 25 տարիների ընթացքում Վաղարշակ Հարությունյանին երկու անգամ պաշտոն է վստահվել, և երկու դեպքում էլ նրա պաշտոնավարումը տևել է ընդամենը մեկ տարի կամ ավելի քիչ (1991-1992թթ.` ՀՀ ներքին գործերի փոխնախարար, 1999-2000թթ.` ՀՀ պաշտպանության նախարար)։ Ընդամենը երկու տարի պատահմունքով պաշտոնավարել է, պատերազմի տարիներին ռուսաստաններում ռեստորանային «մարտեր» է մղել, իսկ մնացած տարիներին «արմատական ընդդիմություն» է աշխատել: Սա՞ է համարվում «հայրենիքին մատուցած ծառայություն»: Կամ գուցե սույն աստիճանազրկվածի՝ հայրենիքին մատուցած ծառայությունն այն է եղել, որ 1999-ի hոկտեմբերի 27-ին ինքնագլուխ հրաման է արձակել ու բանակը տեղաշարժել է՝ փակելով Երևան տանող բոլոր ճանապարհները (կարելի է ասել՝ սեփական որոշմամբ՝ բանակը հանել է ժողովրդի դեմ): Այս անընդունելի գործողության համար էլ գործող նախագահը և երկրի գերագույն գլխավոր հրամանատարը նրան աստիճանազրկել է:

17 տարի առաջ երկրի գերագույն գլխավոր հրամանատարին չենթարկվող անձը (որին ծիծաղելիորեն Զինված ուժերն էր վստահվել), պարզվում է, ըստ Սերժ Սարգսյանի՝ արժանի է պարգևատրման: Թեպետ, Սերժ Սարգսյանի դեպքում գնահատման չափանիշների առումով այլևս զարմանալի ոչինչ չկա: Ինքն էլ այսօր գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում և շատ հանգիստ է վերաբերվում ապրիլյան պատերազմի ընթացքում 800 հեկտար տարածքի կորստի փաստին: Ինչևէ, իրար արժանի են. մեկը Երևանն էր գրավում, մեկն էլ ամիսներ առաջ տարածք կորցրեց: Այսպիսի ծառայություններ են մատուցում հայրենիքին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը