Լրահոս

22.10.2016 22:09


«Ղժոց, ճվոց, խառը, «կաշմառ» վիճակ էր». գյումրեցին` ավտոբուսի վթարի մասին

«Ղժոց, ճվոց, խառը, «կաշմառ» վիճակ էր». գյումրեցին` ավտոբուսի վթարի մասին

Գյումրու բնակիչ Կորյուն Մկրտչյանն օրեր առաջ վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսի ուղեւորներից է, բնակվում է Մուշ-2 թաղամասում: Վթարի հետեւանքով նա ստորին ծնոտի կոտրվածքներ, վերքեր եւ զույգ սրունքների քերծվածքներ է ստացել: asparez.am-ը հայտնում է, որ առաջին բժշկական օգնությունը ստացել է Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում, իսկ հետագա բուժումն անվճար շարունակել է «Գյումրի» բժշկական կենտրոնում, քաղաքացու բուժումն արդեն ավարտվել է, առողջական վիճակը բավարար է: Դեպքի որոշ մանրամասներ հիշելով` Կ.Մկրտչյանը պատմում է.

-Իրիկվա կողմ էր, Մոսկվայից շարժվեց: Ամեն ինչ նորմալ էր, հանգիստ եկավ, հասավ Վլադիկավկազ ու դեպքը էղավ: Մինչ դեպքը ամեն ինչ նորմալ էր: «Շոֆեռները» հերթափոխելով, հանգստանալով գալիս էին: Քնած եմ եղել, էլ բան չեմ հիշում,-ասում է Կորյուն Մկրտչյանը:

33-ամյա Կորյունն արտագնա աշխատանքի նպատակով է մեկնել Մոսկվա: Ասում է` վարձատրությունը խոստացածից քիչ է եղել, որոշել է վերադառնալ:

-Ավտոբուսի ժողովուրդը քնած է էղել: Ես ժողովրդի ձեներից զարթնա, տեսա, որ մարդիկ դուռ, լուսամուտ կջարդեն, կուզեն դուրս գան: Կողքից մարդիկ էին էկել, մեզի դուրս կհանեին: Ղժոց, ճվոց, խառը, «կաշմառ» վիճակ էր,-պատմում է նա ու ավելացնում, որ վերջին տարիներին հաճախ է մեկնել ՌԴ, այս անգամ վերադառնալիս չի նկատել ավտոբուսի անկառավարելի վիճակ:

-Ես քանի տարի է էդ ավտոբուսներով կերթամ, գուկամ: Արտառոց բաներ չեմ նկատել: «Շոֆեռները» նորմալ վիճակի են էղել: Որտեղ պետք է էղել, էդտեղ կայնել են: Սամալյոտի տոմսերը, որ էժան էղնի, սամալյոտով կերթամ-գուկամ: Փող չկա, ստիպված ավտոբուսով եկա, փող որ ունենանք, ո՞վ ավտոբուս կնստի,-եզրափակում է Կ. Մկրտչյանը:

Մանրամասները՝ asparez.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը