Քաղաքական

13.12.2016 15:45


Վահե Հովհաննիսյան. «Դիրքերից ինֆորմացիա է գալիս զոհերի մասին, իսկ հանրային դեմքերն այդ նույն օրը քեֆեր են անում» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Դիրքերից ինֆորմացիա է գալիս զոհերի մասին, իսկ հանրային դեմքերն այդ նույն օրը քեֆեր են անում» (տեսանյութ)

–Կան կողմ տեսակետներ, կան դեմ տեսակետներ, և պետք չէ մտածել, որ նրանք, ովքեր դեմ են, նվազ մտահոգ են, նվազ հայրենասեր են կամ նվազ փաստարկված, և նույնը նրանց վերաբերյալ, ովքեր կողմ են, ինչը չի նշանակում, որ չեն սատարում թալանչիներին,–այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ԱԺ նիստի ժամանակ ասել է պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանը՝ խոսելով բանակի համար 1000 դրամ վճարելու օրինագծի մասին։

Պատգամավորի խոսքով՝ շատ ավելի ճիշտ կլիներ, որ այս հարցը քննարկվեր մի քանի քայլ անելուց հետո՝ բանակի բարեփոխումների շրջանակում, ինչը կնպաստեր, որ քննարկումն ընթանար ավելի կառուցողական, նվազ էմոցիոնալ և ավելի ճիշտ հունով։

–Ինձ հետաքրքրում է ևս մեկ հարց։ Եթե օրենքը մերժում ենք քվեարկությամբ, ստեղծում ենք հասարակական կարծիք ընդդեմ, ապա ի՞նչ ենք ստանում։ Ստանում ենք այն, ինչ ունենք՝ բազմաթիվ հարցեր, անապահովության երաշխիքների մեծ դեֆիցիտ,–ասել է Վահե Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հասարակության կարծիքին՝ նա նշել է, որ ամենևին էլ այնպես չէ, որ հասարակությունն օրուգիշեր կենտրոնացած է բանակի և Ղարաբաղի սահմանի հարցերի վրա։

–Դիրքերից ինֆորմացիա է գալիս զոհերի մասին, և հենց այդ նույն օրը պատգամավորները, նախարարները, մեծահարուստները, հանրային դեմքերը Երևանի ռեստորաններում քեֆեր են անում, կարծես այն հազարավոր կիլոմետրեր հեռու լինի։ Հասարակական կարծիքը ձևավորվում է հանրային մարդկանց վարքագծով։ Ես այն մտքին չեմ, որ հասարակությունը գիշեր–ցերեկ ապրում է բանակի հոգսով,–նշել է Հովհաննիսյանը։

Իսկ 1000 դրամները հավաքելու կամավոր և պարտադիր լինելու մասին ընդգծել է, որ մի երկրում, որտեղ չկան արհմիություններ, և աշխատողների իրավունքները խիստ անպաշտպան են, կամավորության սկզբունքը բերելու էր ավելի այլասերված հարաբերությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը