Լրահոս

Նոյեմբեր 28, 2016 16:14

«Սերժ Սարգսյանը միշտ էլ վերարտադրվելու համար մեխանիզմներ է փորձել ստեղծել»

«Սերժ Սարգսյանը միշտ էլ վերարտադրվելու համար մեխանիզմներ է փորձել ստեղծել»

«NewsBook»-ի զրուցակիցն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը.

–Պարո՛ն Հարությունյան, Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքն ուժեղացա՞վ, թե՝ ոչ:

–Կարեն Կարապետյանի դիրքը ոչ միայն չուժեղացավ, այլ ավելի թուլացավ, որովհետև նա ինչ-որ տեղ ազատության աստիճաններ կորցրեց: Եթե այն ժամանակ կարող էր իրեն ավելի ազատ պահել, հիմա ինքը որոշակիորեն շարքային ՀՀԿ-ական է՝ կապ չունի, թե ինչ կարգավիճակ կստանա: Նա դարձավ իրենցից մեկը: Բացի այդ, նշեմ, որ Կարեն Կարապետյանն այդ մասին ավելի շուտ գիտեր, մինչ կհայտարարեր Սերժ Սարգսյանը: Պայմանավորվածությունը եղել է, և չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը եկել էր մի քանի ամսով: Իսկ թե ինչու է հենց Կարեն Կարապետյանի վրա կանգ առել Սերժ Սարգսյանը, որովհետև Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի թիմից չէ: Նա ներսի մարդ չէ, նա թիմ չունի: Ինքը շատ ավելի թույլ կարգավիճակում է, քան օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը, որն, ամեն դեպքում, ազդեցություն ուներ ՀՀԿ-ում: Սերժ Սարգսյանը, բնականաբար, չէր թողնելու, որ Հովիկ Աբրահամյանը 2017-ին վարչապետ լինի, որովհետև պարզ չէր՝ 2018-ին ինքը կկարողանա հետ գալ, թե՝ ոչ: Եվ ուստի՝ արեց քայլը՝ բերելով Կարեն Կարապետյանին: Իր համար Կարեն Կարապետյանն անվտանգ է նաև իրավական տեսակետից՝ 2018 թվականից հետո չի կարող վարչապետ լինել, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում ՀՀ-ում մշտական բնակություն չի ունեցել: Բացի այդ, նաև թիմ չունի և չի կարող 2018-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնին հետ վերադառնալու առումով խոչընդոտներ ստեղծել: Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին քարտ բլանշ է տվել, բայց մինչև 2018 թվականը: Բայց, ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի վախերը դրանով չեն անցնում, ինքը հասկանում է, որ երբ հենվել է սրան-նրան դավաճանած մարդկանց վրա, այդ նույն մարդիկ կարող են հնարավորության դեպքում մեկ անգամ էլ իրեն դավաճանել: Ուղղակի այս պահին թույլ են ու վախեցած, բայց չի բացառվում, որ 2017-ին խորհրդարանում լինեն վերադասավորումներ, և Սերժ Սարգսյանը նույնիսկ հետ գալ չկարողանա: Ես հասկանում եմ, որ անելու են ամեն ինչ ու ազդելու են նաև մյուս կուսակցությունների ցուցակների վրա՝ այդ մարդիկ շատ հեշտ կարող են ծախվել: Ինքը նաև վախից այդ ելույթը ունեցավ. ես կանխատեսում եմ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հաջորդ համագումարին չի մասնակցի, ինչպես, օրինակ, Ստալինը չմասնակցեց 20-րդ համագումարին: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ հասարակության մեջ վստահություն չունի, գերտերությունները լուրջ չեն ընդունում, իսկ ներսում էլ անընդհատ վախենում է ու ոչ մեկին չի վստահում: Համագումարում ՀՀԿ-ականների 90 տոկոսը կիսաստրուկի կարգավիճակով էին նստած այնտեղ: Համագումարը նման էր կոմունիստական կուսակցությունների համագումարներին և ակնհայտ էր, որ նրանք վախեցած ու կռացած վիճակում էին: Այդ կռացած ու վախեցած մարդիկ միշտ կարող են մի օր հավաքվել,և, համենայն դեպս, ինքը խնդիրներ կունենա:

–Իսկ ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է, որ սա իշխանության ընդուման և հանձնման գործընթացի առաջին կետն էր:

–Սերժ Սարգսյանը միշտ էլ վերարտադրվելու համար մեխանիզմներ է փորձել ստեղծել: Իր պրոբլեմը 2018 թվականից հետո վարչապետի աթոռին նստելն է, դրա համար ինքը առաջին հերթին փոխեց Սահմանադրությունը: Բայց, ամեն դեպքում, այդ համակարգն այնպիսին է, որ բումերանգի պես կարող է հարվածել հենց նույն Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին՝ նկատի ունեմ ռեյտինգային քվեարկությունը: Եվ նա գտավ այն մարդուն, որի դեպքում կկարողանար ստեղծել ֆոն, թե նա Ռուսաստանի մարդն է: Սերժ Սարգսյանն այդ կերպարը ստեղծել է, որովհետև նա նպատակ ունի նաև կուլակաթափ անել օլիգարխներին, իսկ այդ դեպքում միշտ կարող է ասել՝ ես ի՞նչ անեմ՝ Կարեն Կարապետյանի մեջքին Ռուսաստանն է կանգնած, ես անզոր եմ: Բայց պարզ է, որ առանց Սերժ Սարգսյանի՝ Կարեն Կարապետյանը նման կտրուկ քայլերի չէր կարող գնալ: Բացի այդ, ես չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանն է Ռուսաստանի թեկնածուն: Ռուսաստանը այս պահին իր վրա այնքան վստահ է, որ չեմ կարծում, թե կցանկանար նշանակել Կարեն Կարապետյանին: Ռուսաստանի մարդ, եթե որպես այդպիսին ասենք, ապա կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը կամ գործարար Կարեն Կարապետյանը: Իսկ, ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանը ոչ մեկին չի ուզում իշխանությունը փոխանցել: Իրեն իշխանությունից դուրս չի պատկերացնում, որովհետև հասկանում է, որ աթոռը կորցնելուց մեկ րոպե հետո ինքը նույնիսկ հնարավոր է է՛լ ՀՀԿ-ի գրասենյակ չկարողանա մտնել: Նա հասկանում է, որ մեծ աշխարհում իր համար այն անկյունը չկա, որտեղ իրեն ապահով կզգա: Ի վերջո, Սերժ Սարգսյանի վրա են մարտի 1-ի 10 զոհերը, ապրիլյան զոհերը, այնպես որ ինքն այլ բան չի պատկերացնում: Սերժ Սարգսյանի կարծիքով՝ իր փրկությունն իշխանության մեջ մինչև վերջ մնալն է, բայց չեմ կարծում, թե 21-րդ դարում դա հնարավոր է:

–Ի՞ նչ եք կարծում՝ Կարեն Կարապետյանը կունենա՞ սեփական ֆրակցիան ՀՀԿ-ի ներսում:

–Չեմ կարծում: Կարող է՝ մի քանի հոգու թողնեն այդ ցուցակի մեջ մտնել, որոնք իր մարդկանցից կլինեն: Կարեն Կարապետյանը քաղաքական գործիչ չի եղել, և իր կաբինետից էլ երևում է, որ իր մարդիկ այն մարդիկ չեն, որոնք քաղաքականության մեջ են եղել: Այդ պատճառով նրա համար շատ դժվար է լինելու: Մի քանի հոգու հնարավոր է Սերժ Սարգսյանը քվոտաներ տա, բայց չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի համար սիրված կերպար է: Ուղղակի ՀՀԿ-ում, երբ մեծ մասը կիսավախեցած վիճակում են՝ հարստությունը, մանդատը կորցնելու համար են մտահոգված, դրա համար անում են այնպես, ինչպես ուզում է Սերժ Սարգսյանը: Բայց հոգու խորքում բոլորն էլ ատում են իրեն: Նաև հասկանում են, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով է հաշվեհարդար տեսնում նաև շատերի հետ:

–Հնարավոր համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը չլինի, և եթե անգամ ՀՀԿ-ն հաղթի 2017-ի ընտրություններում, բայց, այնուամենայնիվ, Կարեն Կարապետյանը չլինի վարչապետ:

–Շատ հնարավոր է: Սերժ Սարգսյանն ընդամենը Կարեն Կարապետյանի հետ կապված հայտարարեց, որ նա 2017 թվականից հետո վարչապետ է մնալու, որպեսզի այդ հարցը փակված համարեն և ինտրիգներ չառաջանան: Նա հասկանում է, որ շատերին է նեղացնում՝ թեկուզ Կարեն Կարապետյանի ձեռքով և հնարավոր էր, որ խմորումներ լինեին ու 2018-ի համար հավակնորդներ առաջանային: Դրա համար նա այդ հարցը փորձեց փակել: Բայց որ Սերժ Սարգսյանը պատրաստ է յուրաքանչյուրին քցել, դա ակնհայտ է՝ փորձն է այսպես ցույց տվել: Երբ պահը եկավ, զոհաբերեց Տիգրան Սարգսյանին, հետո՝ Հովիկ Աբրահամյանին զոհաբերեց: Ժամանակը ցույց կտա, բայց Կարեն Կարապետյանը ոչնչով չի տարբերվելու, և պահը եթե եկավ, Սերժ Սարգսյանը հանուն իշխանությունը պահելու՝ պատրաստ է նաև զոհաբերել Կարեն Կարապետյանին:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Կողոպուտ Մոսկվայում

Կողոպուտ Մոսկվայում

Մարտ 25, 2017 18:59 Հետախուզվողը հայտնաբերվեց։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը ԿԸՀ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը ԿԸՀ

Մարտ 25, 2017 18:30 ՀՀԿ–ի գրանցումը ուժը կորցրած ճանաչել։
Սամվել Բաբայանի փաստաբանը հակադարձում է ՀՀ գլխավոր դատախազությանը

Սամվել Բաբայանի փաստաբանը հակադարձում է ՀՀ գլխավոր դատախազությանը

Մարտ 25, 2017 18:15 Չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն:
Հրդեհ Գառնի համայնքում

Հրդեհ Գառնի համայնքում

Մարտ 25, 2017 16:27 Այրվել են բնակելի վագոն-տնակի փայտե կառուցատարրերը։
Կերտե՛նք մեր ուզած Հայաստանը

Կերտե՛նք մեր ուզած Հայաստանը

Մարտ 25, 2017 16:21 Ֆիլմ Սեյրան Օհանյանի մասին։
Կանխամտածված սնանկություն՝ հետևանքներով

Կանխամտածված սնանկություն՝ հետևանքներով

Մարտ 25, 2017 16:07 Բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Ս. Թորոսյանը։
Ավետիս Քալաշյան. «Սամվել Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է»

Ավետիս Քալաշյան. «Սամվել Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է»

Մարտ 25, 2017 16:00 Սամվել Բաբայան.«Եթե ինձ առաջադրել են ակնհայտ անհիմն մեղադրանքներ, ապա հետևությունը թողնում եմ մեր հանրությանը»:
Ղազախստանի հավաքականը մարզվել է Երևանում

Ղազախստանի հավաքականը մարզվել է Երևանում

Մարտ 25, 2017 14:58 Պատրաստվում են Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը։
Հյուսիսային Կորեան միջուկային հարձակմամբ է սպառնացել ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան միջուկային հարձակմամբ է սպառնացել ԱՄՆ-ին

Մարտ 25, 2017 14:35 «Անհապաղ դադարեցնել Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված զորավարժությունները»։
ԱՄՆ կոնգրեսական. «Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի»

ԱՄՆ կոնգրեսական. «Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի»

Մարտ 25, 2017 14:22 ԱՄՆ–ի համար շատ կարեւոր է մեկընդմիշտ վերջ դնել այս բանավեճին։
Վանաձորում կատարված սպանության հետքերով

Վանաձորում կատարված սպանության հետքերով

Մարտ 25, 2017 14:02 Նոր մանրամասներ։
Նոր մանրամասներ. ինչպես և ով է Էջմիածնում սպառնացել ՕՐՕ դաշինքի շտաբի անդամին

Նոր մանրամասներ. ինչպես և ով է Էջմիածնում սպառնացել ՕՐՕ դաշինքի շտաբի անդամին

Մարտ 25, 2017 13:25 Մինչև առավոտյան ժամը 5–ը շտաբի աշխատակիցները ցուցմունք են տվել։
Հերի՛ք է հանդուրժենք

Հերի՛ք է հանդուրժենք

Մարտ 25, 2017 13:17 Նախընտրական հոլովակ։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն Արմավիրի մարզում էր (տեսանյութ, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն Արմավիրի մարզում էր (տեսանյութ, լրացված)

Մարտ 25, 2017 11:50 Նախընտրական քարոզարշավի շրջանակներում։