Լրահոս

09.12.2016 17:19


ԵՄ դեսպան․ «Ձեր արժանապատվությունն ու ապագան 10, անգամ 20 հազար դրամ չարժեն» (տեսանյութ)

ԵՄ դեսպան․ «Ձեր արժանապատվությունն ու ապագան 10, անգամ 20 հազար դրամ չարժեն» (տեսանյութ)

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իր ելույթում Պյոտր Սվիտալսկին առավելապես անդրադարձավ ընտրական գործընթացներին:

«Ձեր արժանապատվությունն ու ապագան 10, անգամ 20 հազար դրամ չարժեն»,-Ազատությունը հայտնում է, որ այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իր ուղերձում: Եվրոպացի դիվանագետի հակակոռուպցիոն ելույթի ծանրակշիռ մասը վերաբերում էր ընտրական գործընթացներին:

«Եկենք պատրանքներ չունենանք: Հաջորդ տարի Հայաստանին սպասում է կարևոր մարտահրավեր` ընտրություններ: Կարծում եմ` հայաստանցիների մեծ մասը հույս ունի, որ դրանք կանցկացվեն լավագույն միջազգային չափանիշների համաձայն: Մինչև այժմ Հայաստանում ընտրական գործընթացի տխուր կողմերից մեկը եղել է կոռուպցիան:

Ու ես շատ հույս ունեմ, որ ընտրություններին ընդառաջ՝ միասին կիրազեկենք հայաստանցիներին, որ ընտրական կոռուպցիայում ներգրավվելը, ընտրակաշառք վերցնելը, քվեն ու ապագան փոխանակելը մի փոքր, երբեմն՝ շատ ցանկալի գումարի հետ, երկրի ապագան կերտելու ճանապարհ չէ: Իրազեկենք մարդկանց, որ նրանց արժանապատվությունն ու ապագան չարժե վաճառել 10 կամ նույնիսկ 20 հազար դրամով, որ նրանց առաջարկում են իրենց քվեի դիմաց»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Սվիտալսկին:

Կոռուպցիայի դեմ պայքարում հիմնական խոչընդոտն, ըստ եվրոպացի դիվանագետի, իշխանությունների մերժողականությունն է ու հասարակության համակերպվելու հակումը: Դեսպանը հիշեցրեց, որ Եվրամիությունը միլիոնավոր եվրոների աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ այդ թվում Կոռուպցիայի դեմ պայքարի համար: Սվիտալսկին նաև քննադատություն հնչեցրեց Հայաստանի Կառավարության հասցեին:

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը՝ չնայած անցյալի հիասթափություններին: Թույլ տվեք բաց տեքստով ասել՝ 2015-ը լավ տարի չէր: Անկախ փորձագետները եկան այն եզրակացության, որ Կառավարության ստանձնած պարտավորությունների գրեթե կեսը իրականություն չի դարձել: Մենք չկարողացանք բաշխել խոստացված գումարը, քանի որ պայմանավորվածությունները բավարար չափով չկատարվեցին: Բայց մեծ հույս ունենք, որ 2016-ը փոփոխությունենրի տարի էր, իսկ որ 2017-ին ոչ միայն կլսենք նոր խոստումներ, այլ նաև կտեսնենք նոր փաստեր, առարկայական ապացույցներ»,- իր ելույթում ասաց Սվիտալսկին:

Նա իշխանություններին հորդորեց հաշվի նստել քաղհասարության բարձրաձայնած երբեմն անհարմար, տհաճ ճշմարտությունների հետ: Եվրամիության դեսպանը հիշատակեց կոռուպցիան վարչական օղակներում՝ դատարաններ, ոստիկանություն, դպրոցներ ու բուհեր: «Հայացք գցեք դեպի ձեր հյուսիսային հարևան վրացիներին: Այսօր նրանք ավելի լավ վիճակում են: Անգամ ավելի լավ, քան Եվրամիության անդամ շատ երկրներ: Նրանք ապացուցեցին, որ դա հնարավոր է»,- ասում էր Հայաստանում Եվրամիության դեսպանը՝ ելույթ ունենալով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ամենամյա միջոցառմանը: Հակակոռուպցիոն կենտրոնի հերթական հայտարարությունն արձանագրում է, որ կոռուպցիայի վիճակը վերջին տարիներին մնացել է նույնը՝ լճացում:

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը