Կարծիք

29.10.2010 10:42


Կախել, չի կարելի ներել

Կախել, չի կարելի ներել

Այս վերնագրում, մի ստորակետ կա: Մտքով այն տեղափոխեք դեպի աջ եւ տեղադրեք «ներել» բառից առաջ ու տեսեք, թե ինչ կստացվի: Ասում են' ժամանակին մի թագավոր է եղել, ով ցանկացել է ազատվել շատ բան իմացող պալատականից: Նրան մի նամակ է տվել, թե կտանես, կհանձնես այսինչ քաղաքի բանտապահին: Պալատականը, որ սովորություն ուներ քիթը թագավորական գործերի մեջ խոթելու, որոշում է անպայման ծանոթանալ նամակի բովանդակությանը: Ճանապարհին բացում է նամակն ու կարդում հետևյալը. «Նամակաբերիս ներել չի կարելի, կախել»: Խորամանկ պալատականը հնարը գտնում է: Նա տեղափոխում է ստորակետը եւ թագավորական նամակը հատուկ ծիսակարգով հանձնում հասցեատիրոջը: Այստեղից է գալիս այն թևավոր խոսքը, թե ստորակետը կարող է անգամ մարդու կյանք փրկել:

Իսկ ինչը կփրկի ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնությանը, երբ այս եղբայրությունը (կոալիցիան) ինքն է իր վրա նման նամակներ գրում:  

«... համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական պետություն ունենալու իրավունքը այն բարձրագույն արժեքն է, հանուն որի  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես պատրաստ է գնալ առավել վճռական քայլերի, եթե բանակցային գործընթացը ձախողվի՝ վտանգելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը։

Ընթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում մենք թե՛ ինքներս կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, թե՛ կսատարենք դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը»։

Սա մի հատված է կոալիցիայի կուսակցությունների (ՀՀԿ-ԲՀԿ) հայտարարությունից, որտեղ ընդգծումները կատարված են մեր նախաձեռնությամբ: Եթե նկատեցիք' հայտարարությունից բացակայում է մի շատ կարևոր մանրամասն: Նրա հեղինակները չեն էլ փորձել հստակեցրել, թե ե՞րբ, ո՞ր դեպքում կհամարեն, որ ԼՂՀ հարցով ընթացող բանակցային գործընթացը տապալվել է:

Այստեղից էլ նրանց դիմելու ցանկություն առաջացավ: Պարոնայք, կարո՞ղ եք, արդյոք, մտաբերել ձեր մասնակցությամբ որևէ գործընթաց, որ ձախողված լինի: Այն, ինչ մենք ենք տեսնում ձեր մեկնաբանությունների լույսի ներքո, պիտի հուշեր մեզ, որ աշխարհի թերևս ամենաերջանիկ ժողովուրդների մեջ առաջին տասնյակում ենք գտնվում: Հասկանալի է, չէ՞ ինչ ենք ուզում ասել: Հայ-թուրքական ֆուտբոլի ողջ ընթացքում գնդակն այդպես էլ Թուրքիայի դաշտից դուրս չեկավ, հայ-ադրբեջանականի դեպքում' Ադրբեջանը ապտակ ապտակի հետևից է ստանում եւ այսպես շարունակ: Իսկ ո՞ւր են մեր բանակցային ձեռքբերումներն ու մի զարկով ջարդած հազարավոր ճանճերը: Ու մինչ նրանք այդպիսի մի գործընթաց հիշեն...

Մտածում եմ' բանակցությունների ձախողում չէ՞, արդյոք, որ Ալիևը զայրացած լքում է եռակողմ հանդիպումը եւ սադրանք կազմակերպում շփման գծում: Մերոնք ասում են' դա մեր հերթական ապտակի արդյունքում է տեղի ունեցել: Համաձայն եմ, եղբայր: Բայց այդ դեպքում ինչի՞ արդյունք է, որ այդ շատ զայրացած Ալիևը դարձյալ գալիս է հանդիպման: Գուցե սա էլ նրա մյուս երեսի՞ն հասցված ապտակից է: Որոշ իշխանամետ տեսաբաններ (հայկական կողմից) պնդում են, թե բանակցությունները կարող են ձախողված կամ տապալված չհամարել, քանի դեռ պատերազմը չի վերսկսվել: Շատ ներողություն, բայց այդ դեպքում թող մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները բարի լինեն ընդունել, որ 16 տարի շարունակ զբաղված են եղել ոչ թե Ղարաբաղի անկախության ճանաչման խնդրի շուրջ բանակցություններով, այլ պատերազմը վերսկսելու հարցում Ադրբեջանին հակառակը համոզելով, ընդ որում' շատ վատ անելով դա: Ըստ ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովի' Մայնդորֆում Ադրբեջանը մեկի տեղ երկու ապտակ է կերել. «Ադրբեջանը երկու հարված ստացավ այս հռչակագրով. նախ հերքվեց ադրբեջանական այն ցանկությունը, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում եւ երկրորդը' բացառվեց խնդրի ռազմական ճանապարհով լուծումը, ինչը ադրբեջանական կողմը չէր բացառում»: Բա այս մտքի համար մաղարիչ չանե՞նք: Որևէ մեկը լսե՞լ է, որ Ալիևը աղի արտասուք թափի, թե հասեք, տարածքային ամբողջականության իմ սուրբ իրավունքը ձեռքիցս տանում են: ՄԱԿ-ից մինչև Եվրախորհուրդ հենց միայն Ադրբեջանի ամբողջականությունից են խոսում, իսկ պարոն Շարմազանովը մեզ աչքալուսանք է տալիս, բա չեք ասի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այլևս առաջնային չէ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները հաջող են ընթանում: Ամենաուժեղ ապտակը, սակայն, մյուսն է, այն, որ, ըստ Շարմազանովի, բացառել ենք խնդրի ռազմական ճանապարհով լուծումը: Ուրեմն պետք է նրան հիշեցնել' որևէ խնդրի ռազմական ճանապարհով լուծում, այդ խնդրի ռազմական ճանապարհով լուծումից առաջ միշտ ել բացառվում է: Պատմաբան քաղաքական գործիչը պետք է լավ իմանա, որ ժամանակին այդպես բերանացի «բացառվել» են այնպիսի խնդիրների ռազմական ճանապարհով լուծումները, ինչպիսիք էին Իրաքի, Կոսովոյի, Սերբիայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի խնդիրները: Վերջապես, պարոն Շարմազանովը եւ մյուս «Շարմազանով եղբայրները» մայնդորֆյան հռչակագրի ընդունումից հետո հաշվե՞լ են, թե Ալիևը քանի անգամ է ձեռնպահ մնացել ռազմատենչ հայտարարություններ անելուց, քանի անգամ է հերդորել իր օրենսդիրներին' կրճատել ռազմական ծախսերը: Ուրեմն էլ ո՞րն է պատճառը, որ կոալիցիան շարունակում է կառչած մնալ բանակցությունների իմիտացիա ստեղծող այս գործընթացից: Մի՞թե նախագահի թիմը չի տեսնում, որ իր վարած արտաքին քաղաքականության պատճառով երկիրը գնալով խրվում է զանազան այլ, երբեմն նույնիսկ մեզ հետ կապ չունեցող խնդիրների մեջ, մի՞թե չեն տեսնում, որ սկսել ենք անգամ քաղաքական ճղճիմ կոմպրոմատների զոհ դառնալ:

Լավ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ կոալիցիայի համատեղ հայտարարությունը' կհարցնի ընթերցողը: Ամենասերտ կապն ունի: Ահա, թե ինչու: Մինչ այս պահն էլ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն (ՕԵԿ-ին այստեղ խոսք չի հասնում, որովհետև նա մինչև Սերժ Սարգսյանի իշխանության ավարտը «բացակա» է գրվել), համոզված են, ու իրենք շարունակում են մեծ հաջողությամբ բանակցել ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ եւ Ժառանգության առաջարկը շատ է խանգարում' այդ բանակցությունները հաջողությամբ պսակելու: Ինչո՞ւ է այսպիսի ֆոն ստեղծվում ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցի շուրջ: Որ դրսերում ասեն' տեսեք, թե Հայաստանն ինչքան լուրջ է մոտենում հարցի՞ն: Մեր կոալիցիան իրո՞ք այնքան միամիտ է, որ կարծում է, թե Ժառանգության հետ թատրոն խաղալով' կկարողանա ճնշում բանեցնել Ադրբեջանի ու միջազգային հանրության վրա: Եթե իրոք այդպես է, ապա ես շատ ցավում եմ այս կոալիցիայի համար, քանի որ նրա իշխանության օրոք այդպես էլ չի գալու այն պահը, որ նա մասնակցի այդպիսի մի կարևոր քվեարկության: Չի գա պահը, քանի դեռ իրենց համատեղ հայտարարության մեջ մեկ էջ շարունակ խոսում են «հաջողությամբ ընթացող բանակցությունների» մասին իսկ վերջում խրոխտ-խրոխտ, ասես Իզմայիլովյան ամրոցը հենց նոր գրաված սուվորովներ, շեփորում. «Այս պահին իշխող քաղաքական կոալիցիան հայտարարում է, որ չի մասնակցելու  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը»։

Դպրոցականին էլ հասկանալի է, որ այստեղ մեկ ստորակետի տեղափոխությամբ հարց չի լուծվում: Բանն այն է, որ քվեարկությանը չմասնակցել' նշանակում է փախուստ տալ, բացակայել, տեղում չլինել եւ այլն: Երբ կոալիցիան է դիմում նամն քայլի եւ փախչում սեփական խորհրդարանից, մնում է Գալուստ Սահակյանին մեջտեղ բերել ու նրան պարտադրել այնպիսի բան հայտարարել, որ բոլորը զարմանան. «Մենք այս կերպ պատասխանատվություն ենք ստանձնում»: Սա այս չարաբաստիկ հայտարարությունը գաղափարապես փրկելու երևի միակ ու ամենանհաջող հնարավորությունն էր: Դա' իր հերթին: Լեզվական անհարթության գծով նույնպես անելիք կա: Մենք առաջարկում ենք հայ ժողովրդի պատմության դասագրքերում ընդգրկելուց առաջ, հայտարարության վերջին պարբերությունը վերախմբագրել հետևյալ կերպ. «Իշխող քաղաքական կոալիցիան հայտարարում է, որ այս պահին չի մասնակցելու  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի' քվեարկությանը»։ Տարբերությունը կարծես մեծ չէ, բայց մեր խմբագրած տեքստը ապագա սերունդներին կարող է նաև հուշել, որ իրենց պապերի օրոք իշխած կոալիցիան ընդհանրապես եւ ամեն պահի կողմ է եղել ԼՂՀ անկախության ճանաչմանը, բայց, քաղաքական իրավիճակից ելնելով, հայտարարել է, որ նախագծի տվյալ պահի քվեարկությանը չի մասնակցելու: Պատճառներ' ինչքան ուզեք:  Էդվարդ Նալբանդյան. «Կարծում եմ, որ այս հանդիպումը, ինչպես եւ նախորդները, օգտակար էր եւ կարեւոր»: Էդուարդ Շարմազանով. «Այս հանդիպումը կարելի է գնահատել օգտակար եւ կարեւոր»: Հետևաբար, ինչո՞ւ միակողմանիորեն ճանաչեին ԼՂՀ անկախությունը, երբ ՀՀ նախագահը շարունակում էր օգտակար եւ կարևոր հանդիպումներ ունենալ Ալիևի հետ:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը