Մեկնաբանություն

21.12.2009 17:38


ՀՀ քաղաքական համակարգը վամպիրային բնույթ ունի

ՀՀ քաղաքական համակարգը վամպիրային բնույթ ունի

Ալբերտ Ազարյանի և Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ հայտնի տեսահոլովակները, որոնք հայտնվել էին youtube կայքում, ևս մեկ անգամ բացահայտեցին ակնհայտը.    Հայաստանը «շողուլից ընկած» երկիր է։ Քաղաքական գործիչները, մտավորական կոչվածները,  հասարակ քաղաքացիները և այլոք՝ բոլորը միասին  վերցրած կեղծում են։ 

Իշխանություններն ու նրանց աթոռային ընդդիմադիրներն ուղիղ նայում են մեր աչքերին ու ստում։ Մտավորականները մտածում են մի բան, անում մեկ այլ բան,  իսկ հետո ասում լրիվ ուրիշ բան։ Շարքային ընտրողները հայհոյում են իշխանություններին, հետո նրանցից 5000 դրամ ընտրակաշառք են վերցնում ու քվեարկում այդ նույն հայհոյված իշխանության օգտին, իսկ հաջորդ օրը կրկին հայհոյում ընտրակեղծիքներով «հաղթած» իշխանավորներին։ Այսինքն մեր երկրում լուսավոր կետ գրեթե չի մնացել։ Վերևից  ներքև երկակի  ստանդարտներով են ապրում։

Ազարյանի ու Թոխատյանի հետ պատահածը ընդհամենը մի քանի ժամով կամ օրով խախտեց մեզանում ձևավորված ճահճային անդորրը, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ և յուրաքանչյուր մարդ  վերադարձավ իր գործին։

Եթե ավելի խորքային նայենք երևույթներին, ապա պետք է նկատենք, որ մեր երկրում ձևավորված հարաբերությունները մարդակերային բնույթ ունեն։ Պետության հետ առնչվող բոլոր մարդիկ այլասերվում են և կորցնում իրենց «ես»-ը։ Ու քանի որ բոլորս ենք այս կամ այն կերպ առնչվում պետության՝ կամ որ նույնն է՝ պետական կառավարման տարբեր մակարդակները ներկայացնող անձանց հետ, ուստի փչանում ենք բոլորս։

Առանձին վերցրած՝ իշխանավորները, կամ նրանց աթոռի վրա աչք ունեցողները վատ մարդիկ չեն, բայց ամբողջական տեսքով նրանք չար սատանայի են վերածվում, քանի որ հարաբերությունների բնույթն է այդպիսին։ 

Սովետական լեզվամտածողությունից որպես ժառանգություն մնացած մտավորականության շերտն այժմ խժռվել է անկախ Հայաստանի կողմից։ Պետությունը մեզանից գողացել է  համարյա բոլորին ու այդ  հարցում բոլո՛րս  ենք մեղավոր։ «Կերան» Շարլ Անզավուրին, Սոս Սարգսյանին, Պերճ Զեյթունցյանին, Զորի Բալայանին, Տիգրան Մանսուրյանին, Մարգարովին, Ազարյանին և մյուսներին:

«Կերվածներից» հետ չմնացին նաև «երկրորդ սերնդի բարեփոխվածներ»՝  Թոխատյանը, Վահրամ Սահակյանը, Արմեն Մազմանյանը, շախմատիստները, քաղաքագետ ու թուրքագետ կոչվածները (ովքեր գլխապատառ նետվել են Թուրքիայի գիրկը), Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը ու նրանց նմանները, իսկական ու «ծակ» պրոֆեսորները, կայացած ու չկայացած գրողները, «գեղից» քաղաք փախած ու թոթովախոս երիտասարդները, քաղաքի կենտրոնում ծնված գեղցիները։ Սրանց բոլորին «կերան» վամպիրի պես, ինչպես որ հրեշը կվարվեր գրավված քաղաքի բնակիչների հետ։  

Փաստորեն, Մհեր Մկրտչյանն  ու Հովհաննես Շիրազը «փրկվեցին»... մեռնելով, իսկ Ալբերտ Ազարյանին չօգնեց անգամ  իր «խաչը»։

Մատաղ սերունդը հիմա տեսնում է, որ մեզանում «հաջողության» են հասնում և «առաջ» են գնում բացառապես քծնանքի, պնակալեզության, շողոքորթության և իրենք իրենց կեղծելու ունակ մարդիկ։ Բարքերն են այդպիսին։ Պետությունը մեզանից գողացավ գրողին, նկարչին, երգչին, դերասանին, մարզիկին, ռեժիսորին։ Բոլորի՛ն։

 Մարդիկ, ովքեր իրենց արվեստի միջոցով ծաղրում են կեղծիքը՝ իրենք են կեղծիքով ապրում։ Մարդիկ, ովքեր թատրոնի ռեժիսորներ են կամ դերասաններ՝ իրենք են դերասանություն անում իրական կյանքում։ Մարդիկ, ովքեր սպորտի  միջոցով խիզախություն են քարոզում՝ իրական կյանքում շատ վախկոտ ու երեսպաշտ են։ Մարդիկ, ովքեր երգերի միջոցով բողոքում են իրականությունից՝ իրական կյանքում դառնում են նախընտրական արշավի ատրիբուտ։

Մի խոսքով,  մենք բավական կեղտոտ համակարգ ունենք, որտեղ պատկերավոր ասած, «ոչխարներն ուտում են մարդկանց»։ Իսկ սա շատ վտանգավոր բան է։ Հանրային կյանքում մեծ վակուում կա։ Քաղաքական դաշտը վստահություն չի ներշնչում, լուսավոր գլուխներ կամ չկան, կամ հնարավորություն չկա նրանց տեսնելու, իսկ հասարակ ժողովուրդն առաջնորդվում է «Եղունգ ունես՝ գլուխդ քորի» կարգախոսով։

Վաղը, մյուս օրը,  երբ մի արտակարգ իրավիճակ լինի և ժողովրդին համախմբելու անհրաժեշտություն  առաջանա՝ մարդ չի լինելու, ում կոչին հավատա ու բռունցքվի ժողովուրդը։ Դա պետք է ընդդիմությունն աներ, բայց մեր ընդդիմությունը հիշել է Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների հետ կապվածն ու գնացել է տուն։ Իսկ եթե կոչ անող էլ լինի, ապա բոլորը մտածելու են, թե տեսնես կադրից դուրս իրականում ի՞նչ էր ասել տվյալ մարդը։ «Առա՛ջ, Հայաստա՛ն»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը