Լրահոս

28.10.2016 13:35


«Ես չեմ ուզում ՀՀ քաղաքացի մնալ». լրագրող Սյուզան Ջաղինյանը դիմել է Ադրբեջանին

«Ես չեմ ուզում ՀՀ քաղաքացի մնալ». լրագրող Սյուզան Ջաղինյանը դիմել է Ադրբեջանին

«haqqin.az»–ը հրապարակել է ՀՀ քաղաքացի մնալ չցանկացող հայ լրագրող Սյուզան Ջաղինյանի նամակը, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև։

«Ես՝ Սյուզան Վլադիմիրի Ջաղինյանս, ծնվել եմ Երևանում 1967թ.։ Ինչպես ԽՍՀՄ–ում բոլոր ծնվածները, արժանավոր կրթություն եմ ստացել, այդ թվում՝ բարձրագույն։ Ես դասախոս եմ, լրագրող և երաժիշտ։ 18 տարեկանից մինչև 2010-ը ՀՀ քաղաքացի եմ։ Քաղաքացիությունս չեմ փոխել, երկրից 6 ամսից ավելի չեմ բացայակել։

Այն, ինչ կատարվում է Հայաստանում 2000–ից ի վեր, աննկարագրելի է։

Սուտը, կոռուպցիան, օրենքների լիարժեք արհամարհումը, մարդասպանությունները՝ քաղաքական խնդիրների լուծման նպատակով... և ՀՀ քաղաքացիների դեմ իշխող շրջանակների կողմից կատարվող բազմաթիվ այլ հանցագործություններն աստիճանաբար մեզ մոտ նորմա էին դառնում։

Իշխանությունները լպիրշորեն, ուժի գործադրմամբ, խլել և շարունակում են խլել քաղաքացիների սեփականությունը՝ քողարկվելով «օրենքով». օրենքներն օգտագործվում են, այսպես կոչված, էլիտային կամ այն կաստային ծառայելու համար, որը զավթել է իշխանությունը։

Բնականաբար, այդ ամենը նաև ինձ չշրջանցեց, երբ ես անհաշտ պայքարի մեջ մտա հանցագործների հետ։

90-ականների կեսերին մարդիկ Հայաստանում չէին ապրում, այլ գոյություն էին քարշ տալիս։ Ես ապրում էի բնակարանում, որը 1996–ին, ՀՀ կառավարության որոշմամբ, ինձ էր տրամադրվել, սակայն իմ ընդդիմադիր գործունեության և մի շարք ելույթների համար, որպես «պատիժ», որոշեցին օրդեր չտալ իմ իսկ բնակարանը սեփականաշնորհելու համար։ Քաղաքապետն անգամ հրամանագիր ստորագրեց ինձ բնակարանից հանելու մասին։

Քաղաքապետի իրավաբանը, տեսնելով, որ ես գիտեմ օրենքներն ու իմ իրավունքները, ինչպես նաև ունեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բռունցքներով հարձակվեց վրաս՝ հայհոյելով։ Սակայն դատարանում պարզվեց՝ ես եմ հարձակվել նրա վրա։

Ինձ մեղադրեցին խուլիգանության մեջ։ Ես հրաժարվեցի ներկայանալ հարցաքննությանը, քանի դեռ դրանք չէին տեսանկարահանվում։ Քննիչն իմ նկատմամբ հետախուզում հայտարարեց։

Հաջորդ օրն ինձ տանը «գտան»։

2009–ին ինձ հետ տեղի ունեցածն իսկական մղձավանջ է հիշեցնում։ Անձնագրային բաժանմունքում ես պարզեցի, որ արդեն մեկ տարի է՝ մահացած եմ։ Մահացած լինելն ու ապրելն օրինաչափ էր։

Նախագահական ընտրությունների ժամանակ ես դիմեցի դատարան՝ իրավունքներս վերականգելու համար, սակայն ինձ մերժեցին։ 2012–ին դիմեցի մամուլին, մասնավորապես АТВ–ին և որոշեցի հրապարակել ոչ միայն իմ գործը, այլև այդ գործի հետ կապված իշխանությունների կողմից կատարվող անօրինականությունների շարքը։ Հենց այդ ժամանակ էլ անդամագրվեցի ընդդիմադիր «Ներազգային ազատագրական շարժմանը»։ Մի շարք ակցիաների մասնակցելուց և վերը նշված հեռուստաընկերությանը իմ գործը փոխանցելուց հետո ինձ ձերբակալեցին և մեղադրեցին ահաբեկչության մեջ։

Իսկ վայ լրագրողները, որոնց ես տվյալներ էին ուղարկել պաշտոնյաների հանցագործությունների մասին, դատարանում իմ դեմ հանդես եկան։ Գտնվեցին սուտ վկայություն տվողներ, նենգափոխվեցին փաստեր, և ամեն ինչ արվեց տերերին քողարկելու համար։ Իսկ թե ինչ էր անում դատախազը, ուղղակի աննկարագրելի է. նա կատարում էր իշխողների հրամանը, որոնց համար մարդկային կյանքը գրոշ էլ չարժեր։ Ինձ մեկ տարով պայմանական ազատազրկեցին։

Այսօր ես ինքս չեմ ուզում լինել այն երկրի քաղաքացին, որտեղ նման «բարդակ» է, և որտեղ կարելի է կորցնել մարդուն ու գտնելով՝ չգտնել։

Սակայն ես շարունակում եմ իմ հայրենիքի նվիրյալը մնալ և չեմ պատրաստվում այն հանձնել ամբողջական բզկտման։ Ինձ պարզապես աջակցություն է պետք։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, չափազանց շատ է մի մարդու ու մի ճակատագրի, հատկապես կնոջ համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը