Քաղաքական

18.10.2016 12:50


Էլինար Վարդանյան. «Ցուցակների հրապարակումը դեռևս բավարար չէ իրապես թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար» (տեսանյութ)

Էլինար Վարդանյան. «Ցուցակների հրապարակումը դեռևս բավարար չէ իրապես թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար» (տեսանյութ)

–Ընտրական ցուցակների հրապարակայնությունն այն կարևոր գործիքներից և մեխանիզմներից է, որը հնարավորություն կտա բացառելու ընտրությունների ընթացքում իրականացվող կեղծիքների մի որոշակի զանգվածը, բայց արդյոք այս գործիքն ապահովելո՞ւ է իրապես թափանցիկ ընտրությունների իրականացումը, իհարկե, ոչ,–այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը՝ խոսելով ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Պատգամավորի խոսքով՝ երբ նախընտրական քարոզարշավի ընթացքում փորձում են հանդիպում անցկացնել թաղամասերի բնակիչների հետ, և նրանք հրաժարվում են հանդիպմանը դուրս գալ՝ հիմնավորելով, որ որևէ մականունավոր թաղային հեղինակություն պարզապես թույլ չի տալիս իրենց ներկա գտնվել, ապա կարելի է եզրակացնել, որ տվյալ մեխանիզմը այդ խնդրի դեմ պայքարելու հնարավորություն չի ընձեռելու։

–Ընտրությունները կեղծելու գործիքները տարբեր են, և դրանք կիրառվում են ընտրությունների նախորդ օրվա ընթացքում, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում ընտրությունների հանդեպ վստահության վրա։ Մարդիկ ընտրությունների հանդեպ անվստահություն ունեն արդեն իսկ գոյություն ունեցող այն գործոններով, որոնք տեղի են ունենում նախորդ օրվա ընթացքում,–ասել է Էլինար Վարդանյանը։

Նա նշել է, որ հոկտեմբերի 2–ի ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ մեր ընտրական համակարգն այն չէ, որի մասին 2 տարի խոսում էին և կապում սահմանադրական փոփոխությունների հետ։

–ՏԻՄ ընտրությունների նաև հետընտրական զարգացումները մարդկանց հնարավորություն տվեցին հասկանալու, որ երբ ընտրություններից հետո արդեն իսկ ընտրված ավագանու անդամների նկատմամբ կիրառում են ինչ–որ մեթոդներ՝ նրանց ձայները վերցնելու նպատակով, ապա նշանակում է, որ մենք ունենք քաղաքական խնդիր ընտրական մշակույթի հետ,–ասել է պատգամավորը՝ հավելելով, որ այդ ձևով ոչնչացվում է այն քաղաքական մշակույթը, որը ձևավորվել է տարիների ընթացքում։

–ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին նաև, որ պայքարն ընթանում է ոչ թե քաղաքական կուսակցությունների միջև, այլ անհատների, ինչն էլ, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է ունենում քաղաքական կուսակցությունների կայացման հարցում։ Այսպես կոչված ռեյտինգային ցուցակները, որոնց նախնական մոդելը կիրառվեց ՏԻՄ ընտրությունների ընթացքում, իրականում շատ ավելի լուրջ վտանգի տակ են դնելու մեր ընտրական համակարգը։ ՏԻՄ ընտրությունները եկան ապացուցելու, որ այսուհետ ընտրությունները քաղաքական գործընթացներից տեղափոխվում են անձնական դաշտ. մարդիկ ընտրում են ոչ թե կուսակցությունների, այլ ինչ–ինչ անհատների, ովքեր նրանց վրա ունեն ինչ–որ ազդեցություն։

Էլինար Վարդանյանն անդրադարձել է նաև բոնուսային համակարգին՝ ասելով, որ հենց ինքը բազմիցս նշել է՝ պետք է հրաժարվել թե՛ ռեյտինգային, թե՛ բոնուսային համակարգերից, քանի որ բոնուսային համակարգի դեպքում միևնույն քվեն հավասար արժեք չի ունենում, և քաղաքացին իր քվեի արժեքը չի զգում։

–Ինչ վերաբերում է նշված նախագծին, ապա երեկ քննարկման ընթացքում շատ կարևոր հարց բարձրացվեց, երբ քրեականացվում են, և դրա արդյունքում բավականին խիստ պատիժ է սահմանվում հայտարարություններ ներկայացնողների համար։ Այս հարցի լուծումներից մեկը հանդիսանում է արարքի սուբյեկտիվ կողմի սահմանումը։ Օրինակ՝ դիտավորյալ սպանության համար սահմանվում է բոլորովին այլ պատասխանատվություն, անզգուշությամբ կատարված սպանության դեպքում՝ համար մեկ այլ պատասխանատվություն, մինչ դեռ մենք հայտարարության համար սահմանում ենք պատասխանատվություն՝ առանց սահմանազատելու սուբյեկտիվ կողմը, ինչն էլ թույլ է տալիս անձի նկատմամբ կիրառել այնպիսի պատասխանատվություն, ինչպիսին 3–5 տարվա ազտազրկումն է,– ասել է Էլինար վարդանյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև, որպեսզի հայտատարություն ներկայացնող անձը նախապես զգուշացվի սուտ հայտարարութուն տալու համար պատասխանատվության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը