Մեկնաբանություն

15.11.2016 00:05


1000-դրամանոց հայրենասիրություն

1000-դրամանոց հայրենասիրություն

Բանակի համար աշխատավարձերից ամսական 1000 դրամ պահելու հարցի շուրջ քննարկումները տեղափոխվեցին Ազգային ժողովի քառօրյա և այստեղ արդեն քննարկումների բովանդակությունն այլ դրսևորումներ ստացավ: Պատգամավորները «1000 դրամի մասին» օրինագիծը շուռումուռ են տալիս ու հարցեր են ուղղում օրենսդրական այդ նախաձեռնության «կնքահորը»՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

Վերջնականապես ճշգրտված չէ այն, թե աշխատավարձերից ամսական 1000 դրամ պահումները ի՞նչ են՝ ազգային տո՞ւրք, հատուցո՞ւմ, նվիրատվությո՞ւն, թե՞ աջակցություն: Թեմայի շուրջ խոսելիս իշխանությունը այս բոլոր հասկացություններն օգտագործում է: Այդ դեպքում՝ պարտադրանքը, այն էլ օրենքի ուժով պարտադրանքը, ո՞րն է: Սա իմիջիայլոց:

Իսկ խորհրդարանում Գալուստ Սահակյանն ասում է` այստեղ փողատերերի անունները մի տվեք:

«Խնդիրները՝ կապված այն բանի հետ, թե ինչ–որ մարդիկ են եղել, որոնց գումարները կարելի է հավաքել, բերել, ապա այդ մարդկանց անուններն ու ազգանունները պետք է տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Ազգային ժողովում»,- սաստելու պես ասում է Գալուստ Սահակյանը:

Իսկ թե ի՞նչ նկատի ունի ասելով «ուրիշ տեղ»՝ հասկանալի չէ: Այս օրերին «ուրիշ տեղերում» այնքան անուններ են հնչել, որ թիվ ու հաշիվ չկա: Հիմա ի՞նչ, ԱԺ դահլիճը սրբատեղի՞ է, որտեղ պետք է միայն խունկ ու մոմ վառել ու չի կարելի բանակը թալանածների անունները տալ («թալանել» բառն էլ արդեն ներգործություն չի թողնում: Ավելի ճիշտ, «շուշաթրաշ» են արել, ինչի ապացույցը ապրիլյան պատերազմի օրերին մեր տեսածն է, թե ինչպիսի բանակ են «պահել»): Ինչևէ:

Մի կողմից Գալուստ Սահակյանը ԱԺ-ում անուններ հրապարակելուն դեմ է, մյուս կողմից էլ Վիգեն Սարգսյանը պատգամավորներին է խնդրում թվարկել անուններ:

«Ուզում եմ ազնիվ ու շատ բաց ասել, որ ուրախ ու կողմ կլինեմ, որ պատգամավորները հետամուտ լինեն ու անուն-անուն թվարկեն պաշտպանական բյուջեի հաշվին իրենց ու իրենց ընտանիքիների երջանկությունը կազմողներին: Եթե այդպիսիք կան, ապա այդ գումարները պետք է վերադարձվեն պետական բյուջե ու պատասխանատվություն կրեն»,-ասում է պաշտպանության նախարարը:

Չես հասկանում՝ հիմա ո՞ր մեկի խնդրանքը կամ առաջարկն են կատարելու պատգամավորները: Երևի, հետո գնալու են ու թաքուն Վիգեն Սարգսյանի ականջին շշնջալու են այդ անունները, որոնք երկար ժամանակ հրապարակվում են սոցցանցերում և լրատվամիջոցներում: Ավաղ, միայն Պաշտպանության նախարարը չգիտի այդ անունները:

Կատարյալ զավեշտ է նաև Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը. «Պետք է ասենք՝ ով էդ գումարից մի լումա գողացավ, նա շան տղա է»:

Պահո՜: Ուրեմն, այս երկրում օրենք գոյություն չունի, եթե ունի էլ՝ չի գործում: «Քֆուր դնելու» մեխանիզմն է գործում: «Պետք է ասենք՝ ով փողերը կերավ, նրա մմզ-պպզ-ն»: Դե, ասողն էլ մեկն է, որը ժամանակին ասում էր «Գլխից է պետք բռնել, գլխի՛ց»: Իսկ թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին: Հա՛, հանուն արդարության պետք է ասել, որ, այնունամենայնիվ, մեկին «գլխից բռնեցին»: Սուպերմարկետից մի քանի պեչենի թռցնողին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը