Լրահոս

09.12.2016 22:16


Մեղադրանք է առաջադրվել` դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու համար

Մեղադրանք է առաջադրվել` դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։

2016 թվականի նոյեմբերի 8-ին քաղաքացի Լիանա Եղիազարյանից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 18:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում` վերելակի մեջ, 2 անձինք հարձակվել են իր վրա, դանակի սպառնալիքով և բռնություն գործադրելով հափշտակել են իր ոսկյա վզնոցը` 2 ոսկյա խաչերի հետ միասին, և դրամապանակը, որի մեջ եղել է գումար և իր վարորդական իրավունքի վկայականը, ապա դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: Լ.Եղիազարյանը ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, մշակվել քննչական պլան։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Հստակեցվել է նրանցից յուրաքանչյուրի գործողությունների շրջանակը:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Երևան քաղաքի բնակիչներ 1996թ. ծնված Հ. Մելքոնյանին և 1986թ. ծնված Գ. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը