Կարծիք

14.11.2016 23:40


«Շան տղեն» քաղաքակա՞ն կատեգորիա է, թե՞ իրավական

«Շան տղեն» քաղաքակա՞ն կատեգորիա է, թե՞ իրավական

Լավ էր՝ երկիրը կրկեսի վերածեիք, թե չէ եսիմ՝ ինչ եք դարձրել։ Ես չեմ հասկանում՝ էս մարդիկ խոսելուց առաջ մտածո՞ւմ են։

Էդուարդ Շարմազանովը, դե գիտեք, հայտնի կերպար է՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, իշխող ուժի ցանկացած օդիոզ և աբսուրդային գաղափարի արդարացնող, համատեղությամբ էլ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ։ Եվ ահա, այս բարձրաստիճան պետական պաշտոնյան, արդարացնելով մեկ այլ հանրապետական վունդերկինդի՝ Վիգեն Սարգսյանի հայտնի խայտառակ նախաձեռնութունը, ասում է, թե ով Վիգենի, այսինքն՝ բանակի 1000 դրամներից գողացավ, նա «շան տղա է»։

Նախ՝ այսպիսի հայտարարությունն ուղղակի գլխիս մեջ չի տեղավորվում։ «Շան տղեն» քաղաքակա՞ն կատեգորիա է, թե՞ իրավական։ Ոմանք կասեն՝ բարոյական։ Այդ բարոյական ասողները թող մտնեն «Ֆեյսբուք» ու տեսնեն, թե շան տղու մասին այդ հայտարարությունով նյութի տակ մարդիկ ինչ մեկնաբանություններ են գրում։ Ինչևէ, սա Շարմազանովի անձնական գործն է. ինձ նրա թասիբը բացարձակ չի հետաքրքրում։

Ինձ այլ բան է հետաքրքրում։ Էդ բանակից տանողներին, որոնց անունները բոլորիս քաջ հայտնի են, թվարկելու համար էլ մի ամբողջ օր կպահանջվի. էդ մարդիկ մինչ Շարմազանովի հայտարարությունը երջանիկ անտեղյակության մե՞ջ էին ու չգիտե՞ին՝ իրենք ում կամ ինչի տղա են։ Կամ լավ, ասենք՝ իմացան, հետո՞։ Շան տղու հոդվածով ի՞նչ պատիժ է հասնում։ Կամ շանտղությունը միայն այդ 1000 դրամներից գողանա՞լն է։ Որոշել եք բանակը միայն այդ 1000 դրամներո՞վ պահեք, թե՞ այլ տեղերից գողանալը «Շան տղու» հոդվածի տակ չի մտնում։

Եթե պարոն Շարմազանովը նոր է պարզում, թե ինչքան այդպիսի շան տղերք կան կառավարման ապարատում, ապա հասարակությունը հատ-հատ բոլորի անունները գիտի։ Հիմա դրանց հետ ի՞նչ ենք անելու։

Երեսպաշտությունը միշտ էլ հանրապետականների հաղթաթուղթն է եղել, ու եթե մեր այդ փողերի անձեռնմխելիության միակ երաշխիքը Շարմազանովի քֆուրն է, ապա որևէ երաշխիք չկա, որ այդ գումարները չեն գողացվի։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը