Քաղաքական

26.11.2016 15:35


ՀՀԿ–ն 21 հոգուց բաղկացած գործադիր մարմին ընտրեց. Վիգեն Սարգսյանին մոռացել էին

ՀՀԿ–ն 21 հոգուց բաղկացած գործադիր մարմին ընտրեց. Վիգեն Սարգսյանին մոռացել էին

Այսօր հրավիրված ՀՀԿ 16–րդ համագումարում ընտրվել է նոր գործադիր մարմին։ Անդամների թիվը 21 է, սակայն նախորդ կազմի համեմատ՝ կան փոփոխություններ։ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախ առաջարկել է նրանց ընտրել բաց քվեարկությամբ։

–Համաձա՞յն եք,–հարցրել է նա համագումարի պատվիրակներին, և երբ նրանք միաձայն դրական պատասխան են տվել, Սերժ Սարգսյանը նկատել է.

–Իհա՛րկե, ինչո՞ւ պետք է 4 ժամ ավելի մնաք։

Այնուհետև հնչեցրել է նոր գործադիր մարմնի կազմում ընդգրկված թեկնածուների անունները՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբեն Թադևոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան Վիլհելմի, Կարեն Կարապետյան Սարգսի, Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան։

Համագումարի պատվիրակները միաձայն հաստատել են այս կազմը, սակայն քիչ անց Սերժ Սարգսյանին հուշել են, որ 21–ի փոխարեն հնչեցվել է 20 հոգու անուն. պարզվել է, որ մոռացել էին Վիգեն Սարգսյանին։

ՀՀԿ գործադիր մարմնում նրան նույնպես ընդգրկելու հարցն առանձին է դրվել քվեարկության և կրկին միաձայն հաստատվել։

–Ոնց որ ավելի լավ ստացվեց, Վիգե՛ն. առանձին քվեարկեցինք,–ծիծաղելով նկատել է Սերժ Սարգսյանը։

Նաև նշել է՝ որոշակի փոփոխություններ կան նախորդ գործադիր մարմնի համեմատ, և այսպիսով իրենք լուծում են գործադիր մարմնի թարմացման, ավելի ճիշտ՝ կանանց մասնակցության ավելացման և երիտասարդների ընդգրկման խնդիրը։

–Հավաստիացնում եմ բոլորիդ, որ մենք աշխատելու ենք ավելի լավ. մենք այլ ճանապարհ չունենք,–ընդգծել է Սերժ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ մոտակա օրերին կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի առաջին նիստը, որի ժամանակ կձևավորվի ՀՀԿ խորհրդի կազմը։ Դրանից հետո կգումարվի ՀՀԿ խորհրդի անդրանիկ նիստը, և կընտրվեն ՀՀԿ նախագահի տեղակալներ, կձևավորվեն կուսակցության հանձնաժողովները, և կընտրվեն հանձնաժողովների նախագաները։

Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ ՀՀԿ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

–Հը–հ՜ը, ինչի՞ ես շտապում,–ծիծաղելով այսպես է արձագանքել Սերժ Սարգսյանը, երբ Արմեն Աշոտյանը հարցնելով, թե այլ թեկնածուների առաջարկներ չկա՞ն՝ միանգամից շտապել է հաստատել՝ չկա՛ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը