Լրահոս

27.10.2016 14:40


Ավարտվել է «Մուսալեռ»–ում տեղի ունեցած սպանության 2 մեղադրյալների մասով նախաքննությունը

Ավարտվել է «Մուսալեռ»–ում տեղի ունեցած սպանության 2 մեղադրյալների մասով նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալների մասով նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը երկու և ավելի անձանց ապօրինի կերպով կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող հրազենով դիտավորությամբ կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի և Արմեն Խլղաթյանի ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի հանգամանքները, հստակեցվել միջադեպին մասնակից անձանց շրջանակը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, պարզվել Ա.Կարապետյանի և Ա.Խլղաթյանի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մասնավորապես՝ ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Ս.Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից), իսկ Ա.Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը)։ Վերջիններիս նկատմամբ հայտարավել է հետախուզում:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված համալիրում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ Ա.Պառավյանը և Խ. Խաչիկյանը։ Ա. Պառավյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), իսկ Խ.Խաչիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):

Նշված երկու մեղադրյալների մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Մեղադրյալներ Ս.Թովմասյանի և Ա.Բաբայանի մասով նախաքննությունը շարունակվում է։ Հանձնարարություն է տրվել իրավասու մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հետախուզվողներին հայտնաբերելու և վարույթն իրականանող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը