Կարծիք

05.10.2016 13:53


Ընդդիմությունը միասնական չեղավ և հաղթեց ձայների փոքրամասնությունը

Ընդդիմությունը միասնական չեղավ և հաղթեց ձայների փոքրամասնությունը

Իշխանության ձեռքից սնվող լրատվամիջոցները հիմա էլ աղաղակում են այն մասին, թե ՏԻՄ ընտրություններին «ծախված» ձայների արդյունքում ՀՀԿ-ն հաղթանակ տարավ: Առաջ են տանում այն թեզը, թե ժողովուրդն էլ արժանի է այս իշխանություններին։ Մարդիկ երկերեսանի են. մի կողմից ասում են՝ իշխանափոխություն պետք է լինի, երկիրը կործանել են ՀՀԿ-ականները, մյուս կողմից գնում և իշխանությանն են ձայն տալիս՝ պատճառաբանելով, որ ընդդիմությունից են զզվել:

Իհարկե, սա այնքան էլ իրականությունից հեռու չէ, և կան մարդիկ, ովքեր «ծախվեցին» հանուն մի կուշտ փորի, սակայն այս պարագայում այդ նույն լրատվամիջոցներին ավելի ձեռնտու է հենց այս թեզն առաջ տանելը և «ծախված» ձայների փաստը մատի փաթաթան սարքելը, քան այն, թե իրականում ինչու ՀՀԿ-ն հաղթանակ տարավ: Լրատվականների վերլուծաբանները չեն ուզում կամ չեն կարող խոսել այն մասին, որ ՀՀԿ-ականները հաղթանակ ունեցան ըդդիմության պառակտվածության, միասնական հանդես չգալու պատճառով:

Արդյունքում՝ ՀՀԿ-ն Գյումրիում հավաքեց ձայների 33 տոկոսը և հաղթանակ ունեցավ, իսկ մնացած ձայները բաշխվեցին ընդդիմադիր տարբեր ուժերի միջև. նրանք էլ պարտություն ունեցան:

Այսինքն, այս ընտրությունների միակ խոչընդոտն ու պարտությունն ընդդիմության չմիասնականության մեջ պետք է փնտրել: Եվ որքան էլ ընտրակեղծարար մեքենան ուժեղ աշխատեր, չէր կարող առաջ անցնել ընդդիմության միասնական քայլերից. սա այլևս ի գիտություն է դարձել ինձ համար:

Եվ եթե մյուս ընտրություններին այս հարցը լուծվեց, մենք ունեցանք միասնական ընդդիմության մի մեծ բանակ, և բոլորի ձայները միավորվեն, մենք իշխանափոխության հարցը լուծված ենք համարելու: Իսկ մնացած խոսակցություններն անիմաստ են. դրանք պարզապես իշխանության ջրաղացին են ջուր լցնում: Իշխանությունը հենց դա էլ ուզում է, որ առաջ գա այն կարծիքը, թե մարդիկ են իրենց ընտրել, իսկ մարդկանց մեծամասնությունն իր ձայնը տվել է ընդդիմությանը: Դա գոնե պաշտոնական թվերն են վկայում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը