Լրահոս

30.09.2016 14:27


Հովսեփ Կիրակոսյանն ուզում էր զինվոր դառնալ (լուսանկար)

Հովսեփ Կիրակոսյանն ուզում էր զինվոր դառնալ (լուսանկար)

Յուրաքանչյուր ժամանակ ծնում է իր հերոսներին, հերոսներ, որոնք ստեղծում են պատմություն, կռում պետականություն… Ու քիչ չեն նրանք, այն հերոսները, որոնք կերտեցին մեր հայրենիքի նորագույն պատմության հիրավի ոսկե էջերը: Ապրիլյան չարաբաստիկ պատերազմը հերոսների այդ շարքերին ավելացրեց նոր անուններ … նրանց թվում և կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անունը… Այս մասին գրում է «aravot.am»–ը։

Բնության պարզ, անմիջական, անաղարտ ու շքեղ ստեղծագործություններից էր Հովսեփը: Շքեղ ամենից առաջ իր հոգեկերտվածքով, բնածին ազնվությամբ ու խիզախությամբ, հոգևոր հարուստ ներաշխարհով: Ասում են, որ դեռ մանկուց էր առանձնանում իր շրջապատում.

-Երեխայի համար չափազանց լուրջ էր ու պատասխանատու,–ասում է առաջին ուսուցչուհին՝ Հասմիկ Մուրադյանը,-Երբ հանձնարարել էի գրել «Ինչ եմ ուզում դառնալ» վերնագրով շարադրություն, Հովսեփը գրել էր մեկ նախադասությամբ. «Ուզում եմ զինվոր դառնալ»…. Հետագա տարիները ցույց տվեցին, որ Հովսեփը, հակառակ ծնողների ջանքերին, հավատարիմ մնաց մասնագիտության իր ընտրությանը:

-Ամեն կերպ փորձեցինք հետ պահել, հասկանում էինք՝ ինչ դժվար ու վտանգավոր մասնագիտություն է… Բայց ստիպված էինք համաձայնել՝ հակառակ դեպքում ժամկետային ծառայության ավարտից հետո ուզում էր անցնել պայմանագրային ծառայության,-ասում է Հովսեփի մայրը՝ տիկին Մարգարիտան: Հովսեփն ի սկզբանե ուներ զինվորականին հատուկ գծեր՝ զուսպ էր, շրջահայաց ու շատ գաղտնապահ: Հարազատները միայն ամիսներ առաջ են իմացել, որ 19 տարեկանում արդեն եղել է ոսկրածուծի դոնոր:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին» ուղղված իր նամակում նա գրում է. «Եթե Հայաստանի որևէ ծայրում գտնվի երեխա, ով կունենա օգնության կարիք, ես պատրաստ եմ նրա համար ցանկացած պահի դոնոր դառնալ»:

Սասունցի Հովսեփը, որ դեռ մանկուց կրում էր Հայաստանը իր կրծքի տակ որպես բաբախող մկան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո նախ ծառայության անցավ Մարտակերտում, հետո էլ ինքնակամ մեկնեց Մատաղիս:

–Պաշտում էր իր հայրենիքը, իր աշխատանքն ու իր զինվորներին… պատասխանատվություն էր կրում իր յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, երբեք վտանգավոր հանձնարարությունների կատարման ժամանակ շարքային զինվորին իր հետ չի տարել,-ասում է մայրը,-Անհանգստանում, հոգ էր տանում ամեն զինվորի համար, ասելով, որ ինքը միշտ հպարտությամբ պիտի նայի իր զինվորների մայրերի աչքերին ... (Հ. Գ. ապրիլյան պատերազմի ժամանակ Հովսեփ Կիրակոսյանի 25 զինվորներից և ոչ մեկը չի զոհվել):

Կապիտան Հովսեփը զինավարժ մարտիկ էր, խստապահանջ ու հոգատար հրամանատար, հուսալի ընկեր, արժանավոր զավակ, սիրող ամուսին ու հայր: Նրա կնոջ՝ Մարիամի խոսքերով՝ Հովսեփին հաջողվում էր ամեն բան համատեղել. զորամասում նա զինվորական էր, իսկ զորամասի դարպասներից դուրս՝ Հոսոն: Նույնիսկ մի անգամ, երբ իր լեյտենանտներից մեկը բանկում բարևելիս ասել էր պարոն կապիտան, Հովսեփը պատասխանել էր, որ ինքը պարոն կապիտան է միայն զինվորական կյանքում, առօրյայում` Հովսեփ:

Երկար էր կապիտան Հովսեփ Կիրակոսյանի նախընտրած ուղին ու իր կյանքի 27 գարունների մեջ ռազմագետն ու բանիմաց հրամանատարը, համեստ ու լռակյաց զինվորը, արժանապատիվ հայորդին պիտի տեղավորեր ամենա-ամենակարևորը… Նրա խաժ աչքերում պիտի պարտվեր մահը.. Հովսեփը հերոս է, իսկ հերոսները չեն մահանում, նրանք կյանքից մահվան գիրկն են անցնում անխռով ու հաղթանակած…

Հոգելույս կապիտան Հովսեփ Կիրակոսյանն ունի երկու հրաշք որդի. խոր, թաքուն մի վիշտ կա նրանց աչքերում, բայց և հպարտության դրոշմ՝ հոր փառապանծ վարքի համար… Կրտսեր որդին ասաց, որ ինքը պիտի իրավաբան դառնա, իսկ ավագը երազում է Հայոց բանակի գեներալ դառնալ:

Մանրամասներն՝ «aravot.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը