Կարծիք

24.10.2016 15:57


Բոլոր առողջ քաղաքական ուժերի մրցակիցը մեկն է՝ ՀՀԿ-ն

Բոլոր առողջ քաղաքական ուժերի մրցակիցը մեկն է՝ ՀՀԿ-ն

Կարդացի Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցը. շատ կարևոր բանի մասին է խոսում: Ընդդիմությունը պետք է միասնական ճակատ ձևավորի ու համախմբված ներկայանա առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իսկապես, անցողիկ շեմը հաղթահարելով ու պարզապես Ազգային ժողով անցնելով՝ կուսակցությունները կլուծեն նեղ անձնական խնդիրներ, ՀՀԿ-ին էլ հնարավորություն կտան օգտվել «կայուն մեծամասնության» մասին դրույթով նախատեսված «բոնուսային ձայներից» և խորհրդարանում կրկին կունենան միահեծան իշխանություն:

Ընդդիմության միավորումն օրհասական պահանջ է. այլ տարբերակ իշխանափոխության հասնելու համար պարզապես չկա: Կուսակցությունները պետք է կարողանան հաղթահարել իրենց միջև եղած բոլոր տարաձայնությունները և միավորվեն իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գաղափարի շուրջ: Այս միավորումը պետք է յուրահատուկ քննություն դառնա բոլոր քաղաքական ուժերի համար. ընդդիմադիրները կմիավորվեն, իսկ տարբեր պատրվակներով այդ միավորմանը չմասնակցողների, խանգարողների դիմակներն արագ կպատռվեն, և հասարակությունը կհասկանա, թե որ ուժն է իրական փոփոխություն ուզում, իսկ որոնք են պարզապես իշխանության պատվեր կատարում՝ կեղծ ընդդիմություն խաղալով:

Պետք է հասկանալ, որ ժողովրդավարության հաստատման ճանապարհին մենք պետք է ունենանք «անցումային խորհրդարան»: Այս ընտրությունները դրա հնարավորությունը տալիս են: Ընդդիմությունը կարող է միավորվել, միասնական դաշինքով հանդես գալով՝ թույլ չտալ ՀՀԿ-ին մեծամասնություն հավաքել: Նրանք կձևավորեն ազգային համաձայնության կառավարություն և կանցկացնեն անհրաժեշտ բարեփոխումները: Հետո արդեն կստեղծվեն պայմաններ մրցակցային ընտրություններ անցկացնելու համար, և այդ ժամանակ այսօրվա ընդդիմադիրները կկարողանան հավակնել ավելի մեծ ներկայացվածության խորհրդարանում և կմրցեն իրար հետ: Բայց մինչ այդ բոլոր առողջ քաղաքական ուժերի մրցակիցը մեկն է՝ ՀՀԿ-ն:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Կից նյութն՝ այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը