Մեկնաբանություն

26.10.2016 08:00


Ամբոխահաճո և շոու քայլեր

Ամբոխահաճո և շոու քայլեր

2017-ի ապրիլը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածը, որը «բարեփոխված» Սահմանադրությամբ նախագահական ընտրությունների «կշիռ» է ձեռք բերել, սարերի հետևում չէ: Այդ պատճառով վերին իշխանությունն արդեն սկսել է «մտածել» ՀՀ քաղաքացիների մասին: Մասնավորապես, այնպիսի կենսական խնդիրների լուծման մասին, ինչի շնորհիվ ժողովուրդը կկարողանա ձմռան ամիսների տակից մի կերպ դուրս գալ ու քիչ անիծել գործող իշխանությանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակեց իր կողմից կայացրած միանձնյա որոշումը՝ Հայաստանը Մաքսային միություն մտցնելու մասին: Դրանից հետո ավելի քան մեկ տարի ոչ մի խոսք չլսեցինք գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորության մասին (դե, Սերժ Սարգսյանն արդեն տոկոսը խփել էր ու «վերընտրվել» էր ՀՀ նախագահի պաշտոնում): Ժողովրդի համար այդ կենսական խնդիրն այլևս օրակարգից դուրս էր:

2014-ի հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Դրանից հետո էլ մոտ մեկ տարի վերին իշխանությունից ոչինչ չլսեցինք գազի և Էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորության մասին (ի՞նչ կարիք կար. հերթական համապետական ընտրություններին դեռ բավական ժամանակ կար):

2015-ի հուլիսին «Բաղրամյան պողոտա» շոուն իրականացրին, գոլորշին բաց թողեցին, և վերջ:

Ահա՛ հիմա է եկել գների իջեցման «ազգանպաստ» որոշումներ կայացնելու ժամանակը, քանի որ մոտենում են 2017-ի ընտրությունները: Սերժ Սարգսյանը հիմա է հիշել ԵՏՄ անդամակցության շրջանակներում «փոխշահավետ համագործակցության» մասին: Ընդունելով «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ վերջինիս հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրի համաձայն ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերին, Կառավարության հենց առաջին նիստում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն էր բարձրացրել գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հարցը: Իսկ այսօր արդեն ՀՀԿ ղեկավարը հարցը տեղափոխել է ԵՏՄ հարթություն և գազի գնի իջեցման թեման քննարկել է Միլլերի հետ:

Ութ տարի «Գազպրոմի», երեք տարի էլ ՄՄ և ԵՏՄ շրջանակներում այդ հարցին չէր անդրադառնում, իսկ հիմա «հիշել» է նշյալ խնդրի մասին: Որովհետև 2017-ի ապրիլին քիչ ժամանակ է մնացել, իսկ ամբոխահաճո քայլերը պետք է արագացնել ու ժողովրդին ցույց տալ, թե որքա՜ն է «մտահոգվում» նրա մասին:

Մնում է՝ ժողովուրդը գիտակցի, որ այս փուլում իրեն «սիրաշահող» քայլերը ժամանակավոր բնույթ են կրում, և եթե հաջողացնեն դարձյալ տոկոս խփել ու մնալ իշխանության, ապա իրենից տասը կաշի են քերթելու:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը