Կարծիք

08.12.2016 15:37


Բիզնեսով զբաղվելը Հայաստանում յուրատեսակ հերոսություն է

Բիզնեսով զբաղվելը Հայաստանում յուրատեսակ հերոսություն է

ԱՎԾ-ն կրկին հիշեցրել է, թե որքան ծանր վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 453.68 մլն ԱՄՆ դոլար: Նախ՝ այս թիվն ամեն տարի մոտավորապես նույնն է լինում, այս մասով էական առաջընթաց չենք ունենում։ Եվ երկրորդ՝ արտահանման ընդհանուր ծավալի 81 տոկոսը կազմել է ընդամենը 4 ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ:

Այս փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը սպառում է ներքին ռեսուրսները՝ տարեցտարի նվազեցնելով զարգացման պոտենցիալը։ Փաստորեն, մենք չունենք մրցունակ արտադրանք, և իշխանությունները գործնականում ոչինչ չեն ձեռնարկում, որ ունենանք։ Իսկ կարո՞ղ է անել։ Իհարկե, կարող է։ Նրանց սիրած արդարացումն է, թե մենք շրջապատման մեջ ենք, պատերազմող երկիր ենք ու եսիմինչ։ Դատարկ խոսակցություններ են։ Շրջապատման մեջ լինեինք՝ արտահանում չէինք ունենա, պատերազմն էլ ինքնին արտադրությանը չի խանգարում։ Իսկ Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտահանվում է 20 ապրանքատեսակ։ Շատ չէ, բայց 4 էլ չէ։ Այսինքն, մենք այլ բան էլ կարող ենք աշխարհին առաջարկել՝ բացի հումքից։

Բայց հարկերն ու կոռուպցիան այնքան են ճնշում գործարարներին, որ բիզնեսով զբաղվելը Հայաստանում յուրատեսակ հերոսություն է։ Անվերջ կարելի է խոսել տնտեսական զարգացման, երկրի ներուժի, ՏՏ և ՓՄՁ ոլորտների զարգացման մասին․․․այն, որ հանրապետականները, դե, նրանց մի մասը, ճարտար խոսել գիտեն, գաղտնիք չէ, բայց այդպես խոսել շատերը գիտեն։ Ինչպես ասում են, որքան էլ ասես «տնտեսական զարգացում», դրանից տնտեսությունը չի զարգանա։ Հնարավոր չէ և՛ տնտեսություն զարգացնել, և՛ բավարարել Սերժ Սարգսյանի ու մնացածի ախորժակը։ Երկիրը թալանելով տնտեսությունը չի զարգանա։ Պետք է ընտրել՝ կա՛մ տնտեսական զարգացում, կա՛մ թալան։ Կյանքը և ԱՎԾ-ի թվերը ցույց են տալիս, որ իշխանություններն ընտրել են թալանը։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը