Քաղաքական

14.11.2016 15:53


Էլինար Վարդանյան. «Ծնողի համար ամենևին կարևոր չէ՝ իր զավակը զոհվեց թշնամու, թե որևէ ստահակի գնդակից»

Էլինար Վարդանյան. «Ծնողի համար ամենևին կարևոր չէ՝ իր զավակը զոհվեց թշնամու, թե որևէ ստահակի գնդակից»

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը խորհրդարանի այսօրվա նիստում հարց է ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ կապված զինծառայողների մահվան դեպքում Պաշտպանության նախարարության փոխհատուցման տեսլականի հետ:

«Երբ ծնողը երեխային ուղարկում է զինծառայության, իր համար ամենևին կարևոր չէ՝ իր զավակը զոհվեց թշնամո՞ւ, թե՞ որևէ ստահակի գնդակից: Ավելին, երբ մենք զինվորական ծառայության ենք ուղարկում 18 տարեկան քաղաքացիներին, ունենք պարտավորություններ իրենց հանդեպ, և մենք նույնքան պատասխանատու ենք մարտական գործողությունների ժամանակ մահացածների համար, որքան որ պատասխանատու ենք խաղաղ պայմաններում սպանվածների համար, հետևաբար արդարության տեսանկյունից այստեղ սահմանազատում անցկացնելը ճիշտ չէ. եթե ոչ ամեն շաբաթ, ապա ամեն ամիս մենք այդպիսի դեպքերի ականատես ենք լինում, և այս առումով, անկախ ամեն ինչից, ընտանիքը, որդուց բացի, զրկվում է նաև կենսական միջոցները հոգացողից։ Հետևաբար, իրենք ևս պետք է լինեն ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերում է քաղաքացիական կարգով փոխհատուցմանը, ես ինքս չեմ պատկերացնում՝ տեղում՝ զորամասում մեկի ձեռքով սպանվածը այդ ինչ քաղաքացիական փոխհատուցում պետք է ստանա սպանողից»,
-հարցադրեց Էլինար Վարդանյանը:

Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ կարող է ստանալ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվող փոխհատուցում:

«Ինչքան է այդ փոխհատուցումը՝ ես այս պահին չգիտեմ»,-պատասխանեց նա:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը