Մեկնաբանություն

28.10.2016 14:35


Սերժ Սարգսյանը տվել է բանաձևը

Սերժ Սարգսյանը տվել է բանաձևը

«Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը չի բացառել նախագահի պաշտոնը թողնելուց հետո իր վարչապետ դառնալը։ Նա ասել է, որ ամեն ինչ կախված է խորհրդարանական ընտրություններից և այն բանից, թե որքան լավ քվե կստանա ՀՀԿ–ն։

Եթե «թարգմանենք» ՀՀԿ ղեկավարի ասածները և հարցին մոտանանք հակառակ կողմից, ապա կստանանք հետևյալ բանաձևը. «Եթե ուզում եք, որ Սերժ Սարգսյանը չմնա պետական կառավարման համակարգում և, առավել ևս, իշխանության ղեկն իր ձեռքում չպահի, ապա պետք է ամեն ինչ անել, որպեսզի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ–ն չկարողանա «խփել» իրեն անհրաժեշտ տոկոսները»։

Հնարավո՞ր է ՀՀԿ–ին զրկել իշխանական մենաշնորհից։ Իհարկե, հնարավոր է, եթե ոչիշխանական դաշտը միասնական ջանքեր ներդնի։ Խոսքն, անշուշտ, բոլորին մեկ դաշինք մտցնելը չէ, կամ ավելի ճիշտ՝ միայն այդ ճանապարհը չէ, որ կարող է միասնական դիտարկվել։

Միասնական ջանքերի ներդրումը նշանակում է միմյանց դեմ անիմաստ չքարոզելը, մեկ ընդհանուր քարոզչաթիրախ ընտրելն ու բուն ընտրական գործընթացի ժամանակ սերտորեն համագործակցելը և՛ ընտրատեղամասերում, և՛ ընտրատեղամասերից դուրս։

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանություններն իրենց բոլոր տիպի ընտրակեղծիքային ու վարչական ռեսուրսները ներդնելով կարողանում են 35 տոկոսի չափ քվե «հավաքել»։ Այսինքն՝ այլընտրանքային դաշտի պոտենցիալը գրեթե կրկնակի մեծ է։ Պետք է պարզապես կապիտալիզացնել այդ առավելությունն ու հասնել փոփոխությունների։

Իսկ այն հարցում, որ մեր երկրին անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Քաղաքական փոփոխությունները ՀՀ անվտանգության ու պաշտպանունակության ապահովման միակ երաշխիքն են։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ 2014թ․ ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հայտարարել էր․

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․Եթե [նոր Սահմանադրության – խմբ] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Այս խորագրի վերջին նյութերը