Մեկնաբանություն

20.12.2016 01:20


Ինչո՞ւ է նախարարը լայն բացել գրպանը

Ինչո՞ւ է նախարարը լայն բացել գրպանը

Եթե նախարարն իր «գրպանից» մոտ մեկ միլիոն դրամ է ծախսում գերատեսչական ասուլիս կազմակերպելու նպատակով, ապա մեր գլխում շատ սովորական հարց է ծնվում՝ «Իսկ քանի՞ միլիոն է տվել նախարարական աթոռի համար»:

Իսկապես, զարմանալի չէ՞, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով ընդամենը 100 օր է այդ պաշտոնում, տարվա ամփոփիչ ասուլիսն (ճոխ ֆուրշետն էլ հետը) անցկացնում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ամենաշքեղ սրահներից մեկում: Իսկ երբ հետաքրքրվում են, թե ի՞նչ միջոցների հաշվին է վարձակալել սրահը և կազմակերպել նման հյուրասիրություն, Մարտիրոսյանը պատասխանում է, որ սրահը վարձակալել է անձնական միջոցներով, հյուրասիրությունը՝ նույնպես: Եվ այդ ամենի վրա ծախսել է 880 հազար դրամ: Ա՛յ, քեզ զարմանալի բան: Չգիտես՝ մարդը պետական կառավարման համակարգո՞ւմ է աշխատում, թե՞ այդ նախարարությունն իր բիզնեսն է, որը «զարգացնելու» համար պատրաստ է անձնական ներդրումներ անել (տվյալ դեպքում՝ ոչինչ չասող ասուլիս ու բանկետ):

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Մարտիրոսյանը լայն բացել գրպանը և պաշտոնեական պարտականություններին խառնել «սեփական ոչխարները»: Ո՞ւմ է զարմացնում և ինչո՞ւ: Երբ իր տնօրինած ոլորտում գործերն առանձնապես լավ չեն: Գուցե այդ շքեղության տակ փորձել է քողարկել այն խոստումները, որոնք Սերժ Սարգսյանը տվել է դեռևս 8 տարի առաջ, սակայն մինչ օրս դրանք չեն իրականացվել: Ինչպես, օրինակ այս մեկը. «առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»,- 2008-ին խոստանում էր ՀՀԿ ղեկավարը: 8 տարի անց ոչ այդ երկաթուղին կա, ոչ էլ նրա տված բազում խոստումներ են կատարվել:

Իսկ նախարար Մարտիրոսյանը շքեղ սրահում նստած, լրագրողներին հավաքել է գլխին ու չի կարողանում մի հոդաբաշխ նախադասություն ասել, որից կարելի լիներ հասկանալ, թե ինչո՞ւ չի կառուցվել երկաթուղին: Ավելի ճիշտ՝ Մարտիրոսյանն էլ մեղք չունի, ով ասուլիսում հայտնվել էր հայտնի ֆիլմի հերոսի դերում և կոնկրետ հարցին չգիտեր՝ ինչ պատասխանել: «Որ իմանամ ինչ ասեմ՝ կասեմ, բայց որ չգիտեմ՝ ինչ ասեմ, ո՞նց ասեմ»: Ա՛յ, այսպիսին էր չկառուցված երկաթգծին վերաբերող հարցին նրա պատասխանը:

Մարդն անտեղյակ է, բայց պատրաստ է 880 հազար դրամ ծախսել սեփական գրպանից: Դե, ոչինչ, կորած տեղ չի, հետո պետբյուջեի շնորհիվ իր «դատարկված» գրպանը կլրացնի: Կարևորը ասուլիսը «ճոխ, տոնական ու շշմելու» ստացվեց:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը