Մեկնաբանություն

18.10.2016 00:25


Վեց ամիս, որ «կփրկի» Հայաստանը

Վեց ամիս, որ «կփրկի» Հայաստանը

Երկարաժամկետում «Առա՛ջ Հայաստանն» ու «Ապահով Հայաստանը» տապալվեցին, և հայրենիքը վերածվեց կրկեսի: Կարճաժամկետում նույնպես ամեն բան ձախողվեց: Միջնաժամկետում ընդհանրապես ոչինչ չարվեց երկրի ու ժողովրդի համար: Ահա հիմա էլ որոշեցին վեցամսյա ծրագիր գրել: Դե, ոնց որ բուհական սեսիոն շրջանների համար է գրվում:

«Նախաձեռնողական» Սերժ Սարգսյանի կողմից նոր Կառավարության ձևավորումը տևեց շուրջ մեկ ամիս, որպեսզի գործադիր իշխանությունը վեց ամսվա համար ծրագիր գրի: Այսինքն՝ նոր-նոր ձևավորված գործադիր իշխանության համար սահմանված է գործունեության վեցամսյա ժամկետ:

ՀՀԿ ԳՄ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի նախնական տարբերակը, և, ինչպես նշվում է, այդ փաստաթղթի շուրջ քննարկում է ծավալվել (իբր, լիքը հարցեր տվողներ են եղել: Բայց դե, այդ մասին ոչ մի բառ չի ասվում. ով կամ ինչ հարց է ուղղել վարչապետին):

«Կառավարության ծրագիրը դե յուրե վեցամսյա ծրագիր է և գործելու է մինչև ապրիլյան ընտրությունները, այդ իսկ պատճառով շատ կոնկրետ են գրված քայլերը»,-նիստից հետո ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև ընդգծել է, որ վեցամսյա ծրագիրը բխում է Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի ելույթի հիմնադրույթներից, ըստ որոնց՝ բարեփոխումներ են իրականացվելու հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Փետրվարի 12-ի ելույթը ոչ ոք չի հիշում, քանի որ, ինչպես անցած տարիներին, այդ օրն էլ ՀՀԿ ղեկավարը միայն դեկլարատիվ բաներ ասաց՝ ոչ մի ժամկետ ու թիվ չնշելով:

«Էս ենք անելու, էն ենք անելու, արմատախիլ ենք անելու, զարգացնելու ենք» ոճի մեջ երկար ճառեց: Այդ «հիմնադրույթներն», ահա՛, դարձել են Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի հենք՝ վեցամսյա ժամկետով: Սա նշանակում է, որ ոչինչ էլ չեն անելու, և ընդամենը ժամանակ են ձգում, մինչև վրա կհասնեն իշխող ուժի համար «բախտորոշ» ընտրությունները, որոնցում «կայուն մեծամասնություն» ձևավորելու մեծ ախորժակ ունեն: Ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, փաստորեն, սա իսկապես անցումային Կառավարություն է լինելու: Մի վեց ամիս «յոլա կտանեն»՝ ձևացնելով, թե բարեփոխում են հանրային կյանքի բոլոր ոլորտները (մի բան, որ պետք է վաղուց արած լինեին), իսկ հետո՝ ցտեսություն: Ութ տարում իսկի մի ոլորտ չեն բարեփոխել, վեց ամսում ո՞նց են բարեփոխում բոլոր ոլորտները: Գուցե տիեզերական ուժե՞րն են օգնության հասնելու: Ո՞վ գիտե: Ասացեք, խնդրեմ, սա ի՞նչ է, եթե ոչ կրկես:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը