Կարծիք

12.12.2016 16:15


Պրիմիտիվ գողության մեխանիկան

Պրիմիտիվ գողության մեխանիկան

Հիշում եք, չէ՞, որ պարոն Շարմազանովն ամպագոռգոռ հանրահաճո արտահայտություններ էր անում, թե բա՝ «ազգ-բանակի» 1000 դրամները գողանալը շանտղություն է։ Իսկ ինչի՞ ենք մենք ստիպված այդ 1000 դրամները մեր գրպանից կտրել ու տալ պետությանը։ Որովհետև բյուջեում փող չկա։ Իսկ ինչի՞ բյուջեում փող չկա։ «Պատերազմող երկիր ենք, շրջապատման մեջ ենք, ստվերային տնտեսություն ունենք» և նման հեքիաթներ։

Իրականում բյուջեում փող չկա, որովհետև պետական համակարգում տիրում է համատարած թալան և կոռուպցիա։ Եվ ահա այսպիսի մի բացահայտված դեպք, մեկ, բայց ոչ միակ։ Ուրեմն, ֆիննախը որոշել էր իր շենքի սրահը բնական ծաղիկներով զարդարել և, իբր, մրցույթ էր հայտարարել։ Մեզ բոլորիս հայտնի ծաղկի սրահներից մեկն էլ դիմել էր մրցույթին և առաջարկել աշխատանքը կատարել 1 մլն 200 հազար դրամով։ Բայց մրցույթին դիմել էր նաև ոմն Աշոտ Ազիզյան անհատը և այդ նույն աշխատանքը կատարելու համար պահանջել, ուշադրությո՛ւն, 4 մլն 80 հազար դրամ։

Պարզ է, չէ՞, որ ընտրութունն ակնհայտ է և այլընտրանք չունեցող։ Բայց դե, մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ իշխում է ՀՀԿ-ն։ Չգիտեմ, այդ հարգարժան պարոն Ազիզյանը ՀՀԿ-ին որ կողմից է բարեկամ, բայց պահանջելով ակնհայտ անմրցունակ գին՝ այդ մրցույթում հաղթել է հենց ինքը, և մենք ֆիննախի սրահի ձևավորման համար վճարել ենք 2 մլն 880 հազար դրամով ավելի, քան կարող էինք, եթե մրցույթն արդար անցկացվեր։

Եվ սա ամենևին էլ եզակի դեպք չէ։ Բա գիտեք՝ էդ որ պետական չինովնիկներն իրենց համար դղյակներ են կառուցում ու օֆշորային հաշիվներ բացում Պանամայում ու Կիպրոսում, այդ գումարները ո՞րտեղից են գոյանում։ Հիմնականում հենց այսպիսի սխեմայով է տեղի ունենում թալանը։ Արդյունքում էլ ունենք 30 տոկոս աղքատություն, բյուջեն էլ անընդհատ ճեղքեր է տալիս, պետությունն էլ պարոն Ազիզյանի ու նրա նմանների բարեկեցությունն ապահովելու համար անընդհատ պետական պարտքն է ավելացնում։

Հ․Գ․ Հետաքրքիր է, ինչպե՞ս կորակեր սա մեր կողմից ոչ այնքան սիրված պարոն Շարմազանովը։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը