Կարծիք

21.12.2016 11:39


Տարածքային կորուստների և զոհերի կոնտեքստում Սերժ Սարգսյանի անունը չեն տալիս

Տարածքային կորուստների և զոհերի կոնտեքստում Սերժ Սարգսյանի անունը չեն տալիս

Այն բանից հետո, երբ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ մուտք է գործում քաղաքական դաշտ և ակտիվ մասնակցություն է ունենալու գալիք խորհրդարանական ընտրություններին, պարզ էր, որ իշխանությունը չէր կարող այս իրադարձության կողքով անտարբեր անցնել:

Բայց, ամենայն հավանականությամբ, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են իշխանական քարոզի համար, կամ թաքնված ընդդիմադիր են ու պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի Սերժ Սարգսյանի դիրքերը խարխլվեն, կամ էլ ուղղակի տարրական ֆայմի հետ խնդիրներ ունեն:

Դատեք ինքներդ, Սեյրան Օհանյանի դեմ իշխանությունն աշխատացնում է այն թեզը, որ ապրիլյան պատերազմում հայկական կողմի թերությունների, տարածքային կորստի և մարդկային կորուստների պատասխանատուն Սեյրան Օհանյանն է, և դա ասում է չգիտես՝ ինչպես Ազատամարտիկների դաշինքում հայտնված Սուրեն Սարգսյանը:

Հետաքրքիրն այն է, որ նա և իշխանության հետ դաշինք կազմած այլ մարդիկ տարածքային կորուստների և զոհերի կոնտեքստում Սերժ Սարգսյանի անունը չեն տալիս: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը չէ գերագույն գլխավոր հրամանատարը, և նա չէ, որ առաջին հերթին պետք է պատասխանատվություն կրի մարդկային և տարածքային կորուստների համար:

Չնայած, ի՞նչ սպասել մի մարդու քարոզիչներից, ով խոսելով տարածքային կորուստների մասին՝ ասում է՝ թե ձեզ հող է պետք, գնացեք վերցրեք:

Ինչևէ, ամփոփեմ, Սերժ Սարգսյանը լավ կանի՝ առհասարակ չխոսի ապրիլյան պատերազմի մասին, իր քարոզիչներին էլ հրահանգի՝ այդ թեմային առհասարակ չանդրադառնան: Բոլորն էլ գիտեն, որ բանակին ուղղված գումարների մսխման, տարածքային և մարդկային կորուստների, 80-ականների զենքերով կռվելու թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Եւ նրա իսկ շահերից չի բխում, որ այս ամենն ավելի մանրամասնորեն բացահայտվի:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը