Կարծիք

27.10.2016 14:09


Դաշինքի առանցքը պետք է լինի հասարակությունը

Դաշինքի առանցքը պետք է լինի հասարակությունը

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզն արդեն թափ է առնում, և օրակարգում դրված թերևս մեկ կարևորագույն հարցն ընդդիմադիր ուժերի միավորումը և միասնական ճակատի ձևավորումն է: Եվ մինչ ընդդիմադիր քաղաքական ուժերը համագործակցության եզրեր են փնտրում միմյանց հետ և քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու մասին հայտարարություններ անում, իշխանությունները տարբեր լծակներով սկսել են այս գործընթացի դեմ հակաքարոզը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչները, պալատական վերլուծաբանները և իշխանական բացահայտված ու ծպտյալ լրատվամիջոցները փորձում են հասարակությանը համոզել, որ դաշինքը չի կայանա: Այսպիսի հակաքարոզի արդյունավետությունը չքննարկելով՝ փաստենք միայն, որ ընդդիմության միավորումը կախված է առավելապես միավորվող ուժերի քաղաքական կամքից:

Անշուշտ, կան խոչընդոտներ, որոնք բարդացնում են դաշինքի կազմավորումը: Թերևս միակ թեզը, որ տարածում են իշխանական քարոզիչները, կարելի է քննարկման առարկա դարձնել: Դա այն է, թե որ ուժը պետք է դառնա միավորման առանցքը, դաշինքի կենտրոնը: Եվ իսկապես, այսօր չկա նման քաղաքական ուժ, որ կարող է հավակնել նման դերի: Բայց ստեղծված պայմաններում դա պետք էլ չէ: Դաշինքի առանցքը պետք է լինի հասարակությունը, հասարակության՝ փոփոխությունների պահանջը: Քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները և լծվեն միասնական պայքարի:

Դրանով նրանք նաև հող կնախապատրաստեն հետագայում իրենց հավակնություններն իրականացնելու համար: Հայաստանը պետք է որոշակի անցումային փուլ հաղթահարի. իշխանությունը ՀՀԿ-ից վերցնելը և նոր իշխանություն ձևավորելը պետք է դիտարկվեն որպես առանձին երկու գործընթացներ: Եվ առաջին փուլում բոլորը միասին պետք է աշխատեն, հետո արդեն մրցեն միմյանց հետ՝ հաջորդ ընտրություններին ընտրողների քվեն ստանալու և իշխանություն ձևավորելու համար: Իսկ այս ընտրություններից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որը կանցկացնի համապատասխան բարեփոխումները և հող կնախապատրաստի մրցակցային ժողովրդավարական ընտրությունների համար:

Իսկ առայժմ պետք է սպասենք և տեսնենք՝ որ քաղաքական ուժերը պատրաստ կլինեն միավորվել, և անել այն, ինչ իրենցից պահանջում է հասարակությունը: Մեծ հաշվով, ընտրողի համար կարևոր չէ, թե ով է կանգնած այս կամ այն քաղաքական ուժի հետևում. ավելի կարևոր է, թե այդ ուժն ինչ է առաջարկում, և ինչպես է պատրաստվում դա իրականացնել:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը