Լրահոս

02.11.2016 23:04


Պայքարելու են, որ ուսման վարձերը նվազեն

Պայքարելու են, որ ուսման վարձերը նվազեն

«Մենք ենք» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Պողոսյանը` իրենց ծրագրերի մասին

–Կրթական համակարգի հետ կապված՝ ի՞նչն է դժգոհություն առաջացնում ձեզ մոտ, որ ընդդիմանում եք: Ուսման վարձերի հետ կապված խնդիրը հիմա՞ է սրվել:

-Իրականում այս դժգոհությունը խոր արմատներ ունի, և նոր չէ, որ առաջացել է: Յուրաքանչյուր ուսումնական տարի սկսում ենք «հաճելի» բարեփոխումներով, որոնք հիմնականում դրսևորվում են ուսման վարձերի բարձրացման տեսքով։ Տրամաբանական կլիներ, եթե բարձրացումը համապատասխաներ մատուցվող կրթական որակին և մեր բնակչության միջին եկամտային չափին։ Սակայն իրականությունը այլ է: Բուհերը դարձել են փող գանձող մարմիններ, ու քանի որ արտագաղթի պատճառով ուսանողության թիվը քչանում է, ֆինանսական «բացը», հավանաբար, փորձում են ուսման վարձերի բարձրացման միջոցով ծածկել: Իսկ եթե մակրոմակարդակի դիտարկում անեմ կրթական համակարգի վերաբերյալ, ապա պատկերը հետևյալը կլինի. ունենք կոռումպացված, կուսակցականացված, ավելի ճիշտ՝ իշխանակցված ու իր գլխավոր ֆունկցիան չկատարող հիմնարկներ: Կրթության որակի մասին այս պայմաններում դժվար է դրական խոսել: Իհարկե, կան առանձին բացառություններ որոշ բուհերի առանձին ֆակուլտետների մասով, բայց այդ բացառություններն ավելի շատ են ընդգծում իմ նկարագրած պատկերը: Մենք համոզված ենք, որ ցածրորակ կրթական համակարգն ուղղակի հարված է պետության հիմքերին: Մեր բողոքն, ըստ այդմ, նաև ընդհանուր կրթական ոլորտի բարեփոխումների համար է: Ուսման վարձերի հարցը մեր պահանջում առանձին դետալ է: Մենք դեմ ենք ուսման վարձերով բուհերը բիզնես կենտրոնի վերածելուն: Ի դեպ, կրթական ոլորտի «կոմերցիալիզացիային» և ուսանողության համար ծանր պայմաններ ստեղծելուն նպաստեց նաև ուսանողական վարկեր կոչվածը: Բայց սա առանձին թեմա է:

–Ի՞նչ մեթոդներով եք պատրաստվում պայքարել ուսման վարձերի իջեցման համար:

-Մենք կօգտագործենք բոլոր հնարավոր հարթակները: Կփորձենք ներգրավել շահագրգիռ շրջանակներին: Ակնկալում ենք մամուլի աջակցությունը, ինչպես նաև բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավվածությունը, քանզի համոզված ենք, որ ոչ միայն ուսանողության, այլ նաև իրական մասնագետների համար էլ է մտահոգիչ կրթական ոլորտի այսօրվա վիճակը և կրթության «կոմերցիալիզացիան»: Կարծում եմ՝ բոլորին էլ պետք է հետաքրքրեն մեր պահանջները, քանի որ կրթության ոլորտը բոլորին է առնչվում: Հայ ընտանիքներում ընդունված է, որ ծնողները, ժողովրդական լեզվով ասած, իրենց բերանից կտրում են ու զավակներին ուսման տալիս: Տպավորությունս այնպիսին է, որ հայ ժողովրդի այդ հատկանիշը հաշվի առնելով են անընդհատ բարձրացնում ուսման վարձը՝ «Միևնույն է՝ գումար կճարեն, կբերեն կտան» համոզվածությամբ:

Մանրամասները՝ «aravot.am»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը