Լրահոս

Նոյեմբեր 10, 2016 11:45

Վարդան Օսկանյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ (տեսանյութ, լրացված)

Վարդան Օսկանյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ (տեսանյութ, լրացված)

Մեկնարկել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը մի խումբ լրատվամիջոցների հետ։

Ընտրված ձևաչափում հրավիրվել են միայն հեռուստաընկերությունների և ուղիղ հեռարձակման հնարավորություն ունեցող համացանցային լրատվամիջոցների ներկայացուցիչները։

***

Վարդան Օսկանյանը հանդես է եկել ելույթով.

«Հինգ ամսից Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սա բացառիկ հնարավորությունն է օրինական ճանապարհով հասնելու երկրում քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրավիճակի էական փոփոխության, որի բաղկացուցիչներից է, անշուշտ, նոր որակի իշխանության ձևավորումը:

Երկրում իրական և խորքային փոփոխությունների հրամայականն այսօր միանշանակ է: Դրա մասին խոսվում է ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Դրա մասին խոսում են ոչ միայն քաղաքական ուժերը, այլև հասարակության լայն շրջանակներ:

Սփյուռքի ազդեցիկ շրջանակների խոր մտահոգության ապացույցներից են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության և «Գլոբալ հայերի» հայտարարությունները, իսկ մեզ մոտ՝ «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության մեկնարկը: Ասեմ, որ անձամբ ես, նաև՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը, պաշտպանում և աջակցում ենք այս կոչերին։ Մենք համոզված ենք, որ այս դրսևորումները կարող են նպաստել հանրային լայն համախմբմանը՝ երկրում իրավիճակ փոխելու համար: Ես ուզում եմ ընդգծել. սրանք ահազանգեր են. նախաձեռնություններ են, բայց ոչ առճակատումների,այլ համերաշխության և միասնական աշխատանքի։

Մեր պետությունն իսկապես լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, բայց դրանից պետք է ոչ թե վախենալ կամ դրանք չնկատել, այլ խոսել բաց ու գտնել ճիշտ լուծումներ։ Բայց դա միայն հայաստանաբնակների խնդիրը, մարտահրավերը չէ, այլ ողջ հայության: Իսկ մեր խնդիրների լուծումը հնարավոր է ոչ միայն հայաստանյան, այլ ողջ հայության ջանքերով: Եվ երբ մենք խոսում ենք համախմբման մասին, մենք նկատի ունենք ոչ միայն հայաստանյան ուժերի, այլ ողջ հայության համախմբումը:

Առանց Հայաստանում ներքին կյանքի, հարաբերությունների որակական փոփոխության, առանց նոր գաղափարների և խիզախ ծրագրերի, զուտ անհատների տեղաշարժերով հնարավոր չի լինելու լուծումներ տալ այդ խնդիրներին:

Խորհրդարանական առաջիկա ընտրություններն իրենց կարևորությամբ իսկապես բացառիկ են, քանի որ նոր Սահմանադրությամբ անցել ենք կառավարման խորհրդարանական մոդելի։

Եթե նախկինում նախագահական ընտրություններն էին հանդիսանում բացարձակ քաղաքական ընտրություններ, ապա հիմա խորհրդարանական ընտրություններով է ձևավորվելու ողջ իշխանությունը։

Չափազանց կարևոր է այս գաղափարը հասցնել ժողովրդին, յուրաքանչյուր ընտրողի։ Սա բացառիկ պատասխանատվության պահ է բոլորիս համար։ Խորհրդարանական նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ առավել կարևորվել են սոցիալական, կենցաղային խնդիրները, իսկ հիմա անվտանգության, արդարության, աշխարհաքաղաքական կուրսի և մնացյալ բոլոր կարևորագույն հարցերն են ընկած լինելու առաջիկա ընտրության հիմքում: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մենք ուղղակի պարտավոր ենք այս թեմաները բաց քննարկել մեր ժողովրդի հետ։

Քաղաքական բոլոր հիմնական ուժերն իրենց առաջին դեմքով պարտավոր են հանրությանը կետ առ կետ ներկայացնել մեր առաջ ծառացած կարևորագույն հարցերի շուրջ իրենց տեսակետները։ Դա է որոշելու Հայաստանի ապագան, դա է որոշելու մեր ժողովրդի անվտանգությունը, դա է որոշելու մեր ժողովրդի բարեկեցությունը, դա է որոշելու պետության տեսլականը։

Ժողովուրդը պետք է հստակ իմանա, թե առաջնորդներից և քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչ լուծում է պատկերացնում տնտեսական քաղաքականության, Ղարաբաղի հարցում, Հարավային Կովկասում խաղաղության և տնտեսական ինտեգրացիոն գործընթացների և այլ հարցերում։

Ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ընտրությունից են կախված մեր երկրում խաղաղության և պատերազմի հավանականությունը, Հայաստանի զարգացման ուղին, տնտեսական աճը, ժողովրդի այս ծանր իրավիճակի թեթևացումը և կարևորագույն այլ հարցեր։

Իսկապես չի կարելի թույլ տալ, որ քաղաքական ուժերը թաքնվեն ընդհանուր ձևակերպումների և անհատական անպատասխանատվության շղարշի տակ։ Սա իմ այսօրվա հիմնական մեսիջներից մեկն է։

Ես այսօր հակիրճ կանդրադառնամ երեք հարցի՝ տնտեսություն, Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում:

Տնտեսությունում բեկում մտցնելու համար երեք բան է անհրաժեշտ՝ քաղաքական և տնտեսական խորքային բարեփոխումներ, զարգացման համարձակ ծրագիր և արտաքին միջոցներ ներգրավելու կարողություն։

Առաջինի հետ կապված՝ նոր վարչապետը սկսել է որոշ դրական քայլեր անել, սակայն դրանք քիչ են: Օրինակ՝ ես հակասություն եմ տեսնում հռչակված քայլերի և նոր Հարկային օրենսգրքի միջև: Տնտեսությունն այն ասպարեզն է, որ ոչ ամբողջական և ընտրովի մոտեցումով արդյունքների հասնելը դժվար կլինի: Միաժամանակ, այս ոլորտում առանց ամբողջական և խորքային մոտեցման՝ հնարավոր չի լինի կիրառել զարգացման համարձակ ծրագիր:

Առավել ևս՝ տնտեսական բարեփոխումները դատապարտված են առանց քաղաքական բարեփոխումների: Քաղաքական մենաշնորհն ավելի մեծ չարիք է և ավելի մեծ վտանգ, քան մեր թշնամու ուղարկած փամփուշտները:

Հայաստանին այսօր անհրաժեշտ են տնտեսական աճ ու զարգացում, աշխատատեղերի ստեղծման հնարավորությունների ապահովում և բնակչության կենսամակարդակի բարձրացում՝ ամբողջական գործիքակազմով ընդլայնողական քաղաքականության կիրառմամբ: Եթե կարճ ձևակերպեմ, ապա մեզ անհրաժեշտ է բեկում մտցնել տնտեսական կյանքում։ Մենք տնտեսական պատերազմի մեջ ենք, որը տանուլ տալու պարագայում կարող ենք մտնել տաք պատերազմի փուլ: Ուստի պետք է ամեն ինչ անել, որ տնտեսական ասպարեզում ճեղքում ապահովենք, ոչ թե մեր զինվորների կյանքի գնով փորձենք ճեղքել ռազմաճակատի գիծը:

Վերջապես երրորդի՝ միջոցների ներգրավման մասին: Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ են օտարեկրյա ներդրումներ։ Դժվար է. իհարկե, դժվար է։ Բայց ես ասում եմ՝ հնարավոր է։

Համապատասխան պայմաններ ստեղծելու դեպքում հնարավոր են մեծ ծավալի ներդրումների ներգրավումը և այլ միջոցների ներգրավումը:

Քաղաքական բարեփոխումների և արդար ընտրությունների դեպքում դեռ իրատեսական է ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից մի քանի հարյուր միլիոն դոլար ներգրավելը, Եվրամիության հետ ճիշտ պայմանագրի ստորագրման դեպքում հնարավոր է դոնոր երկրների համաժողովի միջոցով մինչև մեծ գումարների հայթայթումը: Առկա է, սրա մասին իմ տեսակետը վերջերս հրապարակավ հայտնել եմ («Քըրք Քրքորյանի 2-միլիարդանոց կտակից օգտվելու հնարավորությունը»):

Սրանք ուղղություններ են, որոնցով պետք է աշխատել։ Ես պատրաստ եմ ներդնել իմ ողջ կարողությունները այս խնդիրների լուծման համար։ Պատրաստ է «Համախմբում» կուսակցությունը և նրա յուրաքանչյուր անդամ։

Հաջորդ հարցը։

Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով մեզ սպասում են դժվար բանակցություններ, և կան իրական մտահոգություններ։ Մենք պետք է ձգտենք, որ բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարզ ամրագրումից իրացման անցում կատարվի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկար տարիներ ինքնորոշված լինելու փաստի և դրա ճանաչման թեմային։ Թույլ պետք չէ տալ, որ բանակցային հիմնական շեշտադրումները լինեն տարածքների վերադարձի վրա: Շեշտադրումների փոփոխությունը հնարավոր է ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում, և հենց դա է մեզ համար ընդունելի և ճիշտ ուղղությունը: Ղարաբաղյան կարգավորման բանալին Երևանում ու Ստեփանակերտում է, և միայն մենք ենք որոշելու մեր ընդհանուր հայրենիքի սահմանները:

Եվ վերջապես տարածարջանի մասին: Հարավային Կովկասում ինտեգրացիոն բուռն գործընթացներ են տեղի ունենում, ձևավորվում են տրանսպորտային նոր ուղիներ, նոր առանցքներ։ Ակնհայտ է՝ այդ ամենում մենք պարզապես չկանք: Հայաստանի տեղի և դերի հարցը կարևորագույն խնդիր է: Պետք է վերադարձնել կոմպլեմենտարիզմը՝ որպես արտաքին քաղաքականության հայեցակարգային հենք, և դրանից ելնելով՝ առաջնայնություն պետք է դարձնել Վրաստանի հետ հարաբերություններին նոր որակ ու բնույթ հաղորդելը՝ մինչև ինտեգրացիոն գործընթացների սկիզբ: Տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման բանալին հենց այստեղ է:

Մեկ անգամ ևս շեշտում եմ. «Համախմբում» կուսակցությունը կոչ է անում քաղաքական բոլոր հիմնական ուժերին այս հարցերի շուրջ հստակ տեսակետներով հանդես գալ և այդ տեսակետներից ելնելով՝ փորձել առավելագույնս համախմբված այլընտրանքային քաղաքական բևեռ ձևավորել ընտրությունների շեմին:

Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ ես՝ որպես «Համախմբում» կուսակցության նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը.

մենք՝ որպես կուսակցություն, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի քաղաքական, քաղաքացիական շրջանակների ներգրավմամբ առավելագույնս համախմբված հանդես գանք, քանզի այդպիսին է այսօր հանրության պահանջը, և այդպիսի պատկերացում ունենք մենք, որ այս համանուն կուսակցությամբ ենք հանդես գալիս:

Իսկ եթե «Համախմբումը» ընտրություններին մասնակցեց միայնակ, ցուցակը գլխավորելու եմ ես։ Եթե դաշինքով՝ այլ քաղաքական ուժերի հետ, ապա ես պատրաստ եմ մի կողմ դնել անձնական հավակնությունները և շարժվել ըստ նպատակահարմարության։ Հանուն մեծ համախմբման՝ մենք պատրաստ ենք մի կողմ դնել անձնական ցանկացած հավակնություն։

Մենք համոզված ենք, որ Հայաստանում իրական բեկում, իրական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բաց և անկեղծ երկխոսություն ժողովրդի հետ, առանց թշնամանքի քաղաքական հարաբերություններ, պրոգրեսիվ մտածողության և հայացքների կրող ուժերի և անհատների լայն համագործակցություն: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանում լինեն գրագետ, բանիմաց մարդիկ՝ պատրաստ աշխատելու, և հարկ եղած տեղը սեփական, մասնավոր շահերը՝ զիջելու»։

***

Վարդան Օսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Հարցին՝ ընդդիմության որ տեսակի մեջ է տեղավորվում ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ, և ինչպես է վերաբերվում նախընտրական ու հետընտրական դաշինքներին, Վ. Օսկանյանը պատասխանել է.

«Մեր իրականությունում այսօր ամեն ինչ այնքան է խեղաթյուրված, որ նույնիսկ իշխանություն, ընդդիմություն հասկացությունները հարաբերական են դարձել։ Ինչ–որ քաղաքական ուժ կարող է հրապարակային ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, բայց իր գործողություններով լինի իշխանական դաշտում։ Դրա համար կոչ եմ անում արդեն սկսենք գործնական քայլերով ցույց տալ մեր նպատակները, որ ժողովուրդը կարողանա թացը չորից տարբերել։ Մեր մասով ասեմ, որ մենք անկեղծ ենք մեր միտումներում, մենք ուզում ենք երկրում կտրուկ, խորքային բարեփոխումներ առաջացնել, ձևավորել նոր որակի իշխանություն, բերել նոր դեմքեր, նոր գաղափարներ, համարձակ քայլեր անել, ժողովրդին համախմբել, թշնամանքը հանել, այսինքն՝ բոլոր այն թերությունները և բացասական կողմերը, որ տարբեր դրսևորումներ են ստանում և օրեցօր առավել խորանում են, պետք է իսպառ վերացնել, մթնոլորտ պետք է փոխել երկրում։ Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է, մեծ հնարավորություններ կան և՛ ներսում, և՛ դրսում։ Մենք այսօր պատմական խաչմերուկում ենք գտնվում. Սահմանադրություն ենք փոխել։ Եթե թույլ տվեցինք, որ ամեն ինչ նախկինի նման մնա, նոր Սահմանադրությունը վարկաբեկվի, այս ճահճից չենք կարող դուրս գալ։ Դրա համար էլ հաջորդ խորհրդարանական ընտրություններն իսկապես ճակատագրական են լինելու, և մենք պետք է անկեղծ լինենք մեր ժողովրդի հետ մեր մղումներում։ Հաջորդ 5 ամիսներին մենք հենց դա ենք անելու. մենք բաց երկխոսություն ենք սկսելու հասարակության և այլ քաղաքական ուժերի հետ, և փորձելու ենք տեսնել, թե ինչ դաշինքներ կարելի է կազմել։ Իհարկե, լավ կլինի, որ ընտրության գնանք դաշինքներով։ Բայց եթե չի ստացվում, չես կարող ինչ–որ բան պարտադրել քաղաքական ուժերին։ Ժամանակը ցույց կտա։ Բայց ես դրա նախանշանները տեսնում եմ, հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո։ Ովքեր որ կխուափեն դաշինքներից, ցույց կտան իրենց երեսը։ Իհարկե, հնարավոր են նաև հետընտրական դաշինքներ»։

***

Հարցին՝ որ քաղաքական ուժերին է ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ տեսնում որպես գործընկեր, հնարավո՞ր է՝ կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ դաշինքով մասնակցի առաջիկա ընտրություններին՝ Վ. Օսկանյանը պատասխանել է.

––Այս պահին ես որևէ կուսակցության անուն չեմ տա, ում ես տեսնում եմ մեզ որպես գործընկեր, միայն կասեմ հետևյալը՝ մենք ոչինչ չենք բացառում։ Պատրաստ ենք բոլորի հետ նստել խոսել և ընդհանուր եզրեր գտնել։ Սկզբունքը մեկն է՝ մենք բոլորս հասկանում ենք, որ այդ բևեռի անհրաժեշտությունը ժողովրդի հրամայականն է, պահանջն է, և միայն դրանով կարելի է իսկապես մրցունակ լինել մեր առաջ կանգնած բոլոր տեսակ ընտրական և այլ խնդիրների և մարտահրավերների համար։ Այս պահի դրությամբ՝ ես անուններ չեմ տա, պարզապես նորից կշեշտեմ, որ մենք որևէ քաղաքական ուժի հետ, բնականաբար, իշխանականից բացի, չենք բացառում համագործակցությունը և դաշինքի մեջ լինելը։

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձն ի՞նչ կփոխի քաղաքական դաշում, և արդյոք կա՞ նրա վերադարձի անհրաժեշտությունն այսօր, նաև այդ բևեռի ձևավորման շրջանակներում, Վ. Օսկանյանը պատասխանել է.

–Ես կփորձեմ խուսափել այդ հարցից դեռևս այնքան ժամանակ, մինչև որ պարոն Ծառուկյանն ինքը անձամբ հայտարարություն չի արել։ Բայս ես կասեմ հետևյալը՝ անձամբ ես և մեր քաղաքական թիմը Ծառուկյանի հետ երկար ժամանակ աշխատել ենք, մենք ճանապարհ ենք անցել, և ես, ինչպես նաև իմ գործընկերները, չենք փոշմանել։ Մենք Ծառուկյանի հետ միասին մի խնդիր ենք դրել, որ խաղաղ ճանապարհով, օրինական միջոցներով, օգտագործելով մեր օրենքի և Սահմանադրության տված հնարավորությունները, երկրում իրավիճակ փոխենք։ Դա՛ է նպատակը։ Այսօր ես բազմաթիվ մեկնաբանություններ եմ լսում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ե՛վ Ծառուկյանը, և՛ անմիջապես նրա քաղաքական թիմը մի նպատակ է ունեցել՝ խաղաղ ճանապարհով, անվտանգ ճանապարհով, օրենքի շրջանակներում հնարավորինս շուտ երկրում հասնել փոփոխությունների։ Հաջորդ խորհրդարանական ընտրություններն իսկապես տալիս են այդ հնարավորությունը՝ օրինական ճանապարհով, համախմբմամբ, դաշինքներով, քաղաքական բևեռ ստեղծելով, մրցունակ լինելով գնալ և հաղթել, և կարողանալ երկրում իրավիճակ փոխել։

Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք Գագիկ Ծառուկյանն այդ քաղաքական բևեռը ձևավորելու հարցում կարո՞ղ է լուրջ դերակատարություն ունենալ, Վարդան օսկանյանը պատասխանել է.

–Իհարկե, կարող է ունենալ, բայց այս պահին ես որևէ մեկնաբանություն չեմ անի այնքան ժամանակ, մինչև որ ինքը Ծառուկյանը որևէ հայտարարությամբ հանդես չգա։

***

Հարցին՝ 20 տարի շարունակ Հայաստանում կեղծվել են ընտրությունները, և ենթադրվում է, որ առաջիկա ընտրություններում նույնպես կկեղծեն ընտրությունները. ինչպե՞ս է ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ օրենքի ճանապարհով մասնակցելու առաջիկա ընրություններին և բերելու նոր որակ, եթե ընտրություններն էլ, որպես իշխանություն ձևավորող հիմնական գործիք, չեն աշխատել և չեն աշխատում, Վ. Օսկանյանը պատասխանել է.

«Եթե ասենք, որ չեն աշխատելու, և ձեռքներս ծալած նստենք, երևի ձեռնտու կլինի հենց այն մարդկանց համար, ովքեր շահարկում ենք այս իրավիճակները։ Պետք է մտնել պայքարի մեջ և փորձել իրավիճակ փոխել։ Դրա համար էլ առավելապես կարևորվում է դաշինքների ստեղծումը։ Եթե մենք կարողացանք մի քաղաքական բևեռ ստեղծել, որտեղ համախմբվում են բոլոր այն ուժերը, որոնք իսկապես ցանկանում են տեսնել խորքային փոփոխություններ Հայաստանում, ես կարծում եմ, որ հնարավոր կլինի կանխել նաև ընտրակեղծքիները։ Այն համախմբումը, որի մասին այսօր խոսում ենք, երբեք չի եղել։ Ես հասկանում եմ մեր հասարակության հիասթափությունը 2 առումով։ Առաջինը, որ կան կեղծիքներ, շահարկումներ, չարաշահումներ, պարտադրանքներ, մյուս կողմից էլ, որ քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր, չեն կարողացել միավորվել։ Ես կարծում եմ, որ 2–րդի առկայությունն արդեն կարող է բացառել առաջինը։ Դրա համար էլ շեշտը այօր պետք է դնել հենց այդ խնդիրների վրա։ Առաջնային խնդիրը երկրում նոր իրավիճակ ստեղծելն է, ես չեմ զլանա ասել՝ իշխանափոխությունը։ Օրինակ՝ ի՞նչ կատարվեց ԱՄՆ–ում։ Ընդամենն օր առաջ Թրամփը հաղթեց ընտրություններում, որովհետև ժողովուրդը հոգնել էր այդ բյուրոկրատիայից, լճացած վիճակից, նրանց անգործությունից։ Նրանք փոփոխություններ էին ուզում, և նրանք չնայեցին, թե դա ով է անելու, գնացին նրա հետևից, ով ուզում էր դա անել։ Փոփոխությունն առողջ բան է, և նույնը պետք է անենք Հայաստանում։ Եթե մենք ընտրություններով հասանք իշխանափոխության, առաջին՝ այդ մարդիկ, որ դուրս են գալիս, կսթափվեն, 2–րդ՝ իշխանության եկող մարդիկ ավելի պատասխանատվությամբ կլինեն ժողովրդի առաջ։ Արդեն նրանք գիտեն, որ ժողովրդի ձայնով են եկել և նույն ժողովրդի ձայնով էլ կարող են գնալ։ Այնպես որ, այս փոփխությունը ՀՀ–ի համար հացի ու ջրի նման պետք է։ Մենք մեր 25 տարվա ընթացքում ընտրություններով իշխանափոխություն չենք ունեցել։ Այն եղել է կա՛մ հրաժարականով, կա՛մ փոխանցումով։ «Իշխանափոխություն» բառն իսկական իմաստով չենք ունեցել։ Այսօր ես հույսս չեմ կորցրել, դրա համար էլ ստեղծել ենք կուսակցությունը, ներգրավվում ենք այս գործընթացներին, և ինչպես ասացի, ամեն ինչ անելու ենք, որ հնարավոր լինի այդ բևեռը ստեղծել, գնալ պայքարել, դիմագրավել այդ բոլոր խնդիրներին և թույլ չտալ, որ այս անգամ էլ կեղծվեն այդ ընտրությունները»։

***

Վ. Օսկանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է դիտարկել միայն ու միայն քաղաքական հարթությունում, այլ ոչ թե իրավական։

«Իհարկե, իրավականը քաղաքականի հետ համադրելն ուժեղացնում է քո դիրքերը բանակցություններում։ Բայց հարցի լուծումը պետք է դիտարկել միայն քաղաքական հարթությունում։ Իսկ քաղաքական հարթությունում ուժեղ ես, եթե ուժեղ ես երկրի ներսում, կայուն երկիր ունես, տնտեսապես բարգավաճող. այդ ամենը կնպաստի քաղաքական հարթությունում ավելի արդյունավետ բանակցություններ վարելուն»։

Վ. Օսկանյանը նշել է՝ հայկական կողմը պետք է Ղարաբաղի ինքնորոշման հարցը բերի նոր հարթություն։ Ըստ նրա՝ հարցի կարգավորման բանալին Երևանում և Ստեփանակերտում է։


7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Արմեն Մարտիրոսյան․ «Հայաստանում կա Հայաստանի խնդիր՝ բառիս բուն իմաստով»

Արմեն Մարտիրոսյան․ «Հայաստանում կա Հայաստանի խնդիր՝ բառիս բուն իմաստով»

Փետրվարի 19, 2017 16:57 Սպառնալիքները շտապ լուծման կարիք ունեն:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով՝ ռեյտինգային ընտրակարգով, առաջադրվելու եմ Լոռու մարզում

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով՝ ռեյտինգային ընտրակարգով, առաջադրվելու եմ Լոռու մարզում

Փետրվարի 19, 2017 16:20 Դեմ եմ գործող իշխանությունների քաղաքական, տնտեսական ռեժիմին:
Արա Օսկանյանի հետ տեղի ունեցածը թյուրիմացություն է և մի երիտասարդի անտեղի վառ երևակայության հետևանք

Արա Օսկանյանի հետ տեղի ունեցածը թյուրիմացություն է և մի երիտասարդի անտեղի վառ երևակայության հետևանք

Փետրվարի 19, 2017 16:10 Շուտով ամեն ինչ կպարզվի և Արան կլինի ազատության մեջ։
Ծաղկաշենում տան ննջասենյակի պատը փլուզվել է

Ծաղկաշենում տան ննջասենյակի պատը փլուզվել է

Փետրվարի 19, 2017 13:10 Փլուզվել է երկշերտ պատի արտաքին շերտից մոտ 35 քմ:
Պաշտպանության նախկին փոխնախարարը «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքից առաջադրվել է Գեղարքունիքում

Պաշտպանության նախկին փոխնախարարը «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքից առաջադրվել է Գեղարքունիքում

Փետրվարի 19, 2017 13:08 Ռազմիկ Պետորսյանն առաջադրվել է Արագածոտնում, Սմբատ Հակոբյանը՝ Կենտրոն-Նորք Մարաշ-Էրեբունի ընտրական տարածքում:
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Փետրվարի 19, 2017 10:26 Ծնվել է 1869թ. Լոռու Դսեղ գյուղում:
Հրդեհ Այգեշատ գյուղում

Հրդեհ Այգեշատ գյուղում

Փետրվարի 19, 2017 10:15 Այրվել են տանիքի կառուցատարրերը:
1982թ. ծնված բնակիչը ցանկացել է ինքնասպանություն գործել

1982թ. ծնված բնակիչը ցանկացել է ինքնասպանություն գործել

Փետրվարի 19, 2017 10:11 Հաշվառված է հոգեբուժական կլինիկայում:
Երևանում՝ փայտամշակման արտադրամասում, հրդեհ է բռնկվել

Երևանում՝ փայտամշակման արտադրամասում, հրդեհ է բռնկվել

Փետրվարի 19, 2017 10:08 Խորդանոցում այրվել են փայտի կտորներ:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 19, 2017 10:02 Բքի պատճառով փակ է Բերդ–Ճամբարակ ճանապարհը:
Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նռնականետ

Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նռնականետ

Փետրվարի 19, 2017 09:57 Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:
Փետրվարի 19-ը՝ Գիրք նվիրելու օր

Փետրվարի 19-ը՝ Գիրք նվիրելու օր

Փետրվարի 19, 2017 08:12 Ի հիշատակ Հովհաննես Թումանյանի:
Ինչպես են փոխվել տղամարդկանց գեղեցկության չափանիշների 100 տարվա ընթացքում (ֆոտոշարք)

Ինչպես են փոխվել տղամարդկանց գեղեցկության չափանիշների 100 տարվա ընթացքում (ֆոտոշարք)

Փետրվարի 18, 2017 21:24 Միշտ էլ ձգտել են լինել գրավիչ, ուժեղ, հաջողակ։
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի Ազգային շքանշանի բարձրագույն տիտղոսին (տեսանյութ)

Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի Ազգային շքանշանի բարձրագույն տիտղոսին (տեսանյութ)

Փետրվարի 18, 2017 20:32 Երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար:
Կոտրել են Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջը

Կոտրել են Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջը

Փետրվարի 18, 2017 20:25 «Ինչ-որ ստատուսների ու մտքերի են հավանություններ տալիս, որոնց հետ ես համամիտ չեմ»։
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Փետրվարի 18, 2017 20:24 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում:
Գողը հարևանն էր

Գողը հարևանն էր

Փետրվարի 18, 2017 20:20 Զովունու նորակառույց տնից։