Մեկնաբանություն

16.10.2016 13:50


Անարժանապատիվ պետության հատկանիշները

Անարժանապատիվ պետության հատկանիշները

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպիսի անարժանապատիվ և թուլացող պետության է վերածվել ՀՀ-ն «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ներքո:

Ներկայացնենք մի քանի դրվագ, որոնք կապացուցեն վերը նշվածը:

Դրվագ 1-ին

Սերժ Սարգսյանը օդանավի մոտ է դիմավորում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց մյուս երկրներից ժամանած նախագահների պահով նույնը չի անում:

Իր այդ քայլով ՀՀԿ ղեկավարը քծնում է Պուտինին ու վիրավորում մյուս նախագահներին: Արդյունքում՝ Պուտինի մոտ հաստատ մեր երկրի հանդեպ հարգանքը չի ավելանում, ավելին՝ դեռ մի բան էլ նողկանք է առաջացնում վասալի կարգավիճակով իրեն մատուցող Հայաստանը, իսկ մյուսներն էլ ավտոմատ վատ են տրամադրվում մեր հանդեպ, քանի որ խտրական վերաբերմունքի են արժանանում: Համ էլ՝ ոչ մեկի դուրը չի գալիս այլ պետության ղեկավարին անհարմարության աստիճանի քծնող մեկ այլ երկրի ղեկավարը: Քծնանքով և ինքնանվաստացմամբ դեռ ոչ մեկը հարգանքի չի արժանացել:

Արժանապատիվ պետություն և իշխանություն ունենալու դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր նախագահներին պետության առաջին դեմքը պետք է դիմավորեր նույն արարողակարգով, այն է՝ բարձրաստիճան հյուրերին ընդուներ կա՛մ օդակայանում, կա՛մ նախագահական նստավայրում:

Դրվագ 2-րդ

Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարեց, որ փռշտում է և չի կարող գալ Հայաստան՝ դրանով իսկ իր համերաշխությունը հայտնելով Ադրբեջանին և ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը մեր նկատմամբ:

Անարժանապատիվ ու թուլացող երկրի հետ հենց այդպես էլ վարվում են «դաշնակիցները»:

Դրվագ 3-րդ

Ռոտացիոն սկզբունքով պետք է ՀՀ-ի ներկայացուցիչը դառնար ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար՝ իր պաշտոնավարման ժամկետը լրացրած Բորդյուժայի փոխարեն, սակայն այդ նշանակումն այդպես էլ տեղի չունեցավ:

Հայաստանի իշխանությունն իր ներքին ու արտաքին «նախաձեռնողական» քաղաքականությամբ հասել է այն բանին, որ մեզ չեն վստահում ու չեն հարգում ինչպես դաշնակցային, այնպես էլ ոչ դաշնակցային միջավայրերում:

Դրվագ 4-րդ

Ռուսական մամուլը պարզապես ծաղրական մեկնաբանություններ է ներկայացրել Սերժ Սարգսյանի մասին՝ օգտագործելով «ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ Սերժ Սարգսյանը քթի տակ անհասկանալի բառեր էր փնթփնթում» տիպի ձևակերպումներ:

Այս ամենի պատճառն այն չէ, որ »ռուսները մեզ չեն սիրում»: Պատճառն այն է, որ արժանապատվություն չունեցող և թույլ իշխանության ու պետության մասին հենց այսպես էլ պետք է գրեն:

Դրվագ 5-րդ

Ինչո՞ւ պետք է ռուս լրագրողները ՀՀ ղեկավարի ու Հայաստանի հանդեպ արհամարհական վերաբերմունք չունենան, եթե հայ լրագրողը հարցնում է Պուտինի մամլո խոսնակին, թե բա ճի՞շտ է, որ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուց առաջ Սերժ Սարգսյանը Կրեմլի հետ է ճշտվել:

Պուտինի խոսնակ Պեսկովը հաստատ շոկ ապրած կլինի այդ հարցից, քանզի նրա մտքով չէր կարող անցնել, որ այդ աստիճանի ստրկամիտ մթնոլորտ կա Հայաստանում:

Պեսկովն «անհեթեթություն» որակեց այդ հարցը, բայց ցավալին այն է, որ մենք տարիներ շարունակ այս անհեթեթ իրավիճակի մեջ ենք:

Բ26-ի քարոզչամեքենան տարիներ շարունակ տարածել է «դաբրոների» գաղափարը, տարածել է այն միտքը, որ Հայաստանում բան չի որոշվում, որ ՀՀ քաղաքացուց բան կախված չէ, և որ «սաղ սութ ա, մեկա Պուտինի ասելով ա սաղ որոշվում»:

Ստրկական մթնոլորտն այնքան է տարածվել, որ իրեն առաջադեմ համարող լրագրողն այդպիսի իդիոտ հարց է տալիս Պուտինի խոսնակին՝ ներքուստ համոզված լինելով, որ ՀՀ վարչապետն իրոք նշանակվել է Կրեմլի «դաբրոյով»:

Ավելի ինքնանվաստացուցիչ հարց դժվար էր պատկերացնելը, բայց հայ «առաջադեմ» լրագրողը, թերևս, այն տվել է «տեսա՞ք ինչ ուժեղ հարց հնչեցրի» համոզվածությամբ: Լրագրողի մեղքն այստեղ անքան էլ մեծ չէ: Նա մթնոլորտի արդյունք է:

Եթե Սերժ Սարգսյանը Պուտինին հանդիպելիս անպայման շնորհակալություն է հայտնում, որ իրեն ընդունել են Կրեմլում և հետո ամեն երկրորդ նախադասության մեջ «շնորհակալությունների» շարք է ներկայացնում ու ցուցադրաբար քծնում, ապա բնական է, որ Բ26-ին կից լրատվամիջոցի աշխատակցի մոտ պետք է համոզմունք ձևավորվի, որ ՀՀ վարչապետին միայն Կրեմլի «դաբրոյով» կարող են նշանակել:

Պետության վախճանը հենց այսպես է լինում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը