Լրահոս

25.10.2016 12:20


Ուր էր անհետացել Հարժիսի քարավանատան ուղեցույց քարերից մեկը. մանրամասներ (ֆոտոշարք)

Ուր էր անհետացել Հարժիսի քարավանատան ուղեցույց քարերից մեկը. մանրամասներ (ֆոտոշարք)

Հուշարձանագետ Համլետ Պետրոսյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որտեղ վրդովմունքով անդրադարձել էր Սյունիքի մարզի Հարժիսի «Կոտրած» քարավանատան տարածքում տեղակայված ճանապարհացույց քարերից մեկի անհետացմանը։ Նա հարց էր բարձրացրել, թե ով է այլանդակել եզակի պատմական միջավայրը, ավերել հին ճանապարհահատվածը և անհետացրել ճանապարհացույց կոթողը:

«Ավելորդ է ասել, որ հուշարձանը, ներառյալ և այս ուղեցույց քարը ներառված են ՀՀ հուշարձանների ցանկում որպես հանրապետական կարևորության հուշարձան. պահպանվում, վերահսկվում, պարբերաբար այցեստուգվում են Մշակույթի նախարարության կողմից»,– նշել էր Հ. Պետրոսյանը՝ միաժամանակ վիրավորական և կտրուկ արտահայտություններ օգտագործելով։

Պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, «7օր»–ը զրուցել է Համլետ Պետրոսյանի հետ և որոշ մանրամասներ ճշտել։

Հուշարձանագետի խոսքով՝ նա հաճախ է լինում Սյունիքի մարզի Հարժիս գյուղի տարածքում, քանի որ Մետաքսի ճանապարհի հետազոտություն է վարում Ֆլորենցիայի համալսարանի հետ համատեղ։

–Հարժիսի քարավանատունն այն եզակի քարավանատներից է, որտեղ խիստ պահպանվել են պատմական ճանապարհի հատվածները, ինչպես նաև ճանապարհացույցերը։ Այս անգամ, երբ գնացի այնտեղ, տեսա, որ այդ հին ճանապարհները բուլդոզերով քանդել են, իսկ այնտեղ կանգնած կոթողներից մեկը տեղում չէր,–մանրամասնել է Պետրոսյանը։

Նաև նշել է, որ շատ անհանգստացած է եղել կատարվածով, և այդ պատճառով էլ նման խիստ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

–Իմ լավ բարեկամ Կարեն Զեյթունցյանը Գորիսից կրկին գնացել և լուսանկարել է քարավանատունը, և պարզվել է, որ այդ բացակայող կոթողներից մեկը մեքենան էր մի կողմ նետել։ Շատ լավ է, որ այն չի անհետացել, այլ ուղղակի կողքն ընկած է եղել։ Ես ընդամենը ցանկացել եմ տեղեկացնել, որ այդ քարը տեղում չի եղել,–հավելել է Հ. Պետրոսյանը։

«7օր»–ը նաև կապ է հաստատել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի հետ, ով վստահեցրել է, որ այդ հատվածում որևէ փոփոխություն կամ ուղեցույց քարի տեղափոխություն չի կատարվել:

–Այն ուղեցույց քարը, որը Համլետ Պետրոսյանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում, անմիջապես քարավանատնից մոտ 10մ հեռավորության վրա գտնվող ուղեցույց քարն է, որը 2 դիրքից նկարվել է մեր կողմից և դրվել պաշտոնական կայքէջում,– նշել է Աստղիկ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Սյունիքի մարզի Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում քարավանատան տարածքում 3 ուղեցույց քարից բացի՝ ուրիշ ուղեցույց քար չկա հաշվառված, և այդ երեքն էլ իր տեղում է եղել։

–Ես հորդորում եմ, որ եթե Համլետ Պետրոսյանն այդքան մտահոգված է այդ հուշարձաններով, ապա կարող է գալ, և մենք էլ իր հետ կայցելենք Հարժիսի հաշվառված հուշարձանների տարածք. խոսքս «Կոտրած» քարավանատնից մոտ 10մ–ի վրա գտնվող ուղեցույց քարի, ինչպես նաև մյուս 2 ուղեցույցերի մասին է։ Գնանք միասին նկարենք, և Համլետ Պետրոսյանն այդ նկարները կարող է դնել ֆեյսբուքյան իր էջում,– եզրափակել է Աստղիկ Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը